Արցախը և նրա հոգևոր դերը

Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգն էր՝ դեռ միջնադարից հայկական գրչության կենտրոններից մեկը: Նաև հայոց ամենապաշտպանված շրջաններից, որը, շնորհիվ իր անտառախիտ լեռների ու ձորերի, պատմիչների կողմից կոչվել է նաև Ամուր: Քչերը գիտեն, որ Արցախի առաջին դպրոցը հիմնել է դեռևս Մեսրոպ Մաշտոցը՝ Ամարասում:

11-12-րդ դարերում Արցախ աշխարհում է կենտրոնանում հայկական ձեռագրերի ստեղծման և կրկնօրինակման գործը: Բոլոր վանքերը գրչության դպրոցներ ունեին՝ Գանձասարը, Խադավանքը, Դադիվանքը, Գտչավանքը, Գանձակը և այլն: Արցախի վանականները լծված էին հոգևոր և պատմագրական մատյանների գրության, կրկնօրինակման և ծաղկման գործին: Արցախում ապրում էին վարպետ մանրանկարիչներ, գիտակ պատամագիրներ, հոգևոր մեկնիչներ:

«Արցախ» անվան ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ: Հնարավոր է՝ այն կազմված է «ար» և «ցախ» արմատներից և նշանակում է ցախ արարող, ցախ պարգևող: Սակայն արցախյան բարբառում կա նաև «արց» (արցիլ) գոյականը. այդպես են կոչվում գործվածքի ծայրերի՝ դեռ չհյուսված թելերը: Այնպես որ անհավանական չի թվում նաև այն, որ Արցախ անունն առաջացել է հենց այս բառից՝ նկատի ունենալով հայ կանանց սերը ձեռագործի նկատմամբ:

1820-ական թվականներից ողջ Արևելյան Հայաստանի և, ատհասարակ, կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը դարձավ Շուշի քաղաքը: Այստեղ գործում էր մեծ գրադարան-ընթերցարան, որ հայ մամուլը համեմատել էր իսկական թանգարանի հետ: Գրադարանը ստանում էր գրականություն և մամուլ հայերեն ու ռուսերեն լեզուներով։ Սակայն Շուշիում գործում էին այլ գրադարաններ ևս, որոնք դարձյալ հարուստ էին արժեքավոր գրականությամբ:

Իսկ 1887 թ. Դադյան եղբայրները բացել են նաև կազմատուն, որտեղ իրենց ստեղծագործական տաղանդով փայլել են հայ կազմարարները՝ ստեղծելով արվեստի իսկական նմուշներ՝ նախշագեղ զարդերով ու ծաղկադրոշմներով: Գրքի հանդեպ այսպիսի վերաբերմունքը խոսում էր այն մասին, թե որքան ակնածանքով ու երկյուղով էին մեր նախնիները վերաբերում հոգևոր գրականությանն ու աստվածապաշտությանը:

1881 թվականին Շուշիում բացվեց «Միրզաջան Մահտեսի Հակոբեանի տպարանը», որ 25 տարիների անընդմեջ հրատարակեց մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դասագրքեր, թերթեր ու ամսագրեր:

Քաղաքում գործել են բազում կրթօջախներ՝ Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը, Շուշիի ռեալական վարժարանը, Մարիամյան օրիորդաց վարժարանը և այլն:

Ահա այսպես՝ Արցախը մշտապես նման կարևոր պատմական տեղ և դեր է ունեցել հայոց կյանքում:

Հավանեցի՞ր. տարածիր