Վարսենիկ Մանուկյան
Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց
5-րդ դասարան
Ես հայ եմ, իմ մայրենի լեզուն հայերենն է, իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Ես ծնվել և ապրում եմ Հայաստանի մի տաքուկ անկյունում՝ Արագածի հայացքի տակ թաքնված, աշխարհին մի նեղ ճանապարհով միացող Սառնաղբյուր գյուղում, որտեղ էլ դպրոց եմ հաճախում:
Դպրոցում, բացի հայերենից, ես անցնում եմ նաև ռուսերեն, անգլերեն: Շատ լեզուներ գոյություն ունեն՝ ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն և այլն, և այլն, բայց աշխարհի ամենալավ լեզուն հեքիաթերենն է: Հեքիաթերենը ամենապարզ ու մատչելի լեզուն է և՛ երեխաների, և ՛ մեծերի համար:
Երբ շատ փոքր էի ու կարդալ չգիտեի, մայրս ինձ հեքիաթներ էր պատմում: Ես ունեի իմ սիրած հեքիաթները:
Երբեմն նա ինքն էր հորինում հեքիաթներ, որոնց հերոսները շատ նման էին ինձ: Մայրս հեքիաթները հարմարեցնում էր իր այդ պահի նպատակին ու պատմում խորհրդավոր, իսկ ես ուրախանում էի, որ հերոսները շատ նման էին ինձ: Միայն վատն այն էր, որ եթե այդ օրը ես ինչ-որ վատ բան էի արել, հեքիաթն էլ այդ մասին էր պատմում, և վախեցած ապասում էի, թե ինչպես են պատժելու հերոսին, հարցնում էի տալիս մայրիկին՝ պատիժը հո շատ խիստ չի՞ լինելու, բայց ամեն ինչ միշտ բարի ավարտ էր ունենում։
Հեքիաթի հերոսը շատ դժվարությունների էր հանդիպում, բայց հասկանում էր իր կատարած սխալը, ափսոսում էր, որ չէր լսել մայրիկին կամ տատիկին, ու բոլորն էլ վերջում ապրում էին խաղաղ ու երջանիկ:
Հիմա ինքս էլ սովորել եմ խոսել հեքիաթերեն: Ես արդեն մեծ եմ, մեծ եմ այնքան, որ տարբերում եմ վատը լավից, տխրությունը՝ ուրախությունից, լացը ծիծաղից ու հիմա Ձեզ պատմելու եմ մի հեքիաթերեն պատմություն:
Մեծ աշխարհի մի փոքրիկ գյուղում մարդիկ ապրում էին հաշտ ու խաղաղ: Ամեն ոք զբաղվում էր իր գործով, շատերն էլ մեկնում էին օտար աշխարհ՝ մի կտոր հաց վաստակելու: Ամեն ինչ լավ էր կամ գուցե մեզ՝ երեխաներիս էր այդպես թվում:
Բայց չար դև բոլոր հեքիաթներում էլ կա ու այդ չար դևը աշխարհում միանգամից տարածված Covid-19-ն էր, որ անսպասելի հայտնվեց նաև մեր գյուղում: Պաշտպանվեցինք, բայց ամբողջ օրը տանը մնալ չէինք կարող, իսկ մարդիկ մեկը մյուսի հետևից սկսեցին հիվանդանալ: Ամենածանրը երեխաների վիճակն էր, որովհետև փողոց դուրս գալ և միասին խաղալ, անգամ դպրոց գնալ չէինք կարող:
Հետո իմացանք, որ պատերազմ է սկսվել մեր գյուղի դեմ: Հարևան գյուղացիները հարձակվել են մեր գյուղի վրա և ուզում են, որ մեր արոտավայրերը, տների ու հողատարածքների մի մասը տանք իրենց:
Գյուղացիները զայրանում են, որոշում մի լավ դաս տալ հարևաններին:
Կռիվ է սկսվում երկու գյուղերի միջև, որի պատճառով զհովում են շատ մարդիկ, և որոշում են կռիվը դադարեցնել, թեկուզ իրենց դաշտերի, արոտավայրերի տների ու այգիների մի մասը տան հարևաններին: Պատերազմը խլեց շատ երիտասարդ կյանքեր: Շատ երեխաներ որբացան:
Անցնում են տարիներ: Վիրավորված գյուղացիները հանգիստ չունեին, աշխատում էին, ստեղծում, բայց չէին մոռանում իրենց զոհերին:
Փոքրիկ տղան կորցրել էր հորը, և ամեն օր սպասում էր նրա վերադարձին․ նա չէր հասկանում՝ ինչ է պատերազմը:
Մի օր էլ տղան հարցնում է մորը, թե ինչու է նա անվերջ լաց լինում, ինչու հայրիկը տուն չի գալիս: Մայրը պատմում է ճշմարտությունը: Տղան իմանում է, որ հայրը զոհվել է, հերոսացել այդ կռվում: Նրա մասին պատմում են գյուղացիները և պատմելու են նրանց սերունդները:
Դառնացած տղան լաց է լինում, բայց հետո լսում է բակում խաղացող երեխաների ուրախ աղմուկը ու վազում է դուրս:
Անցնում են օրեր, տղան հարցնում է մորը.
– Մայրի¢կ, կարո՞ղ ես մի հեքիաթ պատմել, որտեղ չարը չի պատժվում:
– Այդպիսի հեքիաթ չգիտեմ, տղա՛ս, չարը հեքիաթներում միշտ էլ պատժվում է․ այդպես է արդար․ չարն իրավունք չունի հաղթելու:
-Մայրի՛կ, իրական կյանքում էլ չարը կպատժվի: Ես քո պատմած հեքիաթներից սովորել եմ, որ չարը չարություն է անում, ցավ պատճառում, բայց երբեք չի հաղթում, որովհետև արժանի չէ հաղթանակի: Հաղթում է միայն բարին:
Իմ սովորած նոր լեզուն՝ հեքիաթերենը, ամենազորավորն է: Մենք այսուհետև ապրելու ենք հեքիաթերեն մտածելով ու խոսելով: Ժամանակը հզորացնելու է մեզ: Մենք ապրելու ու հաղթելու ենք չարին: Իմ հեքիաթը չի ավարտվել: Ես միայն իմ գյուղի ցավի մասին եմ պատմել, իսկ ավարտը սա է․ գյուղացիները հավաքվեցին, միավորվեցին, նորից հզորացան, պատժեցին չար հարևաններին ու դրանից հետո ապրեցին հաշտ ու խաղաղ:
Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը՝ կռվողներին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ շարադրությունս ստուգող ժյուրիի անդամներին: