Դավիթ Քերականը կամ՝ առաջին հայկական լեզվաբանական աշխատության մասին

Հնագույն ժամանակների ամենահռչակավոր քերականը (այսօրվա լեզվով՝ լեզվաբանը) հույն մտածող Դիոնիսիոս Թրակացին էր (Ք․ ա․ 2-րդ դար)։ Նրա «Քերականական արվեստ» աշխատությունն իր ժամանակի բոլոր լեզվաբանական գիտելիքների ամփոփումն էր, ալեքսանդրյան դպրոցի քերականագիտական նվաճումների ամենաամբողջական և համակարգված շարադրանքը։

Այս աշխատությունը թարգմանվել է իր ժամանակի շատ լեզուներով, այդ թվում և հայերեն։ Մինչև 13-րդ դար այն անփոխարինելի դասագիրք է եղել բազմաթիվ համալսարաններում։

Հայ քերականները, սակայն, թարգմանելով և մեկնելով այդ կարևոր գիտական երկը, մշտապես համադրել են այն մեր լեզվի կառուցվածքի հետ, կատարել լրացումներ, հավելել իրենց մեկնությունը։

Այդպիսի անուններից է Դավիթ Քերականը (5-6-րդ դդ․)։ Պետք է ասել, որ նրա «Մեկնություն քերականին» աշխատությունն իր բնույթով առավել ռացիոնալ է, քան Դիոնիսիոս Թրակացու երկը, որտեղ հաճախ գերակշռում է վերացական-փիլիսոփայական մոտեցումը։

Դավիթ Քերականը տարբերակել է բաղաձայն և ձայնավոր հնչյունները, առաջարկել բառերի ստուգաբանության մի քանի եղանակ։ Նա տարանջատել է բառը բանից (խոսքից, նախադասությունից)՝ նշելով, որ վերջինս ավելի լայն իմաստային տիրույթ ունի։ Այդպիսով հեղինակը, ըստ էության, արդեն իսկ սահմանել է, որ նախադասությունը միտք է արտահայտում, իսկ բառը՝ իրականության մեկ տարր միայն։

Հաշվի առնելով, որ լեզվի նպատակը խոսքի կառուցումն է, այսինքն հաղորդակցման ապահովումը՝ Դավիթ Քերականը քերականությունը համարել է քերթողական արվեստի բաղադրիչ, իսկ այդ արվեստը նա բաժանել է երեք տեսակի՝ չար, միջակ և բարի։ Գիտնականը նկատի է ունեցել, որ գեղարվեստական ստեղծագործությունը ոչ միայն լեզվաոճական առանձնահատկություններ ունի, այլև ներգործական։ Բարի արվեստի մեջ, օրինակ, քերականը ներառել է հոգևոր երգերը, իսկ չար է համարել կուռքերին նվիրված ստեղծագործությունները, զանազան ունայն վայելքներ գովերգող գրվածքները։

Հավանեցի՞ր. տարածիր