Մարդկանց միշտ էլ գրավում են տարատեսակ հանելուկներն ու անլուծելի թվացող գլուխկոտրուկները։ Իսկ որտե՞ղ կարելի է դրանցից գտնել։ Դե իհարկե, դետեկտիվ պատմություններում։
Դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը համարվում է Էդգար Ալան Պոյի՝ 1841թ․ լույս տեսած «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը։ Դետեկտիվի մասնագիտությունն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ էր ի հայտ եկել, և Պոն, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել է Ֆրանսուա Էժեն Վիդոկի հուշագրություններից, որ 1817թ․ Փարիզում հիմնել էր խուզարկուական առաջին մասնավոր գործակալությունը։ Պոյի կերտած կերպարը՝ ֆրանսիացի Օգյուստ Դյուպենը, հետագայում հայտնվում է ևս երկու պատմվածքում։
Սակայն դետեկտիվի կերպարը նոր աստիճանի բարձրացրեց սըր Արթուր Քոնան Դոյլը Շերլոք Հոլմսի և նրա ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ուոթսոնի արկածների մասին պատմող իր պատմվածքներում ու վիպակներում։ Լեգենդար խուզարկուին առաջին անգամ հանդիպում ենք «Արնագույն գործը» վիպակում, որտեղ ծանոթանում ենք նաև նրա գլխավոր՝ դեդուկցիայի մեթոդի սկզբունքներին։ Սակայն Քոնան Դոյլի հաջողություններն սկսվեցին նրա երկրորդ՝ «Չորսի նշանը» վիպակի լույսընծայումից հետո, որի չափազանց հետաքրքրաշարժ սյուժեն գրավեց բրիտանացի բծախնդիր ընթերցողին։ Հետագայում նիհար, սուր դեմքով, ինչպես ինքն էր նշում, իր տեսակի մեջ միակ խորհրդատու-խուզարկուն դարձավ դետեկտիվի պատմության ամենաերկարակյաց կերպարը՝ հայտնվելով շուրջ 60 պատմվածքներում ու վիպակներում, ինչպես նաև ավելի քան 250 անգամ՝ տարբեր էկրանավորումներում ( այս ցուցանիշով Հոլմսն ամենաշատ էկրանավորված գրական կերպարն է):
Դետեկտիվ պատմություններին նոր շունչ բերեց Ագաթա Քրիստին՝ իր խելահեղ ու անկանխատեսելի սյուժեներով։ Բելգիացի էքսցենտրիկ դետեկտիվ Էրքյուլ Պուարոյին առաջին անգամ հանդիպում ենք 1920 թ․ լույս տեսած «Առեղծվածային պատահար Սթայլզում» վեպում։ Դետեկտիվի թագուհու հռչակը, սակայն, եկավ 1926 թ․ հրատարակված «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպով, որի նորարարական վերջաբանը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց քննադատների շրջանում, բայց սիրվեց ընթերցողների կողմից։ Քրիստիի բնորոշմամբ իր ստեղծագործություններից ամենադժվար գրվածը՝ «Եվ ոչ ոք չմնաց» վեպը, ավելի քան 100 միլիոն տպաքանակով համարվում է ամենավաճառված գիրքը դետեկտիվ ժանրում։ Հայտնի են նաև «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»», «Մահ Նեղոսի վրա», «Սպանություններ այբբենական կարգով» և այլ ստեղծագործություններ։
Դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից է նաև Ժորժ Սիմենոնը, որ համարվում է 20-րդ դարում ամենաշատ ստեղծագործություններ տպագրած հեղինակը։ Նրա կերտած հերոսներից ամենահայտնին՝ ֆրանսիացի դետեկտիվ կոմիսար Մեգրեն, հայտնվում է 75 վեպերում և 28 կարճ պատմություններում։ Առեղծվածային հանցագործությունների ու դրանք բացահայտող հանճարեղ խուզարկուների մասին պատմող դետեկտիվ պատմություններն այսօր էլ շարունակում են գրավել միլիոնավոր ընթերցողների սրտերն ամբողջ աշխարհում։