Համոզված եմ, այս երկրի անունը լսելիս պատկերացնում ես անսահման մեծ անապատ, ուղտերի քարավաններ, բուրգեր…
Եվ այսպես, մենք Աֆրիկայում ենք:
Պատկերացրու, թե ինքնաթիռը վայրէջք է կատարում մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանում: Անգամ գիշերը մայրաքաղաքի փողոցները լի են հազարավոր մեքենաներով, և նույնիսկ ուշ ժամերին փողոցներում խցանումներ են լինում: Եգիպտոսով է հոսում աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը:
Հանրահայտ է Եգիպտական թանգարանը, Կահիրեի շուկան. այստեղ հնարավոր է գտնել այն ամենը, ինչ կցանկանաս: Իսկ շուկայի կենտրոնում մի գեղեցիկ կառույց կա, որտեղ միշտ համերգներ են լինում: Հեծանվով հաց վաճառողը գլխին դրած մեծ զամբյուղի մեջ մոտ հինգ հարյուր հաց է տանում: Տեսնես հազարավոր մարդկանց ու մեքենաների քաոսի մեջ ինչպե՞ս է կարողանում պահել հավասարակշռությունը:
Պակաս հռչակ չունի Գիզա քաղաքը, որտեղից երևում են մեծ ու փոքր բուրգերը: Դու գիտե՞ս, թե ինչ է բուրգը: Այս շինություն կառուցելը չափազանց բարդ է: Իսկ դրանք մարդիկ կառուցել են հազարամյակներ առաջ, երբ դեռ գիտությունն այսքան զարգացած չէր: Հենց դրա համար էլ եգիպտական բուրգերը համարվում են աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Եգպտոսում շատ են ուղտերը, որոնք անապատում տեղաշարժվելու միակ միջոցն են: Հենց դրա համար էլ նրանց «անապատի նավ» են կոչում:
Ճամփորդության ընթացքում պարզ է դառնում, թե ինչու են անապատում ապրող մարդիկ գլխաշոր կապում, ծածկում մարմինն ու դեմքը. այստեղ քամին շատ ամենուր է, ավազը՝ շարժուն, արևը՝ շատ մոտ…
Եգիպտոսում կան և՛ հազարամյակների պատմություն ունեցող բուրգեր, և՛ ժամանակակից ու նորաձև շինություններ: Ահա այսպիսի հակադրություն: