Եղջերուներ

Եղջերուները երկկճղակավոր կաթնասուններ են: Ամենախոշոր տեսակը որմզդեղն է, որը պատկանում է իսկական եղջերուների ենթաընտանիքին: Այդ խմբից են նաև մշկայծյամը, բծավոր եղջերուն, եղնիկը, կովկասյան ազնվացեղ եղջերուն, որին հայերը կոչում են մարալ: Իսկ ընդհանրապես հայտնի է այս կենդանիների ավելի քան 40 տեսակ՝ տարածված Եվրասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ամերիկայում: Մեր հայրենի անտառներում ապրում են այծյամներ, մարալներ և բծավոր եղջերուներ:

Կովկասյան ազնվացեղ եղջերուն 1970 թ. վարժեցվել է Հայաստանի կլիմային և այժմ պաշտպանված ապրում է «Դիլիջան» ազգային պարկում:

Եղջերուներն ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու ճկուն ականջներ: Արուները (իսկ հյուսիսային եղջերուների շրջանում՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով:

Եղջերուները հիմանակնում շիկակարմիր են կամ գորշ, մատղաշները՝ բծավոր: Ապրում են փոքր խմբերով: Իսկ հյուսիսային եղջերուները ցուրտ եղանակին մեծ հոտեր են կազմում և կտրում հարյուրավոր կիլոմետրեր:

Այս կենդանիները խոտակեր են, սնվում են նաև մամուռներով ու քարաքոսերով: Ձմռանը նրանք փորում են գետինը և սնունդը հանում ձյան տակից:

Հյուսիսային եղջերուների մազաթելերի հաստ միջուկը լցված է օդով, որը նրանց պաշտպանում է ցրտից: Եվ քանի որ մազաթելերի միջուկը օդով է լի, այս կենդանիները հեշտությամբ լողում են՝ փախչելով գիշատիչներից:

Ի դեպ, հյուսիսային ժողովուրդների շրջանում եղջերուները վարժեցվում են և որպես ընտանի կենդանի՝ փոխարինում ոչխարին, կովին և անգամ ձիուն:

Հավանեցի՞ր. տարածիր