Երազներով ապրող ոզնին

Հասմիկ Աջամյան

մանկագիր

Մի ոզնի կար: Նա շատ էր սիրում երազել: Գիշերները նա իր սուր-սուր փշերի տակից դուրս էր հանում պսպղուն քիթիկը ու հոտոտում էր շուրջը: Լուսնի շողերը այնպես էին դուր եկել նրան, որ ոզնին որոշել էր դրանք ունենալ մեջքին` փշերին առած: Ինչքա՜ն էր չարչարվել` ասեղների կծիկ դարձած գլորվելով լուսնի շողերի վրայով: Բայց մեկ է, նրանք փշերին չէին կպչում: Իսկ ոզնին ո՜նց էր երազում ունենալ այդ լուսե ասեղները: Նա ամեն գիշեր դուրս էր գալիս իր բնից`հավատալով, որ մի օր իրականություն կդառնա իր երազանքը:

Գիշերները այնքան շատ ման եկավ ու երազեց, որ նրա համար սովորական բան դարձավ ցերեկային քունը: Նա որոշել էր, որ միայն լուսնի շողերի վրայով պիտի գլորվի: Բայց, ա՜յ քեզ բան, լուսնի շողերն ընկնում էին հատապտուղների վրա, տերևների վրա, գետնին ընկած պտուղներին: Սա ի՞նչ հրաշք էր: Ոզնին, գլորվելով  տերևների վրայով, հատապտուղների վրայով, սնկերի վրայով, դրանք հավաքում էր մեջքի սուր-սուր փշերին.. Ու հետո այս ամենը իր բույնը տանելով` մի լավ ճաշում էր: Գիշերները մեկ-մեկ էլ նա մկներ էր բռնում․․․ սովորության համաձայն:

Երազանքով չեն կշտանում, բայց ոզնին երազանքի արծաթե ասեղներն ունենալու մտքից չէր հրաժարվում: Նրա փշերը նույնիսկ տեղ-տեղ արծաթե երանգ էին ստացել: Իր երազանքը իրականություն դարձնելու ցանկությունից ոզնին ամեն գիշեր գլորվում էր լուսնի շողերի ետևից: Իսկ արդյունքում պաշար էր հավաքում․ և՛ ինքն էր կշտանում, և՛ իր ձագերն էին կուշտ լինում: Նրան ոչ ոք չէր արգելում երազել:

Իսկ նա ապրում էր իր երազներով…

Հավանեցի՞ր. տարածիր