Մարդը միշտ էլ երազել է թռչել: Նայել է երկնքում ազատ ճախրող թռչուններին ու երազել թռիչքի մասին: Կարելի է ասել, որ թռիչքի երազանքն առաջինը իրականացրել են հին չինացիները մոտավորապես 2500 տարի առաջ, երբ օդում ճախրեց նրանց պատրաստած օդապարուկը:
Դրանից հետո եկավ աերոպլանի, այսինքն՝ ինքնաթիռի ժամանակը: Ամերիկացի երկու եղբայր համարձակվեցին օդ բարձրանալ փայտե ինքնաթիռով, որը հասավ մինչև 125 մետր բարձրության: Ա՜յ դա հաղթանակ էր: Ա՜յ դա արդեն թռիչքի էր նման:
Ահա թե որքան երկար ճանապարհ անցավ մարդը թռչելու համար:
Լեոնարդո դա Վինչին էլ էր երազում թռչել. նա զանազան թռչող սարքեր հորինեց, բայց մարդիկ այն ժամանակ հեգնեցին նրան: Թռչելուն դեռ պատրաստ չէին: Մի քանի հարյուր տարի պիտի անցներ, մինչև մարդը թռիչքի գաղտնիքը բացահայտեր:
Օդապարիկն էլ ստեղծվեց, բայց սա նույնպես լիարժեք թռիչք չէր մարդու համար: Հետո ծնվեց առաջին դիրիժաբլը:
Այնուհետև սկսվեց օդային ռեկորդների ժամանակը: Երկինքը լցվեց ինքնաթիռներով, և ամեն նոր օրը նոր ռեկորդ էր բերում, քանի որ թռչել երազող համարձակները շատ էին: Ինքնաթիռները մեկ- կամ երկտեղանոց էին: Մեկ կամ երկու օդաչու միասին կտրում էին ծով, հետո՝ օվկիանոս, մայրցամաքից մայրցամաք էին թռչում՝ օր օրի նոր հաջողություններ գրանցելով: Մի օր էլ հասան Հյուսիսային բևեռ:
Հիմա օդապարիկով մարդիկ թռչում են զվարճանալու համար: Տարիներ առաջ մի համարձակ ու երազող մարդ օդապարիկով Երկրի շուրջը առանց կանգառի ճամփորդություն իրականացրեց: Ինչպիսի՜ խենթություն…
Տեսնես հետո՞ ինչ կստեղծվի: Գուցե ժամանակն է ստեղծելու մի սարք, որով ամեն սովորական մարդ՝ մեծ թե երեխա, իր ուզած պահին հեշտությամբ կիրականացնի թռչելու իր երազանքը: Պատկերացրու՝ ի՜նչ լավ կլինի, եթե ամեն մեկս ունենա իր անձնական հեշտ կառավարվող թռչող սարքը, տնից դուրս գա, նստի ու թռչի, ուր սիրտն ուզի. մի վայրկյանում հասնի դպրոց կամ հարևան փողոց, թեկուզ հարևան երկիր՝ իր հարազատներին ու ընկերներին այցելության: