Հասմիկ Գալստյան
Գավառի թիվ 5 հիմնական դպրոց
4-րդ դասարան
Աշխարհի բոլոր մարդիկ ունեն բազմաթիվ առիթներ ու պատճառներ իրենց երջանիկ համարելու, սակայն քչերն են, որ ունեն այդ երջանկությունը գնահատելու և գիտակցելու իմաստությունը: Այս խոսքերի իրական իմաստը ես առաջին անգամ հասկացա, երբ ութ տարեկան էի: Սովորում էի երրորդ դասարանում: Իմ առաջին դասղեկը, որին անչափ սիրում էի, մի օր հեռացավ դպրոցից, և ես անչափ տխրեցի: Ինձ թվում էր՝ ես ամենադժբախտն եմ: Մտածում էի՝ էլ երբեք դպրոցում ինձ համար չի լինի այդքան հարազատ ու սիրելի մեկը:
Այդ օրը տանը բոլորը նկատեցին իմ տխրությունը, փորձեցին մխիթարել և անգամ երես տալ իմ սիրելի կոնֆետներով ու նոր խաղալիքներով, բայց ամեն բան անօգուտ էր: Ես չէի ուզում խոսել ոչ ոքի հետ, անդադար հիշում էի իմ սիրելի առաջին ուսուցչուհուն, հիշում էի մեր առաջին հանդիպումը, երբ նա ինձ ժպտաց իր ջերմ ու բարի ժպիտով: «Ինչո՞ւ եմ այսքան դժբախտ»,- անդադար մտածում էի ես, իսկ երբ ոչ ոք չէր նայում, լուռ արտասվում էի: Լացակումած պառկեցի բազմոցին ու չհասկացա, թե ինչպես քնեցի, կամ գուցե և չքնեցի, բայց հանկարծ ինձ սկսեց կանչել մի քնքուշ ձայն: Աչքերս բացեցի և տեսա, որ իմ կողքին մի հեքիաթային փերի էր նստած: Նա բռնել էր իմ ձեռքը:
- Գնա՞նք զբոսնելու,- հարցրեց նա:
Ես չհասկացա, թե ինչպես համաձայնեցի, չէ՞ որ մայրիկիցս չէի հարցրել, անգամ չգիտեի, թե նա ով է, բայց, այնուամենայնիվ, գնացի:
Նա բացեց մեր հյուրասենյակի պատուհանը և ձեռքիցս բռնած՝ ինձ իր հետ վերև թռցրեց: Մենք սավառնեցինք տների, հետո դաշտերի ու լեռների վրայով: Նա ինձ իջեցրեց ծաղիկներով ու խոտերով պատված մի գեղեցիկ բլրակի: Մի քանի րոպե աչքերով փնտրում էր ինչ որ բան, հետո կարծես գտավ ու ձեռքն ուղղեց դեպի խոտերի միջից հազիվ երևացող մի մանուշակի կողմը:
– Ի՞նչ ես զգում, երբ նայում ես այս ծաղկին, – հարցրի փերին:
– Դե՜, տրամադրությունս բարձրանում է, սիրտս ուրախանում, ասես՝ երջանկություն եմ զգում հոգուս մեջ,- պատասխանեցի ես:
– Իսկ քո կարծիքով, մանուշակը երջանի՞կ է,- հարցրեց նա:
Ես նախ զարմացա նրա հարցից. չլինի՞ թե ինձ այստեղ է հասցրել, ինչ է թե հարցնի՝ մանուշակը երջանի՞կ է, թե՞ ոչ: Բայց և այնպես, գլուխս աջ ու ձախ անելով՝ մի լավ ուսումնասիրեցի այն, բայց այդպես էլ չհասկացա՝ ծաղիկը երջանի՞կ էր, թե՞ ոչ:
– Չգիտեմ, ես այդ մասին երբեք չեմ մտածել,- պատասխանեցի փերուն:
– Մանուշակը անչափ երջանիկ է, այլապես նրան նայելիս դու չէիր ուրախանա,- ասաց նա:
– Այսինքն՝ երջանկություն են բերում նրանք, ովքեր իրե՞նք էլ երջանիկ են,- արդեն հետաքրքրված հարցրի ես:
– Իհա՛րկե, եթե դու երջանիկ չես, ոչ ոքի չես կարող երջանկացնել,- ասաց փերին,- իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչն է մանուշակին երջանկացնում:
– Ինչն է երջանկացնում՝ չգիտեմ, բայց կարծում եմ՝ նա շատ տխուր է, քանի որ մի քանի ամսվա կյանք ունի,- առանց երկար մտածելու վրա բերեցի ես:
– Այս ծաղկի կյանքն իրոք որ կարճ է, սակայն նա մտածում է ոչ թե դրա մասին, այլ ջերմ արևի, որն ամեն օր իր պայծառ լույսով ողողում է նրա կապույտ աչքերը, մտածում է անձրևի մասին, որը հագեցնում է նրա ծարաված սիրտը, նա իրեն սիրված ու գնահատված է զգում իր ընկերների և իր մայր հողի կողմից, նա մտածում է, թե ինչքան ուրախ պահեր է պարգևում քեզ ու բազմաթիվ այլ մարդկանց և երջանկանում է այդ ամենով: Նրա կյանքում լինում են ծանր պահեր, վախենում է, թե իրեն կտրորեն, թե քամին կքշի իր կապույտ թերթերը, թե մի չարաճճի փոքրիկի ձեռքով արմատախիլ կլինի, սակայն ոչինչ չի կարող նրան ստիպել իրեն դժբախտ զգալ, քանի որ նա գիտակցում է, որ ինքն իսկապես երջանիկ է:
– Հրաշալի էր ասված. զարմանում եմ, թե ինչպես միանգամից չհասկացա, որ մանուշակը երջանիկ է, -հիացած պատասխանացի ես:
Փերիի հետ հանդիպումն ինձ համար ճակատագրական եղավ: Ես հասկացա, որ մեկ, երկու, նույնիսկ հիսուն պատճառը շատ քիչ է, որ մարդն իրեն դժբախտ համարի: Այդ օրը ես հասկացա, որ ե´ս պետք է որոշեմ՝ երջանի՞կ եմ ուզում լինել, թե՞ դժբախտ: Եվ ընտրեցի առաջինը: Ու սկսեցի տեսնել հարյուրավոր առիթներ երջանիկ լինելու համար: Անգամ այն, ինչն ինձ այնքան մեծ ցավ էր պատճառել, հիմա սկսել է ինձ ոգեշնչել: Ես հավատում եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ ես հանդիպելու եմ իմ սիրելի դասղեկին, ու այդ մտքից սիրտս թրթռում է:
Ես գտա երջանկության իմ բանաձևը, այն շատ կայուն է և կիրառելի բոլորի համար: Այն շատ բարդ է և միևնույն ժամանակ ամենապարզը: Այն է. «Երջանկություն է, երբ գիտակցում ես, որ երջանիկ ես»: