Էստոնիան, որքան նման է աշխարհի մյուս պետություններին, այնքան էլ տարբերվում է բոլոր նրանցից: Երկրի մշակույթում տեղ են գտել և՛ սկանդինավյան մինիմալիզմը, և՛ արևմտաեվրոպական շքեղությունը, և՛ խորհրդային մտածողության հետքերը:
Ծանոթանանք այդ երկրին վերաբերող մի քանի ուշագրավ իրողության:
- Էստոնիայի տարածքի մոտ կեսը ծածկված է անտառներով: Այնտեղ ապրում են աղվեսներ, գայլեր, արջեր, լուսաններ ու եղջերուներ, ինչպես նաև մոտ 380 տեսակի թռչուն:
- Էստոնիայում առատ են երկնաքարային խառնարանները: Դրանցից ամենատպավորիչը Կաալի խառնարանն է՝ Սաարեմաա կղզում: Այն շատ մեծ է՝ 110 մետր տրամագծով: Երկնաքարն այստեղ ընկել է 4 հազար տարի առաջ. այժմ խառնարանը նման է կլոր լճակի՝ անտառակի մեջ:
- Էստոնիայում արագորեն աճում են թվային տեխնոլոգիաները. 2005 թվականին երկիրն առաջինը ներմուծեց առցանց քվեարկության համակարգը: Այստեղ բոլոր վճարումները հնարավոր է կատարել համացանցով: Կարելի է փաստաթղթեր ստորագրել ID քարտերի միջոցով և անգամ քաղաքացիություն ստանալ վիրտուալ ճանապարհով: Բացի այդ՝ ողջ երկրում, անգամ ամենախուլ անտառում, հասանելի է 4G կապը: Միայն թե հարց է՝ այդ ամենը մի՞շտ է լավ, թե՞ ոչ…
- Էստոնիան աշխարհում առանձնանում է ժողովրդական երգերի ամենամեծ քանակով: Արխիվներում պահվում է ավելի քան 133 հազար գրառում: Էստոնացիներին հաճախ կոչում են երգող ազգ: Յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ այստեղ կազմակերպվում է էստոնական երգ ու պարի փառատոն, որը մեկտեղում է 200 հազար կատարողների ու հանդիսատեսի:
- Էստոնիայում ճոճանակով զվարճանում են նույնիսկ մեծահասակները: Այս երկրում դա ժողովրդական մարզաձև է: Անգամ մրցաշարներ են կազմակերպվում, երբ հասուն մարդիկ հաճույքով պտտվո՜ւմ են ու պտտվում՝ մինչև իսկ 360 աստիճանով:
- Թեպետ Էստոնիայի բնակչությունը կազմում է ընդամենը 1,3 միլիոն մարդ, սակայն ամեն տարի երկիր է այցելում ավելի քան 2 միլիոն զգոսաշրջիկ: Էստոնիան այն եզակի պետություններից է, որտեղ հյուրերի թիվը գերազանցում է բնակիչների քանակը: Այդուհանդերձ տեղ գտնվում է բոլորի համար, հատկապես բնության գրկում:
- Թեպետ Էստոնիան փոքրիկ երկիր է, սակայն իր լուման ունի Տիեզերքի հետազոտման աշխատանքներում: Խորհրդային տարիներին այստեղ հատուկ սնունդ էին պատրաստում տիեզերագնացների համար, իսկ այսօր Էստոնիան իր սեփական արհեստական արբանյակն ունի ուղեծրում՝ ESTCube-ը:
- Միջազգային շաբաթօրյակի միտքը ծագել է Էստոնիայում՝ 2008 թվականին, երբ ավելի քան 50 հազար կամավոր դուրս ելան աղբահավաքության: Մինչ օրս այդ շաբաթօրյակներին մասնակցել է 16 միլիոն մարդ աշխարհի 133 երկրից: Ի դեպ, էստոնացի դիզայներներն էլ նպաստում են գործին. վերամշակված աղբը նրանք օգտագործում են իրենց գեղեցիկ աշխատանքներում:
- Էստոնիայում ամենահայտնի ծառը համարվում է կաղնին, որն աճում է ֆուտբոլի դաշտի կենտրոնում Օրիսաարե շրջանում: Խորհրդային տարիներին այն փորձել են արմատախիլ անել երկու տրակտորով, բայց ոչինչ չի ստացվել: Կաղնին շարունակում է աճել:
- Ձմռանն Էստոնիայում մեքենաները կարող են ընթանալ սառած ճանապարհներով: Կղզիներից մեկը կարելի է հասնել մեքենայով՝ 25 կիլոմետր անցնելով սառած ծովի վրայով: Էստոնիայում 7 սառցե օրինական ճանապարհ կա: