«Էրեբունի» թանգարանը հիմնվել է 20-րդ դարի երկրորդ կեսին՝ իր դռներն այցելուների առջև բացելով հատուկ 1968 թ. հոկտեմբերի 19-ին` Երևանի 2750-րդ տարեդարձի օրը: 2003 թվականից այն համարվում է պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Ունի երկու մասնաճյուղ՝ «Կարմիր բլուր» և «Շենգավիթ»։
Երևանում այն հանրային այցերի համար նախատեսված միակ արգելոց-թանգարանն է և կարևոր ուրարտագիտական կենտրոն ողջ տարածաշրջանում: Այստեղ կարելի է տեսնել Ք․ ա․ 4-րդ դարին թվագրվող լավ պահպանված եղջերագավաթ, կավե սափոր՝ ցլի երեք գլխիկների քանդակով, կենցաղային իրեր, հնագույն աշխատանքային գործիքներ, դրանց պատրաստման համար նախատեսված հալոցներ և կաղապարներ, վաղեմի հայկական թագավորության պատմությունը, տնտեսությունն ու մշակույթը ներկայացնող ամենատարբեր նմուշներ, նաև արձանագրություններ։
Թանգարանի շենքը կառուցվել է ուրարտական պալատների հորինվածքով։ Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` նկարիչ Արա Հարությունյանը:
Սակայն թանգարանում պահվում են ոչ միայն ուրարտական, այլև նախաուրարտական, աքեմենյան, հելլենիստական և այլ ժամանակաշրջաններին վերաբերող ցուցանմուշներ՝ մոտ 13 հազար առարկա՝ խմբավորված 161 հավաքածուներում։
Յուրաքանչյուր տարի հազարավոր հայեր և օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում «Էրեբունի»։ Ուրարտական պատմության հետաքրքրվածների թիվն աշխարհում այնքան մեծ է, որ, օրինակ, 2009 թվականին «Էրեբունին» այցելուների ռեկորդ է գրանցել․ նրանց թիվը հատել է 17 հազարը։