Թռչող ծաղիկներ

Հնում մարդիկ հավատում էին, որ թիթեռները կենդանացած ծաղիկներ են: Հավատում էին, որ նրանք ընդունակ են իրագործելու մեր երազանքները: Թիթեռներին համարում էին երջանկության ու անմահության խորհրդանիշ:

Թիթեռի ծնունդը նման է հեքիաթի: Չէ՞ որ մինչև մետաքսե թևերով գեղեցկուհի դառնալը թիթեռն ընդամենը… որդ է եղել: Գալիս է ժամանակը, և այդ որդը սկսում է իր շուրջը պատյան հյուսել: Փակվում է այդ պատյանում, որը բոժոժ է կոչվում, և այդպես մնում որոշ ժամանակ: Ապա տեղի է ունենում հրաշքը. նախկին որդը բոժոժից դուրս է գալիս ամբողջովին կերպարանափոխված. նա դարձած է լինում թիթեռ:

Այս գեղեցկուհիների նկատմամբ պարզապես անհնար է անտարբեր մնալ: Ահա թե ինչու որոշ երեխաներ բռնում են նրանց, հիանում, ուսումնասիրում և բաց թողնում: Բայց նրանք չգիտեն, որ բռնելով՝ վնասում են այդ նուրբ էակներին: Թիթեռի թևիկները ծածկված են նուրբ փոշով: Եթե դիպչես նրանց, փոշին կթափվի, ու խեղճն այլևս երբեք չի կարողանա թռչել: Առանց այդ էլ թիթեռի կյանքը կարճ է. Նրանց մեծ մասն ապրում է ընդամենը մի քանի օր: Բայց կան այնպիսի տեսակներ, որոնք ապրում են մինչև 6 ամիս:

Զարմանալի փաստեր թիթեռների մասին

Իրականում մենք քիչ բան գիտենք թիթեռների մասին: Իսկ նրանք այնքա՜ն զարմանալի են ու հետաքրքիր: Օրինակ դու գիտեի՞ր, որ… թիթեռներն ունեն կնճիթ: Այն զսպանակի ձև ունի: Թիթեռը կնճիթիկը բացում է ծաղկից նեկտար խմելու համար: Կան թիթեռներ, որոնց կնճիթը շատ երկար է: Օրինակ՝ մադագասկարյան իլիկաթիթեռի կնճիթը 35 սմ է:

Թիթեռն ինչպե՞ս է զգում համը. չէ՞ որ նա լեզու չունի: Կնճիթո՞վ: Ո՛չ, չգուշակեցիր: Համի զգայարանը թիթեռի տոտիկներում է, և այն 2000 անգամ ավելի զգայուն է, քան մարդու լեզուն:

Թիթեռը շնչում է շատ բարակ խողովակներով, որոնք անցնում են նրա ամբողջ մարմնով: Դրանք 16 հատ են և սկիզբ են առնում նրա փորիկից:

Երբ ցրտում է, թիթեռներն անհետանում են: Չլինի՞ սատկում են: Որոշ թիթեռներ իրոք սատկում են: Իսկ շատերը ձմեռն անց են կացնում քնած, որպեսզի հաջորդ տարի բազմանան:

Կան թիթեռներ էլ, որոնք չվում են տաք երկրներ: Նրանք լավ են թռչում և կարող են անցնել հազարավոր կիլոմետրեր: Օրինակ՝ միապետ կոչվող թիթեռը Կանադայից թռչում-հասնում է Մեքսիկա…

Շատ թիթեռներ թևիկների վրա աչքերի նման պուտիկներ ունեն: Դրանք թշնամիներին շփոթեցնելու համար են: Հեռվից թշնամին կարծում է, թե այդ պուտերը խոշոր կենդանու աչքեր են և չի համարձակվում հարձակվել:

Իսկ թիթեռները սիրտ ունե՞ն: Այո՛, ունեն: Պարզապես այն ոչ թե կրծքավանդակում է, այլ փորիկի մեջ: Արյունն էլ ոչ թե կարմիր է, այլ կանաչ:

Հավանեցի՞ր. տարածիր