Իմ մոլորակում

Ատոմ Գրիգորյան

Գավառի համար 5 հիմնական դպրոց

4-րդ դասարան

Բարև, սիրելի՛ հյուր։ Հյո՞ւր․․․ Ճիշտն ասած՝ իմ մոլորակում շատ քիչ հյուրեր են լինում։ Չգիտեմ՝ այստեղ հասնելու ճանապա՞րհն է դժվար, թե՞ ես շատ հյուրընկալ չեմ։ Բայց երբ երկու հազար տարին մի անգամ հյուր է գալիս, միևնույն է, պետք է պահպանել հյուրընկալության բոլոր գրված ու չգրված կանոնները։ Ահա դու էլ հայտնվեցիր իմ զարմանահրաշ մոլորակում, որը գտնվում է Օրիոնի համաստեղությունում՝ Երկրից վեց հարյուր հիսուն լուսնային տարի հեռավորության վրա է։ Ճիշտ է՝ իմ մոլորակը դժվար է գտնել, քանի որ այն աներևութածին ամպերով է պատված, բայց եթե դու արդեն իմ հյուրն ես, ապա առա՛ջ համեցիր և ծանոթացի՛ր քեզ համար տարբեր, գուցե և նման նոր ու հին մի աշխարհի հետ։

Մոլորակիս անունը Գյուտածին է։ Այո՛, դու ճիշտ հասկացար, այստեղ են ծնվել ու ծնվում քեզ արդեն հայտնի ու նաև շատ անհայտ գյուտեր։ Ասում են՝ ամեն մարդ ունի իր առաքելությունն այս կյանքում, ամեն մարդ մի մոլորակ է, ու ամեն մի մոլորակ ունի իր առաքելությունը։

Տարբեր տարիների ընթացքում մենք դեսպաններ ենք ուղարկում Երկիր մոլորակ, որպեսզի մարդկանց տեղեկացնենք մեր գյուտերից որևէ մեկի մասին։ Թե ինչ գյուտ պիտի հասանելի դառնա մարդկությանը, ավելի շատ կախված է ոչ թե մեր որոշումներից, այլ մարդկանց՝ որևէ աստիճանի հասնելուց։

Այսպես՝ հնագույն մարդիկ ստեղծեցին առաջին անիվը, կառքը, հեծանիվը, իսկ հետագա դարերում՝ մեքենան, ինքնաթիռը, ուղղաթիռը, հրթիռը․․․

Երբեմն որոշ դեսպաններ ամբողջովին չեն պատկերացնում իրենց անելիքը ու երկրաբնակներին ցույց են տալիս այնպիսի բաներ, որ նրանք չեն հասկանում։ Այդ դեպքերում երկրաբնակները հորինում են հեքիաթներ, լեգենդներ ու ֆանտաստիկ պատմություններ կախարդական փայտիկների, աներևութացնող շորերի ու թռչող սարքերի մասին, դրանք համարում կախարդական, սակայն կարող եմ հավատացնել, որ այդտեղ գերբնական ոչ մի բան չկա. միայն տեխնիկա, ֆիզիկա ու քիմիա։

Իմ մոլորակում ամեն մեկն ունի առնվազն մեկ գյուտ, իսկ ամենախելացիները՝ հարյուրից ավելի։ Հետաքրքիր գյուտերից են կախարդական փայտիկը, թռչող սքեյթբորդը, անհաղթ շորը, չավարտվող ուտելիքը, փոփոխվող տունը։

Ես ստեղծել եմ երկու հազար տասը գյուտ։ Իմ լավագույն գյուտերից է անմահ, ունիվերսալ զինվորը․ նա մեզ պաշտպանում է բոլոր վտանգներից։

Մեր մոլորակում ամեն մեկը ծնվելիս ինքն է ընտրում՝ ինչ դառնա՝ բուսածի՞ն, միջատազգի՞, գազանաբնո՞ւյթ, մարդակե՞րպ, ռոբոտատի՞պ, աստղածի՞ն, գերհերո՞ս, կախարդյա՞լ, սնկագե՞ն, կոկորդազգի՞, գեղափա՞յլ, մահկանացո՞ւ, թե՞ անմահ։ Կարևոր չէ, թե ինչ տեսակի ես պատկանում. կարևորն այն է, թե քո տեսակի ունակություններն ու հմտություններն ինչպես ես ծառայեցնում ընդհանուր շահին։

Իմ մոլորակի բնակիչները հասկանում են, որ պետք է խնամքով հոգ տանել ոչ միայն սեփական տան, այլև ամբողջ մոլորակի համար։ Ինչպես Փոքրիկ իշխանն էր ասում․ «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը»։

Մենք ունենք նաև մեր հոգիները և մտքերը մաքրող սարքեր։ Ամեն գիշեր քնելուց առաջ մտնում ենք մաքրագործման սենյակ։ Այնտեղ օդը խոնավ է և լի անուշաբույր ու կեղտազերծող կաթիլներով։ Երբ մաքրվում են մեր մարմինները, մենք կուլ ենք տալիս մի բռաչափ գունդ, որը պայթում է մեր ներսում ու սկսում մաքրել մեր մտքերն ու հոգիները։ Ասեմ, որ շատ ենք փորձել, բայց այդպես էլ չենք կարողացել ստեղծել ավելի փոքր չափերի ու հեշտ ներծծվող նյութ։ Ասում են՝ մտքերն ու հոգիները մաքրելու համար պետք է շատ ջանք թափել ու կամք դրսևորել։

Դու ուզում ես իմանալ որևէ զգացմունքայի՞ն գյուտի ծագման պատմություն․․․ Այո՛, այո՛, եղել է։ Հենց վերջերս մի գեղափայլ եկավ մոտս ու սկսեց աղեկտուր լալ։ Նա պատմեց, որ իր սիրելի հայրը ծնվելիս ընտրել է մահկանացու լինելը։

– Նա իմ միակ հարազատն է, հասկանո՞ւմ ես, – հեծկլտում էր գեղափայլը, – հայրս միշտ ուզել է ապրել« մինչ ես կկառուցեմ իմ փոփոխվող տունը (այո՛, գիտեմ, որ հեղինակը Դուք եք, ինչի համար բոլորս էլ շատ շնորհակալ ենք) և կստեղծեմ իմ առաջին գյուտը։ Բայց ես ինքս ինձ չեմ հասկանում, չգիտեմ, թե ինչ ստեղծել, իսկ հայրիկին մնացել է մեկ օրվա կյանք։ Խնդրո՜ւմ եմ, մի բան արեք. ես հավատում եմ Ձեր մտքի ու երևակայության ուժին։

Ես մոլորված էի․ չէի կարող ինքս որևէ բան ցույց տալ (օրենքն արգելում է), բայց չէի էլ ուզում, որ իմ մոլորակում որևէ մեկն իրեն դժբախտ զգար։

– Դու ամենալավը ի՞նչ ես կարողանում անել։ Ի՞նչ ես սիրում անել, – հարցրի ես։

– Չգիտեմ, – տխրեց գեղափայլը, – ես ամբողջ օրն զբաղված եմ ինձ գեղեցկացնելով ու փայլս ավելացնելով։ Դա եմ ամենալավն անում՝ առանց որևէ սարքի ու արարածի օգնության։

Իմ գլխում հրաշալի միտք ծագեց․ նրան առաջարկեցի ստեղծել մի սարք, որն ինքնաշխատ կերպով կաներ այն ամենը, ինչն ինքն էր կարողանում անել։ Բայց քանի որ վստահ չէինք, որ գեղափայլը մեկ օրում կկարողանար ստեղծել իր գյուտը, ես էլ պիտի ինչ-որ բան հորինեի հոր երազանքն իրականացնելու համար։

Այդ գիշեր չքնեցի։ Առավոտյան դողում էի հուզմունքից ու անհամբերությունից․ ստեղծել էի «Երազանքագործը»։ Եթե ինչ-որ բան շա՜տ ես երազում, սարքը մոտեցնում ես աչքիդ։ Աչքիցդ արցունք է գալիս և հոսում ներս։ Եթե իրականում դա քո կյանքի երազանքն է, այն իրականանում է․ բայց ամեն մեկը կարող է դա անել կյանքում միայն մեկ անգամ։

Այո՛, այսպիսին է իմ մոլորակը։ Մենք գիտենք, որ որքան շատ հնարավորություններ ունի մեզնից յուրաքանչյուրը, այնքան շատ պիտի ծառայի մեր մոլորակին ու ամբողջ Տիեզերքին։

Հավանեցի՞ր. տարածիր