Ինչպե՞ս է ծնվում ձյունը

Ի՜նչ մեծ ուրախություն է բերում ձյունը երեխաներին… Ո՜նց եմ սիրում նայել երկնքից պարելով իջնող փաթիլներին, և թե ինչպե՛ս են ծառերն ու տանիքները, փողոցներն ու բակերը կամաց-կամաց ճեփ-ճերմակ, մաքուր վերմակի տակ ծածկվում:

Ու սկսվու՜մ է.  ձնագնդի՜, սահնա՜կ, դահո՜ւկ, աղմուկ-աղաղա՜կ, ուրախությո՜ւն… Իսկ ինչպե՞ս է ծնվում ձյունը. արևի ճառագայթների ջերմությունից գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջուրը գոլորշանում է՝ վերածվելով ջրի մա՜նր կաթիլների: Դրա համար էլ օդի մեջ միշտ ջրային գոլորշի կա՝ խոնավություն: Հենց այդ գոլորշու պատճառով է երբեմն անձրև, ձյուն ու կարկուտ են տեղում, ցող կամ եղյամ նստում:

Գոլորշու մանր կաթիլները գնում են բա՜րձր-բարձր երկինք, որտեղ ավելի ցուրտ է: Այդ ցրտից նրանք սառչում են և դառնում բյուրեղիկներ՝ սառույցի մա՜նր-մանր կտորներ: Բյուրեղիկներն ազատ թռչկոտում են օդում, հպվում իրար և այդպես՝ իրար կցված՝ մեծանում ու ծանրանում: Երբ այնքան են ծանրանում, որ դառնում են օդից ծանր, փաթիլներն սկսում են թափվել ցած: Ահա այդպե՛ս է ձյուն գալիս:

Ա՜յ քեզ բան

  • Ձմռան կեսին ձվից դուրս են գալիս խաչկտուցի ձագերը: Ձյունը, սառնամանիքը նրանց վրա չեն ազդում: Մայր խաչկտուցը փոքրիկներին տաքացնում է, իսկ հայրը կերակրում եղևնաշիլայով ու երգում ձագուկների համար:
  • Ձմեռային թռչուններն ապրում են շա՜տ բարձր լեռներում. անգղ-կումայը, սպիտակակուրծք աղավնին, ձյան ճնճղուկը:
  • Ձմռանն իր բնում խոր քուն է մտնում ոչ միայն արջը, այլև գետնասկյուռն ու ոզնին: Նրանք կուչ են գալիս, որ չմրսեն:
  • Կան թիթեռների տեսակներ, որոնք թռչունների պես չվում են տաք երկրներ: Օրինակ՝ միապետ կոչվող թիթեռները 3000 կմ կտրելով՝ Կանադայից հասնում են Մեքսիկա և այնտեղ ձմեռում: Իսկ գարնանը վերադառնում են Կանադա:
  • Սպիտակ արջերն ու պինգվինները երբեք չեն հանդիպում: Որովհետև սպիտակ արջերն ապրում են միայն Հյուսիսային բևեռում, իսկ պինգվինները՝ Հարավային բևեռում:
Հավանեցի՞ր. տարածիր