Ինչ խաղալիք կստեղծեի

Արևիկ Գրիգորյան

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամ

4-րդ դասարան

Խաղալիքներ ստեղծելը միշտ էլ ինձ համար հետաքրքիր զբազմունք է եղել։ Ամեն անգամ, երբ մայրիկս մի նոր բան է գնում, ես խնդրում եմ, որ նա տուփը չնետի։ Ես հավաքում եմ դրանք և նորանոր խաղալիքներ պատրաստում։ Չեք հավատա, բայց այդպիսով ես վեց տարեկանում «համակարգիչ» ունեցա։ Եվ գիտե՞ք արդյոք, թե ինչից էր այն պատրաստված․ կոնֆետի տուփից։

«Անպետք» իրերից խաղալիքներ պատրաստելը դարձավ իմ ամենասիրելի զբաղմունքը։ Ես երևակայում էի այնպիսի խաղալիքներ, որոնք գնելն անհնար կլիներ։ Պատահում էր՝ այնքան խաղալիքներ էի ստեղծում, որ իմ փոքրիկ ննջարանում այլևս քայլելու տեղ չէր լինում։ Շարունակ մտածում էի, թե էլ ինչից կարելի է խաղալիք պատրաստել և իմ հարցի պատասխանը գտա սովորական բանջարեղենի խանութում։ Ո՛չ, ես չէի պատրաստվում բանջարեղենից խաղալիքներ ստեղծել։ Սպասեք, հիմա կպատմեմ։

Մի օր մայրիկիս հետ գնացել էինք բանջարեղեն գնելու։ Նա վաճառողուհուն խնդրեց, որ մեր բոլոր գնումները դնի մի տոպրակի մեջ։ Վաճառողուհին զարմացած նայեց մայրիկիս և ասաց․

– Տոպրակներն անվճար են։

Երբ խանութից դուրս եկանք, ես հարցրի մայրիկիս, թե ինչու նա մի քանի տոպրակ չվերցրեց, չէ՞ որ դրանք անվճար էին: Նա ասաց, որ պոլիէթիլենային տոպրակները չեն այրվում և մեծ աղետ են մեր մոլորակի համար, մենք պետք է ոչ միայն ըստ հնարավորին քիչ օգտագործենք դրանք, այլև՝ չնետենք ընդհանուր աղբամանի մեջ։ Այդ օրվանից ես սկսեցի շարունակ դրա մասին մտածել։ Նախ տեսակավորեցի աղբը՝ առանձնացնելով պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ իրերը, և քանի որ շատ էի սիրում խաղալիքներ պատրաստել, պոլիէթիլենային տոպրակներից խաղալիքներ պատրաստելը ոչ միայն հետաքրքիր, այլ՝ օգտակար զբաղմունք դարձավ։

Առաջին խաղալիքը, որը պատրաստեցի պոլիէթիլենային տոպրակից, մարդուկ էր, որի հագուստը գունավոր տոպրակներից էր մոդելավորած, ինքն էլ լի էր պոլիէթիլենով։ Այն խրթխրթացնող ձայն էր արձակում, որը հաճելի էր փոքրիկ եղբորս։ Նրա հրճվանքն այնքան ոգևորիչ էր, որ ես սկսեցի մտածել հաջորդ խաղալիքի մասին։ Եվ քանի որ եղբորս ամենասիրելի խաղալիքը գնացքն է (նա անթարթ աչքերով անվերջ նայում է շարունակ պտտվող գնացքին), ես որոշեցի գնացք ստեղծել։ Եվ շուտով եղբայրս նոր գնացք ունեցավ։

Մինչ այսօր իմ ստեղծած խաղալիքները զվարճալի են, բայց եթե մի օր հնարավորություն ունենայի կատարելու հեղաշրջիչ մի գյուտ, ապա այն կլիներ էլեկտրական, որի էներգիան կստանայի հենց պոլիէթիլենից։ Այն կլիներ գունագեղ․ կգերակշռեր նարնջագույնը, քանի որ այն իմ սիրելի գույնն է և կարծես խորհրդանշի էներգիայի մեծ աղբոյրը։ Ես նրան կտայի գնացքի տեսք, որն անվերջ կպտտվեր ռելսերի վրա ու կանգ չէր առնի, և մենք շարունակ նոր մարտկոցներ չէինք գնի եղբորս գնացքների համար։

Հավանեցի՞ր. տարածիր