Իրանը Հայաստանի հարևանն է ու վստահելի բարեկամը: Մեր երկրից Իրան կարելի է գնալ ոչ միայն օդանավով, այլ նաև ավտոմեքենայով: Այսպես ճամփորդելն ավելի հետաքրքիր է: Սիսիան, Մեղրի, և ահա կանգնած ենք Հայաստանի և Իրանի սահմանին: Մեր երկրները բաժանվում են Արաքս գետով: Կամրջով անցնում ենք ու արդեն Իրանում ենք:
Իրանը աշխարհի հնագույն երկրներից է: Այն յուրահատուկ է, գեղեցիկ, խորհրդավոր, նույնիսկ հեքիաթային: Այստեղ կան հին ու գեղեցիկ քաղաքներ՝ Սպահանը, Շիրազը, Թավրիզը, Թեհրանը:
Թեհրանն Իրանի մայրաքաղաքն է:
Պատկերացնո՞ւմ ես, եթե Իրանում մեկին հարցնես՝ հիմա ո՞ր թվականն է, կասի՝ 1388: Մի՛ զարմացիր, այնտեղ նոր տարին էլ գարնանն է սկսվում. պարսկական օրացույցն այլ է:
Պարսիկները մահմեդական են: Իրանում ամենուրեք մզկիթներ կտեսնենք: Մզկիթը մահմեդականների աղոթատունն է: Մզկիթները զարդարված են գույնզգույն հախճասալերով, որոնք այնքա՜ն նուրբ են, կարծես ասեղնագործ լինեն: Այդպես նուրբ ու գեղեցիկ են նաև պարսկական գորգերը, որոնք հայտնի են ողջ աշխարհում:
Չնայած մեր կրոնները տարբեր են, բայց պարսիկները հարգանքով են վերաբերում այլ դավանանք ունեցող ազգերին. տարբեր վայրերում կարելի է տեսնել խնամքով պահվող-պահպանվող հայկական եկեղեցիներ:
Իրանում հայկական մեծ համայնք կա: Հայերը դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրում են պարսիկների կողքին:
Հայերն ու պարսիկներն ընդհանուր շատ բաներ ունեն: Նման են մեր ապրելակերպը, կենցաղն ու սովորույթները: Մեր ազգային խոհանոցներն էլ շատ նմանություններ ունեն:
Գիտե՞ս, թե ինչ նուրբ է պարսկերենը: Կարծես երաժշտություն լինի:
Հայերենն ու պարսկերենը բազմաթիվ ընդհանուր բառեր ունեն: Օրինակնե՞ր. մարդ, աշխարհ, պանիր, պաշտպան, դարպաս, բժիշկ, հրեշտակ… Հետաքրքիր է, չէ՞: Հայ նշանավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանն այնքան են զմայլվել այս երկրով, որ իրանական թեմայով կտավների շարքեր են ստեղծել: