Լիբանանը լեռնային փոքրիկ երկիր է Մերձավոր Արևելքում` Միջերկրական ծովի ափին։ Տարածքը Հայաստանից գրեթե երեք անգամ փոքր է, բայց չորս միլիոն մարդ է ապրում։
Լիբանանի դրոշի և զինանշանի վրա մայրու ծառ է պատկերված, քանի որ դեռևս հազարամյակներ առաջ երկիրը հայտնի էր իր մայրու անտառներով։ Մինչև հիմա էլ Լիբանանն այլ կերպ անվանում են մայրիների երկիր։
Երկրի բնակչության կեսը քրիստոնյա է, մնացածը` մահմեդական։ Հետաքրքիրն այն է, որ այս պետության նախագահը միշտ քրիստոնյա է լինում, իսկ վարչապետը` մահմեդական։
Երկրի պաշտոնական լեզուներն են արաբերենը և ֆրանսերենը։ Մայրաքաղաք Բեյրութի որոշ թաղամասերում հաճախ կարելի է միայն հայերեն խոսք լսել։ Բեյրութը գեղեցիկ քաղաք է. այն երբեմն կոչում են Արևելքի մարգարիտ կամ Արևելքի Փարիզ։ Լիբանանում կարծես իրար են հանդում Եվրոպան և Արևելքը։
Այս երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ լինում է աշխարհահռչակ պատմական վայրերում՝ Բաալբեկում, Բիբլոսում։
Լիբանանը հյուրընկալ երկիր է։ Այստեղ ապրում են տասնյակ հազարավոր հայեր, որոնց մեծ մասն այս երկիր է եկել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո։ Հայերը հմուտ արհեստավորներ են, հաջողակ գործարարներ, հայտնի բժիշկներ, արվեստագետներ, գրողներ։
Բեյրութում գործում են հայկական մշակութային, մարզական միություններ, ակումբներ, կենտրոններ, տասնյակ մանկապարտեզներ, դպրոցներ, թատերախմբեր, ռադիոկայաններ, եկեղեցիներ։ Հրատարակվում են գրքեր, թերթեր ու ամսագրեր։
Բեյրութին մերձակա Անթիլիասում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը։
Լիբանանում նույնիսկ հայկական բարեկարգ մի գյուղ կա, որը կարծես քաղաք լինի՝ Այնճարը:
Բեյրութում է գտնվում Հայկազյան համալսարանը: Այն Սփյուռքի հայկական միակ համալսարանն է։