Ծաղկաձոր

Ասում են՝ հնում Պահլավունյաց իշխաններից մեկի դուստրն այս ձորում կառուցել է տվել մի ամրոց: Ամրոցի կողքին էլ կառուցվել է մի շքեղ ծաղկանոց, որտեղ աճում էին Հայաստան աշխարհի ամենագեղեցիկ ու բուրավետ ծաղիկները: Բայց մի անգամ կատաղի քամին ավերում է ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է երփներանգ ծաղիկներով ու դրանց կախարդական բույրով:

Այդ ժամանակից ի վեր ձորը կոչվել է Ծաղկաձոր:

Ծաղկաձորն իր բնությամբ հիացնում է տարվա բոլոր եղանակներին: Ձմռանը մարդիկ այստեղ են գալիս ոչ միայն հիանալու բնության գեղեցկություններով, այլև վայելելու ձմեռն իր զվարճալի խաղերով ու կազդուրիչ մրցումներով: Ահա թե ինչու Ծաղկաձորում բազմաթիվ հանգստյան տներ կան, որոնք տարին բոլոր լի են զբոսաշրջիկներով:

Ծաղկաձորի ճոպանուղին սիրում են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Սիրում են ճոպանուղով բարձրանալ Թեղենիս սարի գագաթը, հիանալ լեռնային անկրկնելի տեսարաններով, ապա դահուկներով կամ սահնակով քամու արագությամբ ցած իջնել:

Ծաղկաձորում կան վայրեր, որոնք անպայման պետք է այցելել: Դրանցից մեկը Օրբելիների տուն-թանգարանն է: Քեզ ծանո՞թ է այս ազգանունը: Ծաղկաձորում են ծնվել աշխարհահռչակ երեք գիտնականներ` Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելիները: Տուն-թանգարանի կողքին երեք նշանավոր եղբայրների արձանն է:

Հիմա այստեղից ձախ ենք թեքվում, քիչ վեր բարձրանում, և մեր առջև հայտնվում է Կեչառիսի հոյակերտ վանական համալիրը: Այն 10-րդ դարում հիմնադրել է Պահլավունի իշխանական տոհմը:

Հավանեցի՞ր. տարածիր