«Ծլվլիկ» – Պատկերային մտածողություն զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագիրը կրող փունջը նույնպես ընդգրկում է չորս խաղ՝ «Ծլվլիկ», «Ուրախ անտառ», «Այգեպան», «Ծաղկագիտակ»: Երեխաներին հանձնարարվում է գտնել տրված թռչունների (կենդանիների, մրգի, ծաղիկների) ուրվապատկերները և տրված յուրաքանչյուր նկար ճիշտ տեղադրել թեմատիկ նկարում եղած ուրվապատկերի վրա: Այս խաղի միջոցով ոչ միայն զարգանում է պատկերային մտածողությունը, տարածական կողմնորոշումը, մշակվում է արագ մտածելու և աշխատելու կարողություն, այլև երեխաները հնարավորություն են ունենում ծանոթանալու թռչունների (կենդանիների…) տեսակ-ներին, սովորելու դրանց անունները, համապատասխան աշխատանքի արդյունքում ձեռք բերելու ճանաչողական այլ գիտելիքներ:

«Ծլվլիկ» խաղը զարգացնում է պատկերային մտածողությունը, ձևավորում տարածական պատկերացումներ. երեխաները պետք է համապատասխանեցնեն թռչունների նկարներն իրենց ուրվանկարներին, սակայն նկար-ուրվանկար զույգերը չափերով տարբեր են, ինչը բարդացնում է աշխատանքը և երեխայից պահանջում էլ ավելի մեծ ուշադրության և դիտողականության դրսևորում: Խաղը կարող է նպաստել ճանաչողական գիտելիքների և բառապաշարի հարստացմանը:

Որպես ուսումնաօժանդակ նյութ կարող է կիրառվել թե՛ նախաայբբենական փուլում՝ որպես լեզվական միավորների ուսուցման զննականությունն ապահովող միջոց, թե՛ որպես մաթեմատիկայի, տեխնոլոգիայի և շրջակա աշխարհի ուսումնասիրման միջոց:

Գտի՛ր յուրաքանչյուր թռչունին համապատասխան ուրվագիծը և տեղադրի՛ր թռչունին իր համար նախատեսված տեղում հնարավորինս արագ:

Հավանեցի՞ր. տարածիր