Ծխնելույզ մաքրող

Անդերսենի «Հովվուհին և ծխնելույզ մաքրողը» հեքիաթին ծանո՞թ ես: Մուլտն էլ հաստատ տեսած կլինես: Իսկ ո՞վ է այդ ծխնելույզ մաքրողը: Ի՞նչ տարօրինակ զբաղմունք է ծխնելույզ մաքրելը: Պարզվում է` այն հին մասնագիտություն է, բուխարիները, վառարանները, օդափոխության խողովակները և ծխնելույզները մաքրելը:

Այս մասնագիտության տեր մարդիկ ավելի հաճախ հանդիպում էին Հյուսիսային Եվրոպայի երկրներում` Գերմանիայում, Դանիայում: Իսկ Հայաստանում ծխնելույզ մաքրողներ չեն եղել։

Ժամանակին այս մասնագիտությանն այնքան լուրջ էին վերաբերում, որ նույնիսկ հատուկ կրթություն էին ստանում դրա համար: Կար ծխնելույզ մաքրողների դպրոց, որտեղ սովորում էին 4 տարի: Այդ դպրոց ընդունում էին միայն նիհար տղամարդկանց, քանի որ նրանք պիտի կարողանային մտնել ծխնելույզի մեջ: Մասնագիտությունը մի տեսակ խորհրդավորություն ուներ. ծխնելուզ մաքրողները թափառում էին տանիքների վրայով, նրանց դեմքը միշտ մրոտ էր, կարծես սև դիմակով լինեին: Բացի այդ՝ ծխնելույզ մաքրողի աշխատանքը ոչ ոք չէր տեսնում, այն քողարկված էր բոլորի աչքից: Մարդիկ անգամ հավատում էին, որ ծխնելույզ մաքրողին տեսնելը հաջողություն է բերում:

Ծխնելույզ մաքրողները ցիլինդր էին դնում: Ցիլինդրը գլանաձև գլխարկն է: Ցիլինդրի մեջ նրանք պահում էին իրենց մանր-մունր գործիքները: Բացի այդ, այդպիսի գլխարկը նրանց պաշտպանում էր ընկնող քարերից:

Չզարմանաս, բայց այսօր էլ կան ծխնելույզ մաքրողներ: Ճիշտ է, հիմա նրանք ավելի ժամանակակից տեսք ունեն, իսկ գործիքներն ավելի հարմար ու արդիական են: Օրինակ՝ կա հատուկ տեսախցիկ, որն իջեցնում են ծխնելույզի մեջ և համակարգչով նայում են, թե ի՛նչ է կատարվում ներսում և ինչի՛ց սկսեն գործը:

Հավանեցի՞ր. տարածիր