Կետ

Գեղեցիկ է երկնագույն կետը` հզոր ու վեհ…

Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ամենամեծ կենդանին, որ երբևէ ապրել է աշխարհում: Դինոզա՞վրը: Ո՛չ, դա երկնագույն կետն է: Այն իսկական հսկա է՝ ավելի մեծ է, քան, ասենք, բասկետբոլի խաղահրապարակը: Կան նույնիսկ 33 մետր երկարություն ունեցող կետեր, որոնց քաշը 150 տոննայից էլ ավելի է՝ ավելի ծանր է, քան 50 փիղ միասին: Եթե այսպիսի հսկային կանգնեցնենք պոչի վրա, նրա երկարությունը կձգվի մինչև 13 հարկանի շենքի չափ: Պատկերացնո՞ւմ ես:

Իսկ հենց նոր ծնված կետն ունի 7 մետր երկարություն: Նա սնվում է մայրական կաթով` ամեն օր խմելով 400 լիտր և ամեն օր աճելով 100 կիլոգրամով:

Կետի միայն սիրտը 1 տոննա է կշռում՝ մի ավտոմեքենայի քաշի: Նրա սրտի աշխատանքը լսելի է մի քանի կիլոմետր հեռավորությունից:

Իսկ լեզուն 3 տոննա է. մի փղի քաշի չափ: Լեզվի վրա 100 մարդ կարող է տեղավորվել: Բայց մի՛ անհանգստացիր, կետը մարդ չի ուտում, չնայած լավ կաներ, որ իրեն որսացող մարդկանց ուտեր:

Թեև հսկա բերան ունի, բայց սնվում է խեցգետիններով ու ջրային մանր-մունր կենդանիներով:

Իր հսկա չափերին հակառակ` երկնագույն կետն ունի զարմանալի փոքր աչքեր. մոտավորապես ֆուտբոլի գնդակի չափ:

Կետերը կարողանում են իրար հետ «խոսել» հազարավոր կիլոմետրերի վրա: Բայց նրանց ձայնը լսելի չէ մարդու ականջին:

Հայտնի է, որ կետերը կարողանում են շատրվանի պես ջուր բաց թողնել իրենց գլխի վրայի անցքից: Շատ զվարճալի տեսարան է: Այս հսկաները լողում են բոլոր օվկիանոսներում և շատ ծովերում` աշխատելով հեռու մնալ ցամաքից ու ձկնորսներից:

Հավանեցի՞ր. տարածիր