Կոլիբրի

Կոլիբրին ոչ միայն ամենափոքրիկ թռչունն է, այլև բնության ամենազարմանալի էակներից մեկը: Նա կարողանում է թռչել և՛ առաջ, և՛ հետ, ինչպես նաև  ուղղահայաց դեպի վեր կամ վար՝ ուղղաթիռի նման: Ոչ մի ուրիշ թռչուն այդպես թռչել չի կարող: Կոլիբրին կարողանում է նաև օդում մնալ նույն դիրքում: Նա իր թևիկները թափահարում է անհավանական արագությամբ. մի վայրկյանում 78 անգամ, պատկերացնո՞ւմ ես, այնքան արագ, որ անզեն աչքով թևերի շարժումն անհնար է որսալ:

Կոլիբրիի հայրենիքը Ամերիկան է: Կա կոլիբրիի մոտ 350 տեսակ: Ամենափոքրիկ տեսակը, որը կոչվում է մեղվիկ, 5 սմ 7 մմ է, այսինքն՝ մոտավորապես մի լուցկու տուփի չափ: Քաշն էլ 1 ու կես գրամ է:

Կոլիբրիի փետուրները մետաղի փայլ ունեն, որոնք տարբեր երանգներ են ստանում արևի լույսից: Կան կոլիբրիի տեսակներ, որոնց կտուցը մարմնից 2 անգամ ավելի երկար է:

Կոլիբրիի սիրտը խփում է րոպեում 1000 անգամ: Նա քնում է չղջիկի պես՝ ճյուղից գլխիվայր կախված: Կոլիբրին երբեք չի նստում գետնին. կա՛մ օդում է, կա՛մ ճյուղերին: Այս զարմանալի թռչնակը շարունակ թռչում է, նույնիսկ ուտելիս. թռչելով մոտենում է ծաղկին, տեղում թափահարելով թևիկները՝ երկար կտուցը մտցնում է ծաղկի մեջ ու խմում նեկտարը և ուտում մանր միջատներ: Կոլիբրին չափազանց արագաշարժ է և ակտիվ: Դրա համար էլ շատ է ուտում՝ 10 րոպեն մեկ: Եվ ուտում է իր քաշից 2 անգամ ավելի:

Կոլիբրին քաջ թռչնակ է: Երբ իր ձագուկներին վտանգ է սպառնում, նա կարող է հարձակվել նույնիսկ օձերի վրա: Նետի պես սլանում է և սուր կտուցով հարվածում թշնամու թույլ կետերին՝ քթին կամ աչքին:

Մի ժամանակ մարդիկ կոլիբրիներ էին որսում և նրանց մաշկից տարբեր զարդեր պատրաստում: Այդպես կոլիբրիների շատ տեսակներ հայտնվեցին ոչնչացման եզրին:

Մարդիկ սթափվեցին: Եվ հիմա ամեն գնով պահպանում են կոլիբրիներին: Երբեմն մարդն այնքա՜ն անմիտ ու անփույթ է… Սթափվում է այն ժամանակ, երբ արդեն լուրջ վնասներ են հասցրած լինում: Դա նրանից է, որ շատերը չեն սիրում բնությունն ու չեն գնահատում այն մեծ հարստությունը, որ պարգևված է մեզ:

Հավանեցի՞ր. տարածիր