Հեքիաթների աշխարհում

Նարե Իսայան

Թոմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց

5-րդ դասարան


Ես հեքիաթներ կարդալ շատ եմ սիրում։ Շատ փոքր հասակում, երբ մայրիկս մեզ քնեցնելիս հեքիաթներ էր կարդում, երազում էի մի օր ինքնուրույն կարդալ ու հասկանալ դրանք։ Երբ սկսեցի դպրոց հաճախել և տառերը սովորել, իմ առջև իր դռները բացեց գրքերի աշխարհը։ Ես շատ հայ և օտարազգի գրողների հեքիաթներ եմ կարդացել, բայց այս մրցույթը առիթ հանդիսացավ, որ կարդամ այլ հետաքրքիր՝ զվարճալի, ուրախ և ուսուցանող։                     

Հեքիաթների առաջին ժողովածուն, որ կարդացի, «Զվարճալի հեքիաթներ» գիրքն էր։ Նրանից սովորեցի, որ ամեն մարդու կյանքում զվարճալի և ուրախ դեպքեր են պատահում, և ամեն մարդ ինքն է որոշում իր ապագան ու կյանքի ընթացքը։ «Անխելք մարդը» հեքիաթը կարդալով՝ հասկանում ես, որ պետք է կյանքում ճիշտ ժամանակին կողմնորոշվել գործերում, չսպասել, թե հետո ավելի լավ կլինի։                                           

«Ուրախ հեքիաթներից» ես սովորեցի, որ շատ կարևոր է ազնիվ լինելը։ Շատ հեքիաթների մեջ էր կարևորվում ազնվությունը, խիզախությունն ու քաջությունը ։ «Տերտերն ու էշը» հեքիաթը և՛ ուրախ, ծիծաղելի էր, և՛ ուսուցողական։ Չպետք է դաժան լինել մարդկանց ու կենդանիների հանդեպ։ Պետք է խիղճ ունենալ։ Այս հեքիաթները կարդալիս չգիտես, թե ինչ է լինելու հաջորդ պահին, ու հենց այդ պատճառով ուզում ես շուտ հասնել ավարտին։ 

Ուսուցողական հեքիաթներից ես սովորեցի ուրիշներին վստահելու, ծնողներին հարգելու, ընկերներին չծաղրելու մասին։ Այս ժողովածուի մեջ մի կարճ հեքիաթ կար, որի վերնագիրն էր

«Հինգ հաց»։ Ինձ համար այդ հեքիաթը շատ մեծ իմաստ ունի, քանի որ ուսուցանում է, որ ամեն մարդ պարտավոր է հոգ տանել իր երեխաների և ծնողների համար։ Կային նաև շատ տխուր դրվագներ, բայց լավ էր, որ դրանք բարի ավարտ ունեցան։         

Հաջորդ ժողովածուն «Խելացի հեքիաթներ» գիրքն էր, որոնք կարդացի մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ։ Շատ լավն էր «Ոսկուց թանկ երեք խորհուրդ» հեքիաթը, որը պատմում էր հավատարմության մասին։ Հավատարիմ մարդը միշտ էլ կպարգևատրվի՝ և՛ սիրով,

և՛ «ոսկով»։ Մեկ այլ հեքիաթ սովորեցնում էր, որ պետք է սեփական խելքով որոշումներ կայացնել։ Եթե փորձես լսել, թե մարդիկ ինչ են ասում, հաճախ կարող ես սխալվել։             

Այս մրցույթին մասնակցելը, այսքան հետաքրքիր, բարի և ուսուցողական գրքեր կարդալը ինձ համար հրաշալի փորձ էր։ Ես կքաջալերեմ իմ բոլոր ընկերներին, որ հետևեն իմ օրինակին։

Հավանեցի՞ր. տարածիր