Հող իմ հայրենի

Սուսաննա Ասլանյան

Գևորգ Չաուշի անվան համար 24 միջնակարգ դպրոց

6-րդ դասարան

Սե՞ր, հաղթանակնե՞ր, ճոխ կյա՞նք, թե՞ խաղաղություն: Մեր հայրենիքը նախ և առաջ դարերի անմահ պատմություն է՝ լցված կենաց պատերազմներով, հայրենի հողի հանդեպ սիրով, և վերջում՝ խաղաղության ձգտմամբ:

Իսկ որտեղից է սկսվում հայրենիքը: Հայրենիքը սկսվում և ավարտվում է միայն ու միայն մեր մեջ: Մենք ենք շենացրել այս ժայռին թառած բերդը և դարձրել մեզ հայրենիք, և մենք էլ կարող ենք այն մի վայրկյանում ավերել:

Հայրենիք ասելիս լսում եմ հայկյան նետի շառաչը, Քուռկիկ Ջալալու սմբակի ձայնն եմ լսում: Հայրենիք ասելիս այս մեծ աշխարհի փոքրիկ անկյունում վեհորեն բազմած Լեռնահայաստանն եմ տեսնում: Հայրենիք ասելիս երկիրը պահող, իր արծվի հայացքով զննող հայ զինվորին եմ տեսնում:

Գրում եմ ես ու մտածում, թե ով գիտի գինը հողի ու արժեքը հայրենիքի: Դե իհարկե, որդիդ գիտի, ով քեզ համար ելավ մարտի: Ելավ մարտի ու քեզ փրկեց, ինքը ընկավ, որ դու ապրես:

Հայրենիքն ամեն մեկիս մեջ է: Ինձ համար հայրենի հողը իմ սկիզբն է ու վերջը, իմ կյանքը, իմ ձեռքբերումները, իմ նպատակները:

Ամեն ոք ու ամեն ինչ ունի իր անունը, բայց աշխարհում բոլոր անունների մեջ երկու շատ կարևոր բառեր կան ՝ մայր և հայրենիք: Հայրենիքը նման է մորը, նա այս անողոք կյանքում միակն է, անփոխարինելի ու անկրկնելի:

Իսկ հայրենի՞քն է կարևոր, թե՞ ընտանիքը: Ինձ համար կարևոր է ընտանիք դարձած հայրենիքը, որը ես պարտավոր եմ փայփայել, շենացնել և պաշտպանել:

Շատերը հայրենիքն ընկալում են և բացատրում որպես այնպիսի վայր, որտեղ ծնվել ու մեծացել են, բայց…

Հայրենիքն ա՛յն վայրն է, որտեղ, նայելով լեռներին, մենք զգում ենք հոգու ներդաշնակություն, լցվում ենք սիրով կյանքի հանդեպ, մտածում մեր ապագայի մասին, խաղաղվում հոգեպես և շարժվում մեր նպատակներին ընդառաջ, կյանքի ամեն վայրկյանն ապրելու և վայելելու: Հայրենիքն այն վայրն է, որտեղ մարդը կարող է ստանալ իր բոլոր հարցերի պատասխանները, լուծել ամենաբարդ խնդիրները, կարողանալ ժայռը դարձնել եկեղեցի, անձրևոտ օրը դարձնել պայծառ և ճահիճը վերածել վճիտ լճակի:

Հայրենի հողի կարոտից մարդը կարող է հասնել խելագարության, կարող է հասնել հոգևոր աշխարհի անկման: Եվ շատ դժվար է ապրելը, երբ քո հոգևոր աշխարհը, մտքերը, մտածելակերպը, հույզերը, հույսերը գլորվել են անդունդը:

Հայրենի հողի վրա կանգնած՝ մենք մեզ զգում ենք ինքնավստահ, ինչպես Սասունցի Դավիթը` իր ձիու վրա, և պատրաստ ենք ամեն պատնեշ հաղթահարելու, նաև մեր շուրջը պարիսպ կառուցելու մեկ րոպեում:

Հայրենիք ունենալու համար պետք է ունենալ դարերի պատմություն, Մոնթեի նման առաջնորդ, Վարդանի նման սպարապետ, Դավթի նման հերոս, Մաշտոցի նման ուսուցիչ, Խորենացու նման պատմիչ, Նժդեհի նման գործիչ, Թումանյանի նման բանաստեղծ:

Դժբախտ է նա, ով հայրենիք չունի: Իմ հայրենիքը խոսուն վկան է իմ նախնիների անվերջ պայքարի: Իմ հայրենիքը գունեղ կամարն է իմ երազների ճախրող երամի:

Իմ հայրենիքի ամեն մի թիզը արյամբ նվաճված մի թանգարան է: Իմ հայրենիքի ամեն քարը մի պատմություն է, արվեստ, քանքար է: Իմ հայրենիքի ամեն մի ասում ու կանչ է:

Հայաստա՜ն աշխարհ…

Քո աստվածատուր պատկերը բնորոշողը սիգապանծ լեռներն են, որոնց կատարները գիշերները աստղերին են հպվում:

Քո որդիների համար չկա ավելի բարձր ու սրբազան պարտք, քան հայրենիքի պաշտպանությունը․ «Նրանց ամենքի մեջ Վարդանի մի կայծ կա, Սասնա ծռերի խենթությունը կա»:

Մեր բնաշխարհը մեզ տվել է բարձրություն, խորություն, և կարծրություն, որոնք մեր հոգում համառություն և համբերություն են դարձել: Եվ դրանից չե՞ն արդյոք մեր բնավորությունը բնորոշող այն ծայրահեղությունները, որ և՛ մեր ուժն են, և՛, ավաղ, երբեմն նաև մեր թուլությունը:

Հիմա եմ լավ հասկանում, թե ինչու են մեր նախնիները մնացել Արագածի հովիտներում, որ տաք են, հիասքանչ, նրա լեռներում, որ ցուրտ են, դաժան, բայց էլի հիասքանչ…

Հայի ստեղծագործ մտքի, շինարար ձեռքի խոսուն վկան է մեր շեն Երևանը, մեր երկնագույն անուրջների մայրաքաղաքը՝ իր Մատենադարանով՝ հայոց գրերի հավերժության ոստանով:

Նրա հարուստ ու գունագեղ լեզուն, որի խոնարհ աշակերտն եմ, նրա հինավուրց գրականությունը, որի փառքը պսակված է Նարեկով։

Քո հնադարյան պատմությունը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ դու երբեք չես հանձնվել ու շարունակել ես հառնել պարտությունից հետո, երբ եղել ես բոլորովին մենակ և անպաշտպան:

Կորցրել ես շատերին և այդ շատերի մեջ է նաև Արարատը՝ բիբլիական լեռը, քո խորհրդանիշն ու սրբությունը, որն այնքան մոտ է, թվում է՝ եթե երկարես ձեռքդ, կդիպչես նրան:

Պատերազմներ…

Ես՝ տասներկուամյա հայուհիս, տեսել և զգացել եմ երկու պատերազմի շունչ: Տեսել եմ Արցախյան քառօրյա պատերազմը և քառասունչորսօրյա հերոսամարտ: Իրոք հերոսամարտ, որովհետև ընկածները հետս էին և ապրողները ևս հերոս են:

Իմ Թորգոմա տան սահմաննները սկսվում են խրամատներից, որտեղ կանգնած են հայրենիքը մեր հոգիներում արմատավորողները: Արդ՝ հասկացե՛ք, հայրենիքը մեր հոգում եղածն է, որ մեր պապերի բազուկներով է պահվել և կապ չունի, թե միառժամանակ որ վայրագ ցեղի ձեռքում է․ այն մերն է միայն, մեր հոգունը:

Հայը պիտի հայրենիք ունենա ոչ որպես պարգև, այլ որպես վաստակ…

Հավանեցի՞ր. տարածիր