Հող իմ հայրենի

Մարի Միքայելյան

Հ. Օշականի անվան համար 172 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Հայրենի հող… Այս փոքր ու առաջին հայացքից հասարակ թվացող բառակապակցությունն իրականում ունի մե՜ծ նշանակություն: Օրինակ՝ ես հայրենի հող ասելով հասկանում եմ կռի՛վ ու պայքար, ո՛ւժ ու հաղթանակ, կարո՜տ ու սեր: Մեկ բառով կարող եմ ասել, որ հայրենիքն իմ սրբությունն է:

Իմ հայրենիքը Հայաստանն է: Հայաստանն իմ բնօրրանն է: Այն իմ հողն ու ջուրն է, որին յուրքանչյուր հայ սիրում ու կարոտում է: Այն իմ լույսն ու հույսն է, իմ գեղեցկությունն է, իմ սրտի մի կտորը: Այստեղ եմ ես ծնվել և այժմ անցկացնում եմ իմ մանկությունը:

Հայաստանն այն երկիրն է, որ, անցնելով շատ ու շատ դժվարությունների միջով, գոյատևել է և հասել մեր օրեր: Հայերը սփռված են ողջ աշխարհով: Նրանք գաղթել են տարբեր պատճառներով (պատերազմներ, ցեղասպանություն, անարդարություններ և այլն), բայց միշտ պատրաստ են ամեն գնով օգնելու իրենց երկրին (նույնիսկ կյանքի գնով): Բոլոր մարդիկ էլ սիրում են իրենց հայրենիքը: Որքան էլ մարդը լավ ապրի օտար երկրներում, միևնույն է, նա իրեն հանգիստ ու լիարժեք է զգում միայն իր ծննդավայրում: Ահա դա է հայրենի հողի ուժը: Հայրենի հողը ձգում է ցանկացած մարդու, ուր էլ որ նա լինի և մարդն անզոր է դիմադրել այդ կարոտին: Ահա այդ կարոտի հողի վրա էլ անմահացան մեր քաջ ու անվախ զինվորները, որոնք իրենց կյանքի գնով փորձեցին պահել ու պահպանել մեր հայրենիքի սահմանները:

Մեր հայրենի հողը հարուստ է գեղատեսիլ բնությամբ: Հայաստանը լեռնային երկիր է, և այդ լեռները կարծես ապահով են պահել մեզ թշնամուց: Հայաստանը հարուստ է նաև սառնորակ աղբյուրներով, կարկաչահոս գետերով, կապուտակ լճերով: Այս ջրային պաշարների շնորհիվ է, որ պարարտանում է հայոց հողն ու լավ բերք տալիս: Այստեղ են հասունանում քաղցրահամ խաղողը, կարմրաթուշ դեղձը, անուշահամ ծիրանը և շատ ու շատ այլ մրգեր: Ծիրանը դուրեկան, քաղցրահամ, անուշաբույր, հայկական միրգ է, որը նաև համարվում է Հայաստանի խորհրդանիշը:

Մենք շատ բանաստեղծներ ենք տվել, որոնք մեծացել են հայոց հողի գրկում, ստեղծագործել են՝ հմայլվելով ու հրճվելով նրանով: Ահա այս հո՛ղն է, որ սնել է հայ քաջերին: Ահա այս հո՛ղն են մշակել աշխատասեր գյուղացիներն ու իրենց քրտինքով էլ վաստակել հացը: Եվ ահա այս հո՛ղն է, որ սնել է հայ քաջերին, այս բերրի հողի վրա են ծնվել ու մեծացել նրանք: Հայ արի զինվորներն, ովքեր ապրել են մեր լեռների գրկում իրենց արյունն են տվել հանուն այդ լեռների:

Այդքան դժվարին պատերազմների միջով անցած երկիրը չէր կարող պայքարել, եթե միայնակ լիներ: Ճիշտ է հայերը դաշնակիցներ էլ են ունեցել, որոնք որոշակի օգնություն են ցուցաբերել, բայց ամենաշատը մեր զինվորերին ուժ է տվել հայրենի հողը: Դարեր ի վեր հայ մարտիկների հետ հավասար պայքարել են նաև հայոց լեռները՝ ասես քաջալերելով նրանց: Եվ շատ անգամ թշնամիները չեն կարողացել ոտք դնել մեր հողի վրա, որովհետև չեն հաղթահարել մեր բարձրաբերձ բնական պարիսպները: Մեր լեռներն ամբողջ ուժով հետ են մղել ոսոխին:

Իմ հայրենիքը՝ Հայաստանը, աշխարհի հնագույն երկրներից է: Այն ունի հարուստ և զարմանահրաշ մշակույթ: Այստեղ զարգացել և զարգանում են բազմաթիվ արվեստներ, ինչպիսիք են քանդակագործությունը, նկարչությունը, խեցեգործությունը և այլն: Դրանց վառ ապացույցներն են հինավուրց խաչքարերը, խորիմաստ կտավները, հնադարյա խեցե ամանները, կուժերը․․․ Այդ բոլորը ստեղծվել են հոգով և հայրենիքի նկատմամբ մեծ սիրով: Այդ աշխատանքներն ասես կենդանի լինեն, քանի որ մարդիկ, տեսնելով այդ դաժան պատերազմները, կարծես իրենց հոգու ցավն ու տրտմությունն են պատկերել ու քանդակել, կամ էլ՝ իրենց ուրախությունն ու հաղթանակի բերկրանքը:

Հայաստանը շատ ու շատ անգամ պատերազմել է թշնամիների դեմ և նրան միշտ չէ, որ հաջողվել է հաղթել: Ցավոք մենք կորցրել ենք ահռելի տարածքներ՝ Արևմտյան Հայաստանը, Արցախի մեծ մասը: Մեր աներկյուղ զինվորները արիաբար մարտնչել են մինչև արյան վերջին կաթիլը, բայց երբեմն հակառակորդը նենգ է գտնվել: Այն հողերը, որոնք մեզնից խլել են թշնամիները, այժմ էլ մերն են: Երբ թշնամին որևէ տարածք է վերցնում մեզնից, իմ սրտից մի կտոր պոկվում ու գնում է այդ հողի հետ, հոգուս տիրում է դառը թախիծն ու տրտմությունը: Իսկ երբ մի նոր տարածք ենք վերադարձնում մեր փոքրիկ երկրին, իմ հոգին լցվում է ցնծությամբ: Այդ բոլորն ունեն պարզ բացատրություն․ դա ի՛մ հողն է, իմ հայրենի՛ հողը: Եվ ամեն մարդ, կանգնած իր հայրենի հողի վրա, իրեն ավելի հզո՛ր է զգում, հանգի՛ստ է զգում, ազա՛տ է զգում:

Հայրենիքը շատ թանկ է ամեն մարդու համար: Մեր հայրենի հողի համար կռվել ու ընկել են շատ ու շատ քաջեր և մենք պատվով ենք հիշում նրանց անունները` Հայկ Նահապետից մինչև 2020 թվականի Արցախի պատերազմում հերոսացած մարտիկները: Նրանք իրենց հայրենիքն իրենց կյանքից էլ թանկ գնահատեցին, կռվեցին ու պայքարեցին, սիրեցին ու սիրվեցին:

Սուրբ է հայոց հողը: Եվ մենք երբեք չպե՛տք է թողնենք, որ պիղծ թշնամին ոտք դնի այս մաքուր ու սուրբ հողի վրա, ոչնչացնի մեր հինավուրց ու սուրբ քաղաքները, գյուղերը, բնությունը, տաճարները, վանքերը, խաչքարերը, մատյանները․․․ Եվ ամենակարևորը չե՛նք թողնի, որ թշնամին տիրի այն հողին, որի վրա թափվել է մեր քաջ զինվորների սուրբ արյունը:

Հայրենի հողի ուժով ներշնչված, գրում եմ տողերն այս սրտիցս բխած.

Դու իմ սրտի լույս,

Դու իմ հոգու հույս,

Երկի՛ր հարազատ,

Անկա՛խ ու ազատ:

Մեր քաջ զինվորն է քեզ պահել, փրկել,

Քեզ համար է նա արյունը թափել,

Իմ հո՛ղ հայրենի, երկի՛ր դարերի,

Ապրու՛մ եմ քեզնով, հույսով հավատով:

Հավանեցի՞ր. տարածիր