Արփի Մուրադյան
Երևանի համար 171 հիմնական դպրոց
6-րդ դասարան
Դու կարող ես լինել և՛ երևանցի, և՛ սփյուռքահայ, և՛ արցախցի… Բայց քո հայրենիքը կմնա Հայաստանը։ «Հայաստան» բառն արտասանելիս զգում ես ջերմություն, սփոփանք և մոռանում ես վատի մասին։ Ամեն հայի ցավը դառնում է քոնը։ Հայրենիքը այն է, ինչին դու չես կարող դավաճանել, իրավունք չունես։ Դու կյանքդ պիտի տաս ամեն թիզ հողի համար։ Բարբարոս, բռնակալ թշնամուց կազատվես։ Հայրենիքը քո տունն է, քո հողը, քո անունը և… հենց դու։
Դեռ հասուն տարիքում չլինելով՝ դու գնում ես սահման, կռվում մինչև վերջ, քանի որ գիտակցում ես՝ քո նախապապերն են այդտեղ պատմություն կերտել, զարգացրել բնօրրանը, մարտնչել հացի և կյանքի համար։ Գիտակցում ես՝ ընտանիքդ կարող է այլևս չտեսնել քեզ, դու այլևս ընկերներիդ չես հանդիպի… Բայց քո սիրտն է դա կամենում, արյունդ է ստիպում։
Գնում ես առանց որևէ տարակուսանքի, հասկանում քայլերիդ պատճառը։ Սահմանին հանդիպում ես այլ մարդկանց, բայց գիտակցում ես, որ ոչ բոլորն են այդտեղ պատմությունը և հայրենիքը պաշտպանելու նպատակով։ Մեկը սոցիալական ցանցերում նկար տեղադրելու համար է եկել, մեկը՝ ծնողների կամքի համաձայն, մեկը՝ պետության հրամանով։ Մի մասը սկզբում է հրաժարվում և փախչում է առանց հետ նայելու։ Սակայն նվիրյալ զինվորը կանգնում է արիաբար՝ պատրաստ հարվածելու վայրենի ոսոխին։
Հանկարծ լսում ես հրետանու խլացուցիչ ձայնը։ Սրտիդ տրոփյունը անհնար է լռեցնել, դու ոգևորությամբ սլանում ես դեպի այն կողմը, որտեղ շատ շուտով թեժ պիտի մարտ լինի։ Հակահարված ես հասցնում, և հանկարծ հեռվում՝ լեռների մյուս կողմից, լսվում է հակառակորդի զինտեխնիկայի պայթյունը։ Ուրախության ճիչ ես արձակում․ սա քո առաջին փորձն էր և այն հաջողվե՜ց։ Գալիս են ընկերներդ, գնդապետը՝ լայն ժպիտը դեմքին։ Քեզ հպարտ ես զգում, տպավորություն կա, ԹԵ լեռներ ես տեղաշարժել։ Իհարկե, սա վերջին հարվածը չէ, դեռ շատերը կլինեն, և դու անկասկած պիտի դիմադրես դրանց բոլորին։
Հաջորդ օրը նկատում ես երկու նոր ծանոթներիդ վիճելիս։ Որոշում ես հասկանալ՝ ինչի հետ է կապված նրանց վեճը, սակայն չես հասցնում աչքդ թարթել, երբ լեզվակռիվը դառնում է մեծ քաշքշոց։ Շտապում ես նրանց բաժանելու, սակայն հարվածը հասնում է քեզ։ Այս դեպքից հետո որոշ ժամանակով հիվանդանոց ես տեղափոխվում։ Մտածում ես՝ այդ ի՞նչ հարված կարող էին հասցնել, որ քեզ հիվանդանոց տանեին։ Քեզ ոչ ոք էլ չէր դանակահարել կամ ուրիշ կերպ վնասել։ Պարզապես այդ հոգեկան ճնշումն էր պատճառը․ մի ընկերդ այնքան է ատում մյուսին, որ պատրաստ է հարվածել նրան։ Իսկ այդ դեպքում ինչպե՞ս կարող են միասնական լինել և պայքարել թշնամու դեմ։ Մեկ օր հանգստանալուց հետո վերադառնում ես սահման՝ շարունակելու դիմադրել ոսոխին և կատարելու պարտքդ հայրենիքի նկատմամբ։ Քեզ դիմավորում են ջերմ, սակայն հայացքդ ընկնում է երկու կռվողներին։ Նրանք դեպքից հետո քո շնորհիվ մտերմացել են։
Արդեն երեք շաբաթ է անցել պատերազմի սկսվելուց։ Քեզ արդեն ոչ միայն սահմանում, այլ նաև ժողովուրդն է ճանաչում։ Քեզնով հպարտանում են ամենքը, սոցցանցերում տեսնում ես քո հերոսական արարքների տեսահոլովակներ…
Վերջերս չէր ստացվում լիարժեք քնել, ուտել, նույնիսկ շունչ քաշելու ժամանակ չէր մնում։ Այսօր նույնպես մի այդպիսի օր է։ Քնաթաթախ ես, հյուծիչ պատերազմը արդեն դարձել է ապրելակերպ, ու հիմա քո միակ ցանկությունը նրա՝ օր առաջ դադարելն է։ Սակայն չի կարելի ասել, որ բոլորն էին նույն վիճակում։ Մարդիկ կային՝ մի լավ քնում էին՝ առանց մտածելու գլխի գալիքի մասին։ Ո՛չ, այնպես չէ, որ ով քնում է, մեղավոր է, բնա՛վ։ Անսահման ցավ էիր զգում, երբ կողքիդ կանգնած քաջ մարտիկին, ում հետ մի քանի րոպե առաջ էիր խոսում, հարվածում է հրետանին։ Հասկանում ես՝ այդ բոլոր տղաները մի օր կդառնային ճարտարապետ, երգիչ, ֆիզիկոս, գիտնական, մարզիկ… Սակայն հակառակորդը չի պատրաստվում խնայել երիտասարդ քաջերին։
Հազիվ ստացվում է հանգստանալ։ Դու ընկել ես մտքերի գիրկը, հիշում ես երբեմնի դեպքեր։ Կարոտում ես ընտանիքիդ, սակայն ոչինչ չես կարող անել, հիմա դու կատարում ես քո պարտքը հայրենիքիդ հանդեպ։ Եթե մոռանանք վերջերս կատարված դեպքերը, դու պարզապես բազմակողմանի զարգացած երիտասարդ ես։ Միջազգային մրցաշարներում զբաղեցրել ես բարձր տեղեր, ծնողներիդ հպարությունն ու պարծանքն ես։ Տիրապետում ես հինգ լեզվի, որոնցից երեքը կատարելությամբ գիտես։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների մեծ սիրահար ես։ Այս ամենին զուգահեռ՝ ամաչկոտ մի տղա ես… Ժամանակը սպառվեց․ հանգստի ժամն ավարտված է․ գնում ես հետ՝ դիրքեր։
Այս ժամանակահատվածում հասցրել ես ձեռք բերել բարեկամներ, ընկերներ և ջերմ շրջապատ։ Շուտով ծննդյանդ տարեդարձն է՝ առաջինը, երբ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ես։ Հիշում ես քո անցյալ տարեդարձները՝ շրջապատված հարազատ մարդկանով։ Այդ ժամանակ քո կյանքը դեռ անհոգ էր․ չէիր մտածում տխուր բաների մասին։ Քո միակ զբաղմունքը գրքերն էին, մաթեմատիկական խնդիրները, ֆիզիկայի բանաձևերը… Հիմա ուրիշ է՝ անհանգստացած ես հայրենիքիդ ճակատագրով, մտահոգված ընկերներիդ անկումներով։ Կյանքը իսկապես ուրիշ գույն է ստացել և ոչ պայծառ։
Այսօրը սաստիկ մշուշ է. թվում է՝ հիմա անձրև պիտի տեղա ու հաշտեցնի երկու հակառակորդին։ Սակայն այն ուշանում է, կուտակվում է ամպերի մեջ։ Զգացվում է՝ երկինքն էլ է զայրանում, սպասում է խաղաղության։ Գիշերը մնացել է հետևում․ արշալույսն է մոտենում։ Այն պահին, երբ թվում է՝ այլևս կրակոց չի լսվի, կրկին պայթյունի ձայն։ Դուրս եք գալիս նկուղից ու մոտենում հրանոթին։ Տարածքը պատված է մառախուղով․ հազիվ ես կողմնորոշվում շրջակայքում, սակայն երևում է պայթուցիկի պայծառ լույսը։ Նկատում ես՝ շատ չի մնացել․ ահա կհասնի ընկերոջդ։ Նետվում ես դեպի նա: Հանկարծ ամբողջ կյանքդ աչքերիդ առջևով է անցնում։ Առաջինը կենդանանում են խոր մանկության հիշողությունները։ Երբեք չես հիշել այս պահերը, բայց հանկարծ դրանք ճեղքում են միտքդ։ Երբ անցյալում փորձում էիր հիշել մանկության որևէ դեպք, ոչինչ չէր ստացվում։ Սակայն հիմա կամքիցդ անկախ հանկարծ պարզ տեսնում ես այդ դրվագները։ Օրինակ՝ տեսնում ես, թե ինչպես է մայրդ քեզ փորձում խոսել սովորեցնել։ Կամ մի այլ դրվագ, երբ առաջին ընկերոջդ ես հանդիպում երեք տարեկան հասակում (ի դեպ, մինչև հիմա էլ պահպանում եք կապերը)։ Բոլորի կարծիքով՝ դու անմեղ երեխա ես, բայց այդ պահին հասկանում ես՝ դու բոլորովին անսխալ չէիր։ Մեղքերդ իրար հետևից անցնում են մտքովդ։ Թեպետ եթե ուրիշ անկյունից նայես, ինքդ քո հանդեպ դաժան ես վարվում, թերագնահատում քեզ։ Մարդիկ կան, որ իրենց չունեցածը այնպես են ներկայացնում, որ քեզ մեքենաբար նրանցից քիչ ես գնահատում։ Զգում ես անկասելի ցավ կրծքի վրա։ Բայց չես ուզում լալ, գոռալ, օգնություն կանչել։ Պատճառված ցավը քեզ թեթևություն է պարգևում, ուժասպառ մարմինդ վերջապես այլևս պարտավոր չէ պայքարելու, վազելու, հրանոթը լիցքավորելու։ Դու պարզապես ամպերի մեջ ես հայտնվում, աշխարհը դառնում է մի դատարկություն ։ Խնդիրների մասին մոռանում ես, անհոգ ես դառնում։ Մի պահ հասկանում ես՝ ամենայն հավանականությամբ արդեն մահացել ես, բայց դա այդքան էլ վատ չէ։ Շատերը սարսափում են մահից, քանի որ նրանց կարծիքով դա դժոխային մի բան է։ Ոչ մեկն էլ պատկերացում չունի, թե ինչ կարող է լինել կյանքից հեռանալուց հետո։ Թեպետ եթե մեղքերով ես մահացել, հազիվ թե երջանկության հաջորդի երկրային կյանքին։ Բայց եթե դու զոհվում ես ընկերոջդ և հայրենիքիդ համար, չարիքը չի կարող հաջորդել կյանքիդ։
Ուզում եմ մի բան միայն հիշես. ինչ էլ պատահի, ինչ էլ լինի պատերազմից հետո, որտեղ էլ մենք հայտնվենք, քո անունը հավերժ ենք հիշելու։