Լուսինե Հովսեփյան
Մայիսյանի միջնակարգ դպրոց
8-րդ դասարան
Վերնագիրը միավորում է հակասող բառեր՝ ներսը և դուրսը, կեղևն ու բովանդակությունը, ձևն ու էությունը, տունն ու փողոցը, հայրենիքն ու օտար ափերը․․․ Այս երկու բառերի համադրումը անծայր մտքեր է ծնում։
Այստեղ խոսքը մարդու մասին է, նրա հոգու և արտաքին աշխարհի հարաբերության։
Ներաշխարհ և արտաքին աշխարհ․․․ Եթե ուզում ենք ապրել արտաքին աշխարհում, հարկավոր է ներքին աշխարհը կարգավորել, համաձայնության գալ ներքին ես-ի հետ։ Ի՞նչն է մեզ խանգարում ապրել երջանիկ։ Ինչո՞ւ չենք վայելում կյանքը։ Ո՞րն է մեր ներքին անհաշտությունների պատճառը։ Փորձում էի գտնել այս հարցերի պատասխանը, երբ լսում էի զրուցակիցներիս պատմություններն այն մասին, թե ինչ բախումներ են ունեցել կյանքում, ինչպես են տակնուվրա եղել նրանց երիտասարդ, փխրուն հոգիները։
Շատերն էին շեշտում միտքը, թե չարժե լինել անկեղծ, սրտաբաց, մերօրյա աշխարհում պետք չէ վստահել ոչ ոքի։ Եվ լսում էի պատմություններ այն մասին, որ կյանքը դաժան է, անարդար, որ շատ հաճախ խոստումները փուչ են։ Հիմնականում աղջիկները պատմում էին կոտրված անուրջների մասին և նշում, որ այժմ փակվել են արտաքին աշխարհից։ Մտածում էի և չէի հասկանում՝ առանց մարդուն վստահելու ինչպե՞ս շփվես նրա հետ, ինչպե՞ս ճանաչես այն աշխարհը, որ քեզանից դուրս է: Որքա՞ն կարող ես առանձնացած ապրել։ Ես այդպես չեմ կարող։ Մեկ օր միայն առանց դպրոցի, առանց ընկերների, և կարծես շնչահեղձ լինեմ։ Այո՛, եղել են անհաջողություններ, բայց դրանք կոփել են, նույնիսկ ստիպել առաջ շարժվելու կյանքում։
Մի հետաքրքիր պատմություն եմ լսել, որ շատ է տպավորվել իմ մեջ։ Թոռնիկը հուսահատ ու լացակումած գնում է տատիկի մոտ՝ մխիթարություն գտնելու։ Պատմում է գլխին եկածը, ասում, որ դժբախտ է և այլևս ուժ չունի պայքարելու։ Ի պատասխան՝ տատիկը նրան տալիս է մի գազար, մի ձու և մի փոքր սուրճ և պատվիրում դրանք եփել։ Զարմանում է աղջիկը, բայց կատարում է տատի առաջադրանքը։ Երբ մթերքը եփվել էր, տատիկն ասում է․ «Պատկերացրո՛ւ, որ կյանքը եռացող ջուր է: Տե՛ս, ամուր գազարն ինչպես փափկեց ջրում, մինչդեռ փխրուն ձուն կոփվեց, ամրացավ։ Մի գդալ սուրճը փոխեց ամբողջ ջուրը, այն պատեց իրենով։ Մտածի՛ր թոռնիկս, ինչպիսին ես ուզում լինել կյանքում։ Կյանքը լի է փորձություններով։ Հաղթահարելով դրանք՝ դու կամրանաս և գուցե կարողանաս սուրճի պես փոխել այն միջավայրը, որում հայտնվես։ Աշխատի՛ր քո գոյությամբ գույն ու բույր տաս կյանքին»։
Ներքին անհաշտությունները սկսվում են մեր երկու ես-երի բախումից։ Երբեմն մեր ներաշխարհում լինում է մի մութ անկյուն, որը ստիպում է մեզ տանջվել ողջ կյանքի ընթացքում։ Մեզ համար սովորություն է դարձել ամեն բանի պատասխանը փնտրել դրսում՝ մարդկանց կարծրատիպերի, կարծիքների, վերաբերմունքի մեջ։ Ու այդ կարծիքներն են, որ արգելում են անել մեր սրտի ցանկությունը։
Երբեմն հոգին խոցվում է դավաճանություններից կամ թանկագին մարդկանց կորուստներից; Շատ կարևոր է, որ այդ ընթացքում մեր կողքին ճիշտ մարդիկ լինեն, ովքեր պատրաստ են հասկանալու, մխիթարելու, ուժ տալու։
Իմ կարծիքով՝ մարդուն նաև ինքնավստահություն է պետք, հատավ սեփական ուժերի ու կարողությունների նկատմամբ։ Այդ դեպքում նա ավելորդ չի լարվի պատասխանատու քայլեր պահանջող որևէ իրադարձությունից առաջ, կլուծի ցանկացած խնդիր։
Երբ մարդը ծնվում է, նա մաքրամաքուր է, մաքուր է նաև նրա աուրան, բայց ժամանակի ընթացքում նրա վրա բազմաթիվ արտաքին գործոններ են ազդում։ Ուստի շրջակա աշխարհը փոխելու համար մենք պետք է նորից փոխենք ինքներս մեզ։ Նախ փոխենք մեր մտքերը, մտածենք բարու մասին։ Այդպես ինքնաբերեբար կփոխվեն մեր զգացմունքներն ու արարքները։
Պատկերացնեն՛ք մեր երազած ու փայլուն ապագան և սկսե՛նք մեր առջև դնել վեհ նպատակներ։ Պատկերացնե՛նք մարդու մեր իդեալը և աշխատենք դառնալ այդպիսին։ Երբ մարդը ճանաչում է իրեն, հասկանում իր ուզածը, ապա ով էլ ինչ ասի, դա նրա վրա չի ազդի բացասաբար, չի ընկճի։ Եվ կարևոր է հիշել։
Ես հարուստ կենսափորձ չունեմ, բայց ձգտում եմ ճանաչել ինձ լիովին, ճանաչել մարդկանց և հասկանալ խաղաղ ու ներդաշնակ կյանքի բանաձևը, երբ ներսն ու դուրսը լրացնում են իրար, երբ չկան կործանիչ բախումներ նրանց միջև։ Մարդիկ երջանիկ են ներդաշնակության մեջ։