Նիկոլո Պագանինի

Նիկոլո Պագանինին իր ժամանակների՝ Իտալիայի ամենահանրահայտ ջութակահարն ու կոմպոզիտորն էր:

Դու հավանաբար գիտես, որ ջութակն ունի 4 լար: Պագանինիի բացառիկ տաղանդն այն էր, որ կարողանում էր հրաշալի նվագել ոչ միայն 4 լարի վրա, այլև միայն մեկի:

Մարդիկ այնքա՛ն էին սիրում նրա երաժշտությունը, որ բանաստեղծություններ էին գրում նրա մասին, ամենուրեք միայն Պագանինիի մասին էին խոսում, թերթերը գրում էին նրա հերթական համերգի մասին, հիանում էին նրանով:

Նիկոլոյի հայրը խիստ, կարելի է ասել դաժան մարդ էր: Բայց այդ խոժոռադեմ մարդը երաժշտություն շատ էր սիրում և մանդոլին էր նվագում: Երբ հայրը ձեռքն էր վերցնում մանդոլինը, Նիկոլոն չէր հեռանում նրա կողքից:

Նա 4 տարեկան էր, երբ մի անգամ ասաց, որ հայրիկը նվագելիս սխալվեց: Զարմանալին այն է, որ հայրը ոչ թե բարկացավ տղայի վրա, այլ նրան մեկնեց իր մանդոլինը: Նիկոլոն վերցրեց գործիքն ու անսխալ նվագեց այդ նույն մեղեդին: Հայրը զգաց, որ Նիկոլոն երաժշտական տաղանդ ունի և նրա համար ջութակ գնեց: Դա ամենակարևոր իրադարձությունն էր փոքրիկ Նիկոլոյի կյանքում:

Նիկոլոն առաջին անգամ բեմում նվագել է 11 տարեկանում: Պատմում են, թե ինչպես գունատ դեմքով, հուզմունքից դողալով բեմ բարձրացավ մի փոքրիկ, նիհարիկ տղա, որի մի ձեռքում ջութակն էր, մյուսում` աղեղը: Բայց հենց առաջին նոտայից ասես կայծ անցավ նրա մարմնով. աշխուժացավ, աչքերը սկսեցին փայլել, և նա կարծես կենդանացավ երաժշտության առաջին հնչյունների հետ:

Ասում են` Նիկոլոն դպրոց չի գնացել: Սակայն նա բարեկիրթ էր, մի քանի լեզու գիտեր, շատ գրքեր էր կարդացել: Պատանեկան ու երիտասարդ տարիներին Պագանինին ինքնակրթությամբ էր զբաղվում։

Հավանեցի՞ր. տարածիր