Շները և նրանց անհամար ծառայությունները մարդուն

Շունը վայրի կենդանի է: «Ինչպե՞ս թե»,- կզարմանաք դուք: Բայց չէ՞ որ բոլոր կենդանիներն էլ մի ժամանակ վայրի են եղել: Միայն թե որոշներին մարդը վաղուց է ընտելացրել, իսկ որոշներին՝ համեմատաբար ավելի ուշ:

Շանը մարդն ընտելացրել է դեռևս 12 հազար տարի առաջ: Այդ ընթացքում ձևավորվել է շների մի քանի հարյուր ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես արտաքնապես, այնպես էլ, բնականաբար, վարքագծով:

Շներն ունեն զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Հմուտ վազորդ են և լողորդ: Սովորաբար շունը ծնում է մի քանի ձագ, որոնք սկզբում ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ ատամ ունեն: Ապրում են 10-12, երբեմն՝ մինչև 17 տարի: Ուտում են միս, շիլա, կրծոտում ոսկոր: Կզարմանաք, բայց որոշ դեպքերում շները սնվում են նաև բանջարեղենով:

Շները լինում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ:

Ծառայողական շներից են հովվաշները՝ արևելաեվրոպական, շոտլանդական, կովկասյան, հարավռուսական: Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են: Արևելաեվրոպական հովվաշները «ծառայում» են պետական սահմանին, հետախուզության ոլորտում: Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերն են պաշտպանում գիշատիչներից: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների «հովվությունը», ինչպես նաև սահնակով մարդկանց և բեռներ են փոխադրում:

Ծառայողական շներից նյուֆաունդլենդները կարողանում սուզվել և փրկել խեղդվողներին:

Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է:

Ծառայողական շների շարքից են նաև սենբեռնարները. նրանք էլ, նյուֆաունդլերների պես, «փրկարարներ» են, բայց «մասնագիտացված» են դժվարանցանելի վայրեր սողոսկելուն:

Որսորդական շներից են գայլանման լայկան, գեղեցկատես քերծեները, որոնք վազում են այնքան արագ, որ ձիերն անգամ հետ են մնում նրանցից: Ինչպե՞ս են նրանք «աշխատում»․ արագ առաջ են անցնում և որսին հալածելով մոտեցնում են որսորդին։

Մեծ խումբ են կազմում նաև գեղազարդիչ շները: Նրանք գրեթե բոլորը փոքր են։ Թոյտերիերի զանգվածը, օրինակ, հասնում է առավելագույնը 3 կիլոգրամի: Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, և հակառակ իրենց չափերին՝ երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու:

Կան նաև բուժիչ շներ՝ վարժեցված ապահովելու մտերմության և հարմարավետության զգացում հիվանդանոցներում, վերականգնողական կենտրոններում գտնվող, ծերանոցներում, հատուկ դպրոցներում, աղետի գոտիներում ապրող, ինչպես նաև աուտիզմ ունեցող մարդկանց համար։

Հավանեցի՞ր. տարածիր