Ուր են տանում մարդուն նորագույն տեխնոլոգիաները

 Գայանե Մելքոնյան

Վ. Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Ժամանակակից աշխարհը փոխվում է ամեն օր: Մարդը պետք է հասցնի յուրացնել տարբեր գիտելիքներ, որպեսզի հեշտությամբ ընկալի նորն ու նորագույնը: Նորագույն տեխնոլոգիաները գիտելիքը յուրովի օգտագործելու նոր գործիքներ են դարձել: Կրթված, դաստիարակված մարդը նորագույն տեխնոլոգիաները լավ ու բարի նպատակներին է ծառայեցնում: Ապրելու, արարելու համար կարևոր է հմտանալ դրանցում:

 Թե ուր են տանում նորագույն տեխնոլոգիաները մարդուն, կախված է միայն նրանից, բայց դատելով զարգացման ներկայիս տեմպերից՝ կարելի է պատկերացնել: Ցանկացած երևույթ ունի իր դրական և բացասական կողմերը: Ջուրը կյանքի աղբյուր է, բայց խեղդվողի համար՝ մահվան պատճառ: Դանակը վիրահատող բժշկին օգնում է կյանքեր փրկել, իսկ մարդասպանի ձեռքում ՝ ոճիրի պատճառ դառնում:

 Նորագույն տեխնոլոգիաների մասին մտածելիս մտքի թռիչքին հետևելով՝ ստանում ենք երևակայական արդյունք, բայց ոչ անսպասելի ու անհավանական:

 Ամենաստույգն այն է, որ այդ ամենը տեղի է ունենալու շատ արագ, ստեղծելու է իրարամերժ կարծիքներ, սերունդների միջև տարաձայնություններ: Ցավոք, լինելու են նաև տուժողներ, զոհեր, բախումներ, կորուստներ, արժեհամակարգերի հակասություններ: Գերիշխող կլինի վերացականը, սակայն դա ավելի կարժևորի իրականի և կենդանի շփման կարևորությունը: Մարդկության պատմության ընթացքում ոչ մի մարդկային արժեք չի արժեզրկվել. խամրել է, թուլացել, աղոտվել, բայց ո՛չ արժեզրկվել: Այդպես լինելու է միշտ…

 Լինելով արկածային գրականոթյան սիրահար՝ սիրում եմ նաև հայտնի մարդկանց մասին կարդալ, որոնք գյուտերի հեղինակ են կամ պատմական դեմքեր: Էյնշտեյնի մասին կարդալիս շատ զարմացա, երբ նրա մրցակից Էդիսոնը փղին հոսանքահարեց, որպեսզի ապացուցի էլեկտրական հոսանքի բացասական հետևանքները և վարկաբեկի մեծ գյուտարարին: Նորագույն տեխնոլոգիաները նույնպես «հոսանքահարված փղեր» կտան, բայց կլինեն նաև մարդկային մտքի վառ փայլատակումներ, որոնք լուսավոր ապագայի առհավատչյա կդառնան:

Միայն կցանկանայի, որ ամեն նոր հայտնագործություն կոդավորված լիներ այնպես, որ չար արարքը, կործանման հասցնող ծրագրերը արգելափակվեին և չիրագործվեին:

 Սերունդները սիրով, հանդուրժողականությամբ և երախտագիտությամբ դաստիարակվելու դեպքում չեն կատարի վատ արարքներ, հանցագործություններ չեն գործի: Ի վերջո՝ ամեն վատ արարքի հետևում թաքնված է ինչ-որ լուրջ պատճառ: Առողջ հասարակության մեջ չեն լինի բացասական գաղափարներ, որոնք կկիրառվեն կյանքում և նորագույն տեխնոլոգիաներում:

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդու իմունային համակարգը կլիցքավորվի, ինչպես հեռախոսը, բայց մարդը չի վերածվի ռոբոտի: Նորարարները կգտնեն առողջության նոր բանաձևերը: Նորաոճ ու ժամանակակից կհամարվեն թռչող քաղաքները: Կհայտնագործվեն նորագույն ճեպանուղիներ՝ գերարագ ու գերհզոր շարժիչներով մեքենաների, գնացքների համար:

Նորագույն տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կանխի մարդու կողմից կենդանական աշխարհի ոչնչացումը, բնությունը զարթոնք կապրի: Նրանք դրական լիցքեր կհաղորդեն մարդկանց և կստեղծեն ուրախ մթնոլորտ: Կարմիր գրքում հայտնված բոլոր տեսակները կփրկվեն ոչնչացումից: Հատուկ համակարգերի շնորհիվ կկանխվեն հրդեհները, աղետները. կլինեն հատուկ նախազգուշացնող միջոցներ՝ վնասը նվազագույնի հասցնելու համար:

Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն կստեղծեն վերակառուցելու հնագույն քաղաքները: Կապացուցվի, որ Հայաստանը քաղաքակրթության հնագույն օրրաններից է:

Հավանեցի՞ր. տարածիր