Չինաստան

Գիտե՞ս, չինացիներն ասում են, որ անհնար է ճանաչել ու հասկանալ իրենց երկիրը, եթե չես տեսել Չինական մեծ պարիսպը: Դրա համար էլ մենք ճամփորդությունը պարսպից սկսեցինք: Հիմա չշրջե՞նք Չինաստանով, քանի դեռ երկրագնդի այս կողմերում ենք…

Գիտե՞ս, որ հայերը Չինաստանում հարգված էին և ունեին նավեր, առևտրային տներ: Չնայած չինացիները օտարերկրացիներին չէին վստահում, բայց հայերին թույլ էին տալիս ազատ ելումուտ անել երկիր, նույնիսկ Չինաստանի ա՛յն շրջանները, որտեղ այլ օտարերկրացիների մուտքը խստիվ արգելված էր: Եվրոպացիները հագնում էին հայ վաճառականի հագուստ, որպեսզի կարողանան շրջել երկրով:

Չինացիները հնագույն ժողովուրդ են:

Չինաստանն աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է. այստեղ 1 միլիարդ 3 միլիոն մարդ է ապրում: Դա նշանակում է, որ մեր մոլորակի ամեն 5-րդ բնակիչը չինացի է:

Չինաստանն իր մեծությամբ աշխարհում 3-րդ երկիրն է:

Չինաստանի մայրաքաղաքը Պեկինն է: Իսկ ամենամեծ քաղաքը Շանհայն է:

Մայրաքաղաք Պեկինի կենտրոնում է գտնվում Կայսերական պալատը: Հինգ հարյուր տարի շարունակ այստեղ իրավունք ունեին ապրել միայն կայսրերն իրենց ընտանիքներով: Նույնիսկ պալատականներն ու պաշտոնյաներն ապրել են քաղաքի սահմաններից դուրս: Պալատն ունի 9999 սենյակ և շրջափակված է բարձր պատով: Տեսնես կայսեր երեխաները ինչպե՞ս չեն մոլորվել իրենց պալատի 9999 սենյակներում:

Չինացիները գրում են ոչ թե տառերով, ինչպես մենք, այլ հիերոգլիֆներով. դրանք հատուկ նշաններ են: Թերթ կարդալու համար չինացին պետք է երեք հազար հիերոգլիֆ իմանա: Իսկ կրթված մարդը հինգ հազար հիերոգլիֆ գիտի: Կարծում եմ` այնքան էլ հեշտ չէ կրթված չինացի լինելը:

Չինացիները բրինձ շատ են սիրում: Եվ ուտում են ո՛չ պատառաքաղով, ո՛չ գդալով, այլ երկու բարակ փայտիկով: Զարմանում եմ, թե նրանց ինչպես է հաջողվում փայտիկներով բռնել բրնձի մանր հատիկներն ու ուտել…

Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որ ամեն ընտանիք կարող է միայն մեկ երեխա ունենալ, քանի որ Չինաստանի բնակչությունը տեսար, թե որքա՛ն շատ է: Այնպես որ չինացի երեխաները հիմնականում քույրեր ու եղբայրներ չեն ունենում… Կարծում եմ` նրանք տխրում են մենակ…

Հավանեցի՞ր. տարածիր