Գիտե՞ս, թե երբ են մարդիկ հուշարձան կանգնեցնում. երբ ցանկանում են որևէ նշանավոր մարդու հիշատակը կամ որևէ հիշարժան դեպք հավերժացնել։
Հաճախ հուշարձանը միայն մեկ արձան է, ինչպես քեզ հայտնի Սասունցի Դավթի արձանը։ Երբեմն էլ այն կարող է բաղկացած լինել մի քանի կոթողներից և կոչվել հուշահամալիր։
Հայաստանի նշանավոր կոթողներից է Սարդարապատի հուշահամալիրը: Այն նվիրված է հայ ժողովրդի կարևորագույն հաղթանակներից մեկին՝ Սարդարապատի ճակատամարտին, որը տեղի է ունեցել մայիսի 21-ից 28-ը։ Այստեղ գեղեցիկ հուշահամալիր էլ կա: Ամեն տարի մայիսի վերջին տոնում ենք այդ հաղթանակը և հպարտանում, որ մեր նախնիները հերոսաբար կռվել ու թշնամուց պաշտպանել են մեր սիրելի հայրենիքը։
Հուշարձանի ամեն մի կոթող իր խորհուրդն ունի։
Համալիրի մուտքի մոտ մեր առջև են ելնում երկու ահեղ ցուլեր, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի անկոտրում ուժը։ Իսկ քիչ այն կողմ վեր է խոյանում բարձր զանգակատունը՝ պատերազմի տագնապը խորհրդանշող զանգերով։ Իսկ այսօր դրանք ղողանջում են քաջ հերոսների հիշատակին:
«Պաշտպանության պատը» խորհրդանշում է Հայաստանը պաշտպանելու դուրս եկած ժողովրդին։ Այդ պատի վրա կան ճակատամարտը պատկերող հետաքրքրական քանդակներ։
Իսկ խրոխտ արծիվները, որոնք կանգնած են թիկունքով դեպի թշնամին, նման են մեր ժողովրդի խաղաղ կյանքը պաշտպանող քաջ զինվորներին։ Բայց մի՞թե հնարավոր է ամեն ինչ պատմել. այդ ամենը պետք է տեսնել սեփական աչքերով: