Լեզուն մշտապես սեղմության ձգտող համակարգ է։ Այդ է պատճառը, որ հին տեքստերում միշտ կարելի է գտնել բառերի, կապակցությունների ավելի ընդարձակ ձևեր, որոնք ժամանակի ընթացքում սեղմացել են։ Օրինակ՝ երբևիցե, որևիցե բառերը մերօրյա տեքստերում արդեն գրեթե չեն հանդիպում. դրանց ասես ամբողջությամբ փոխարինել են երբևէ, որևէ ավելի կարճ ձևերը։ Կամ՝ «կարծում եմ, որ…», «թվում է, թե…» կապակցումներն այսօր ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում զեղչված շաղկապով՝ «կարծում եմ՝ …», «թվում է՝ …»։ «Ցավոք սրտի» վերաբերականին փոխարինել է պարզ «ցավոք»-ը։ Եվ ա՜յլն, և այլն։
Սակայն երբեմն որևէ միտք, որևէ դատողություն շեշտելու համար «ավելորդ» բառերի պահպանումը կամ նույնիսկ դրանց հատուկ ներմուծումը էական դեր կարող է ունենալ։ Համեմատենք․
- Այդ տարածաշրջանը արևմտյան ազդեցության տակ է։
- Այդ տարածաշրջանը գտնվում է արևմտյան ազդեցության տակ։
Առաջին տարբերակում իրողությունը կարող վերաբերել միայն ներկա դրությանը, իսկ երկրոդ տարբերակում հստակ է մշտականության ընդհանուր իմաստը։ (Այստեղ հարկ է նշել, որ «գտնվել» բառի գործածությունը ռուսաբանություն չէ․ նման կապակցություններ հանդիպում են անգամ գրաբարում)։
- Ողջ գիշեր տևած քննարկումներից հետո որոշվեց…
- Ողջ գիշեր տևած քննարկումներից հետո կայացվեց որոշում՝ …
Ակնհայտ է, որ երկրորդ տարբերակում իրադարձությանը շատ ավելի մեծ նշանակություն է տրվում։
- Աշոտը՝ իմ ընկերը, նույնպես պետք է ներկա լինի բանակցություններին։
- Աշոտը, այսինքն իմ ընկերը, նույնպես պետք է ներկա լինի բանակցություններին։
Պարզ է, որ երկրորդ տարբերակում խոսողը հավելյալ շեշտում է հենց իր ընկերո՛ջ մասնակցության կարևորությունն իր համար։
Վերոնշյալ օրինակները ևս մեկ անգամ հաստատում են, որ լեզվական աշխատանքը հաճախ ավելի շատ ստեղծագործական հայացք է պահանջում, քան թե սոսկ զանազան կանոնների իմացություն, առավել ևս՝ կառչածություն դրանցից։ Սա է պատճառը, որ լեզվաբանության մեջ այդքան հաճախադեպ է «լեզվազգացողություն» բառը, մինչդեռ երբեք չենք լսի, ասենք, «մաթեմատիկազգացողություն», «ֆիզիկազգացողություն» բառեր։
Ն․ Աբասյան