Վերլուծություն

Անգելինա Գրիգորյան

Վանաձորի համար 1 հիմնական դպրոց

8-րդ դասարան

Ամեն անգամ գրքեր կարդալով` ես բաժանում եմ կյանքս երկու մասի՝ տվյալ գիրքը կարդալուց առաջ և հետո: Այս մեթոդի շնորհիվ հասկանում եմ՝ արդյո՞ք գիրքն ազդեցություն ունեցել է իմ տեսակետների, աշխարհայացքի վրա, թե՞ ոչ: Ինչպես ասել է Կասանդրա Քլերը․ «Մարդիկ պետք է միշտ զգուշանան գրքերից և դրանց պարունակությունից, քանի որ բառերն ունեն մեզ փոխելու ուժ»:

Գրքերը լուսավորում են մեր հոգին, վերացնում և ամրապնդում մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում մեր միտքն ու մեղմացնում սիրտը: Այո՛: Գիրքն անծայր օվկիանոս է՝ մի աշխարհ, որտեղ երևակայությունը կարող է թռչել մինչև հավերժություն: Լավ գիրք կարդալով՝ դու հայտնվում ես նրա ազդեցության տակ: Զգում ես ամեն մի բառը, նախադասությունը: Այս մրցույթի գրքերը ևս բացառություն չէին կազմում: Ես ընտրել եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը, Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» պատմավեպը և Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիք» վեպը: Երեքն էլ այնպիսի զգացողություններ հաղորդեցին ինձ, որ նկարագրել հնարավոր չէ: Տագնապը, թախիծը, ցավը և կսկիծը եղան այդ օրերի անբաժան մասը:

«Գիշերային թռիչք» ստեղծագործությունը պատմում է առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրենի՝ Ռիվիերի մասին, որն աչքի էր ընկնում իր հաշվարկների ճշգրտությամբ, խստապահանջությամբ և անտարբերությամբ: Նրա կարգախոսն էր. «Սիրե՛ք այն մարդկանց, որոնց ղեկավարում եք, բայց երբեք դա նրանց մի ասեք»: Այո՛, խիստ հավասարակշռված էր Ռիվիերը, չէ՞ որ տնօրինում էր մարդկան ճակատագրեր, իսկ դա պահանջում էր աչալրջություն: Նա շատ խելացի էր, և գիտակցում էր, որ թռիչքը կատակ բան չէ և կարող է վտանգել մարդկային կյանքեր: Մի անգամ Ռիվիերն իր ստորադասին՝ Ֆաբիենին, ուղարկում է գիշերային ուղևորության, բայց նրանք հայտնվում են ծուղակում… Ֆաբիենը կին ուներ, ով սպասում էր իրեն: Բայց կարևորն այն էր, որ Ֆաբիենը դեռ հավատում էր, որ Արգենտինայի մրրկահողմը կավարտվի: Հավատում էր, որ քիչ վառելիքով կհասնի նշանակված հասցեն, իսկ ներքևում՝ հավերժությունն էր… Հույսը չէր կորցրել և Ռիվիերը, չէ՞ որ նա պայքարում էր գիշերը նվաճելու համար: Իսկ Ֆաբիենը զգում էր, որ իր գոյությունը պահպանելու համար կենթարկվի ցանկացած հրահանգի: Բայց ցավոք, այս անգամ հրահանգ չկար…

Բոլորը մտածում էին, որ այլևս չեն լինի գիշերային թռիչքներ, բայց ոչ, Ռիվիերը շարունակում է պայքարել: Երբ արդեն ուղին գծված է, չես կարող հետ դառնալ կես ճանապարհից: Իսկ Ֆաբիենը զոհվեց…

Այս վիպակից ես հասկացա, որ երբեք պետք չէ հանձնվել և հուսահախաբ լինել, չէ՞ որ հույսը վերջում է մահանում: Պետք է առաջ շարժվել, նայել դժվարություններին և ասել՝ ես ավելի ուժեղ եմ: Պետք է միայն և միայն առաջ շարժվել, որպեսզի հասնես հաջողության: Ես ընկերներիս կհորդորեմ կարդալ այս հիանալի գիրքը, որպեսզի նրանք նույնպես ըմբռնեն, որ պետք է անկոտրում կամք ցուցաբերել, երբեք չընկրկել, միշտ նայել առաջ՝ թեկուզ հետևում թողնելով մարդկանց, որոնց համար մի ժամանակ դու նշանակություն չունեիր:

Հաջորդ գիրքը, որն ընթերցել եմ մեծ հետաքրքրությամբ, գայլի մասին էր, որն ուներ նաև շան արյուն: Դա Գորշուկն էր, Սպիտակ ժանիքը, անգին գայլը․ անվանեք նրան, ինչպես ուզում եք, միևնույն է՝ նրա էությունը դրանից չի փոխվի: Սպիտակ ժանիքը ունենում էր շատ արկածներ: Բայց ամեն ինչ այդքանել հեշտ չէր: Նա շատ փորձությունների միջով է անցնում ՝ հարմարվելով և՛ հյուսիսի, և՛ հարավի կյանքին: Նրան հանդիպում են շատ «աստվածներ», ովքեր իրեն ընտելացնում են: Երկար մաքառումներից, որոնումներից հետո գայլը վերջապես գտնում է իր երջանկությունը: Նա կարողանում է մինչև վերջ վստահել, և դա այս դեպքում ճիշտ որոշում էր: Սպիտակ ժանիքը ընտելանում է նաև հարավի կյանքին և հավատարմությամբ ծառայում իր տերերին: Իհարկե, կենսական կարևորություններից է նաև հարմարվողականությունը, որի շնորհիվ դու քեզ մեկուսացված չես զգա արտաքին աշխարհից: Ես ընկերներիս կհորդորեմ կարդալ այս գիրքը, որպեսզի հասկանան, որ անկախ ամեն ինչից՝ դժվարություններից, հիասթափություններից հետո նույնպես կարելի է վստահել և նվիրվել (իհարկե արժանի մարդկանց): Այս պատմության մեջ խոսվում է մարդու և կենդանու հարաբերությունների մասին, որն իրոք շատ հուզիչ է:

Վերջին ստեղծագործությունը, որը ես ընթերցել եմ, մարդկային ճակատագրերի, մարդկային հարաբերությունների և պատերազմի մասին է: Գրքի հերոսները դասընկերներ են, որոնք մահվան ուղին բռնել են պատերազմում: Պատերազմ… Ա՜խ, ընդամենը մեկ բառ և մարմնովդ դող է անցնում: Պատերազմ, որտեղ կային և՛ շահողներ, և՛ պարտվողներ: Պարտվողները վիրավորներն էին, որոնց միանգամից անդամահատում էին: Իսկ նրանց մեջ կային և՛ վազորդներ, և՛ լողորդներ, որոնք մանկուց ի վեր չիրագործված երազանքներ ունեին, որոնք պատերազմի «շնորհիվ» չէին իրականանա…

Այդ պատերազմում հեղինակը կորցրեց ընկերներ, որոնց երազանքները հօդս ցնդեցին: Եվ դու սկսում ես վախենալ, որ ընկերոջդ, որ քեզ հետ է մանուկ հասակից, էլ չես տեսնի… Ու՞մ է սա պետք: Այս պատմությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, տակնուվրա արեց ներաշխարհս: Ես հասկացա, որ պետք է գնահատել մեր հարազատների, մտերիմների կողքին անց կկացրած ամեն մի վայրկյանը, և իհարկե հավատալ, որ խավարի վերջում լույս է լինելու, որպեսզի խավարի միջով զգույշ և միաժամանակ համարձակ անցնենք: Ես ընկերներիս միանշանակ կհորդորեմ, որ ամեն չարիք ավարտվում է, լինի դա պատերազմ, թե ինչ-որ վարակ: Հիշե՛ք, ամեն բան լավ է լինելու:

Հավանեցի՞ր. տարածիր