Վերլուծություն

Գայանե Մելքոնյան

Վ. Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Սենտ-էքզյուպերիի «Գիշերային թռիչք» ստեղծագործությունը նկարագրման կատարելագործված եղանակ էր ինձ համար․ հնարավորություն էր տալիս տեսնել ամեն ինչ օդաչուների օրինակով: Գործնականորեն տեսա մարդկային խառնվածքները, բնավորության գծերը: Պարզորեն երևում են մտորելու ու եզրակացնելու հնարավորությունները, որոնք մարդուն փոխվելու լավ նախապայմաններ են հանդիսանում: Աշխատակիցների ձգտումները պարզորոշ տալիս էին իրենց արդյունքները: Բայց ինձ համար մերժվեցին խստության որոշ դրսևորումներ, որքան էլ հիմնավոր էին: Առանձնացրի Պատագոնիայի ինքնաթիռի օդաչուին և Ռիվիերի տնօրենի՝ ծայրահեղություններով լի կերպարը:

Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» կարդալիս ակամայից համեմատական տարա այն հայերի հետ, որոնք կամա թե ակամա սերվում են ծագումով ոչ հայ ծնողներից: Գուցե պատմվածքի մեջ գայլի առկայությունը պատճառ դարձավ, որ մտաբերեմ հայ նախապապ ունեցող թուրքերին․․․

Հետաքրքիր էր այն գաղափարը, որ միասնական ուժը անխոցելի, անհաղթահարելի է և, ընդհակառակը, միայնակներն են խոցելի: Ճակատագրական էր Լիփ-լիփի անսպասելի սպանությունը, որից հետո մերժվեց Սպիտակ ժանիքը: Հետաքրքիր էր, որ մերժված կարելի է լինել նրանց կողմից, ում աստվածացնում ու մեծարում ես:

Ջոն Գրինի «Թղթե քաղաքներում» կարելի է տեսնել պատանեկան խենթություններ: Ասենք՝ հոնք սափրելը, նամակների մեջ կամ ավտոմեքենայի նստատեղի տակ ձուկ դնելը նույնքան ծիծաղել և զավեշտալի է, որքան մեր օրերում: Կարծես մերօրյա խենթություններ նկարագրված լինեն: Հետաքրքիր էր Մարգոյի հուշումների մեթոդը, իր ընտրած վայրը և թղթե քաղաքի գաղափարը: Մարդը պետք է հասկանա իր երևակայության լրջությունը, առավելություններն ու խենթությունները: Երբեք չպետք է խառնել իրականի ու երևակայականի սահմանները: Հետաքրքիր էին Քվենթինն ու ընկերները: Հետաքրքիր ու յուրահատուկ էին բոլորը:

Մեծ կամք ունենալու և դժվարություններից չհուսահահատվելու լավ ուղիներ է ցույց տալիս «Ալյասկայի որոնումներ» ստեղծագործությունը, սովորեցնում է, թե ինչպիսի մեծ դժվարություններ կարելի է հաղթահարել նպատակներին հասնելու համար:

Սիրելի՛ հասակակից, մի՛ զրկվիր այս բավականությունից և թո՛ւյլ տուր քեզ անգին այս ճանապարհորդությունը, որի համար ոչինչ չես վճարելու՝ բացի մի փոքր ժամանակից: Փոխարենը կունենաս հրաշալի զգացողություններ, խորհելու նյութ, ձեռք կբերես ինքնուրույն վերլուծելու կարողություն և այնպիսի «բանալիներ», որոնք մեծամեծ դռներ կբացեն դեպի բարի մտածումների գունագեղ հորիզոններ:

Հավանեցի՞ր. տարածիր