Հայկ Գրիգորյան
Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց
7-րդ դասարան
«Արևմտյան ճակատում նորություն չկա»։ Էրիխ Մարիա Ռեմարկի այս ստեղծագործությունը, լինելով արգելված իր հայրենիքում՝ Գերմանիայում, շատ կարճ ժամանակահատվածում թարգմանվեց տարբեր լեզուներով՝ դասվելով համաշխարհային գրականության լավագույն նմուշների շարքում։
Այս գիրքը հերոսապատում չէ կամ էլ քաջագործությունների մասին պատմող մի վեպ։ Սա իրական պատերազմի մասին մի ստեղծագործություն է, որի հերոսները Առաջին աշխարհամարտի մասնակիցներ են, ովքեր, թողնելով իրենց երիտասարդությունը, նպատակները, երազանքները, մեկնում են ռազմաճակատ։
Տասնութից քսան տարեկան երիտասսարդներ, որոնց առջև կյանքը դեռ նոր է իր դռները բացելու, հանկարծ հայտնվում են մի դժոխքի մեջ, որտեղից անհնար է դուրս գալը։ Դժոխք, որ պատերազմ անունն ուներ, դառնում է արհավիրք շատերի համար՝ զրկելով նրանց ապագայից։
Վեպը պատմվում է գրքի գլխավոր հերոսի՝ Պաուլ Բոյմերի դեմքով։ Նա իր մանկության ընկերների՝ Լեերի, Մյուլլեերի, Քրոփի, Թյադենի, Հայեի, Դեթերինգի հետ, իրենց ուսուցչի դրդմամբ, հայտնվում է ռազմի դաշտում։ Նրանք պատերազմի մասին լսել էին միայն գրքերից և պատրաստված չէին ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեպես։ Տղաները ծանոթանում են իրենցից մի փոքր փորձառու զինվորների հետ և նետվում ռազմի դաշտ, պայքարում, կռվում, փորձում դիմանալ, դիմանալ դժոխքի անմարդկային, դաժան, կեղտոտ պայմաններին և մի կերպ են գլուխ հանում այդ ամենից։ Արևմտյան ճակատում հայտնվածների համար կյանքը կանգ է առնում։ Նրանցից ոմանք խելագարվում են, ոմանք ինքնասպան լինում, ոմանք էլ մարտի դաշտում ընկնում։ Նրանք սպանվում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
Սա է պատերազմի դաժան օրենքը։ Տասը շաբաթ զինվորական պատրաստություն ստացած և առաջնագծում հայտնված նորակոչիկները պաշտպանվում են միայն ոչնչացումից, պայքարում են միայն ողջ մնալու համար։ Հարյուրհիսունհոգանոց վաշտից ողջ է մնում միայն երեսուն-քառասուն մարդ։ Ամեն մի կորստից հետո ողջ մնացած զինվորն ավելի մոտից է զգում մահ կոչված հրեշի ստվերը։
Մեկը մյուսի հետևից շարունակվող մարտերի ընթացքում նահատակվում են Պաուլի ընկերները։ Վեպի գլխավոր հերոսն ընկնում է ծանր հոգեկան ապրումների մեջ։ Նա այլևս երիտասարդ չէ։ Նրա համար կյանքն ունի գորշ ու դաժան երես, հուսահատ ու տառապած հոգի, վառոդի ու ածուխի բույր, որից անհնար է հեռու փախչել։ Նա այս նույն զգացողություններն է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ վերադառնում է հայրենի տուն։ Այստեղ նա հասկանում է, որ ամեն ինչ այլևս առաջվանը չէ, որ ինքը էլ հարազատ քաղաքի մասնիկը չէ…
Եվ Պաուլը նորից վերադառնում է ռազմաճակատ։ Նա կարծես փախչում է ինքն իրենից։ Աշխարհում ամեն ինչ կորցնում է իմաստը։ Այդ զգացողությունն ավելի է խորանում, երբ նա ձեռնամարտի ընթացքում առաջին անգամ մարդ է սպանում։ Կատարվածը տակնուվրա է անում Պաուլի հոգեկան աշխարհն այն աստիճան, որ նա դիակից ներողություն է խնդրում։ Նա հասկանում է, որ սա էլ է պատերազմի մի մասը կամ, ավելի ճիշտ, էությունը։
Անցնում են օրեր։ Առաջնագծում վիճակը կարծես թե սկսում է կայունանալ։ Որոշ ժամանակ դադար է տիրում։ Բայց պատերազմն այնքան դաժան է գտնվում, որ կյանքեր է խլում նույնիսկ զինադադարի ժամանակ։ Զոհվում է նաև Պաուլի վերջին ընկերը՝ Քաթը։ Նրա լավ բարեկամն ու խորհրդատուն, վերջին հույսն ու ապավենը։ Պաուլը մնում է բոլորովին միայնակ։ Դատարկություն է տիրում նրա հոգում։ Զգում է, որ հոգեպես մահացել է և մտածում է, որ ավելի լավ կլինի, եթե ինքն էլ փարվի հողին ու ընդմիշտ ձուլվի նրան։ Նա հասկանում է, որ պատերազմն արդեն բան չունի իրենից վերցնելու, որովհետև նա էլ բան չունի տալու…
«Նա ընկավ 1918-ի հոկտեմբերին՝ մի օր, երբ ողջ ռազմաճակատը խաղաղ ու հանգիստ էր այնքան, որ ռազմական ամփոփագիրը միայն մի նախադասությամբ էր սահմանափակվում. «Արևմտյան ճակատում նորություն չկա»»։
Նա ընկել էր բերանքսիվայր ու պառկել հողի մեջ ասես քուն մտած։ Նրան շրջելով՝ հասկանում են, որ երկար չի տանջվել։ Նրա դեմքն այնպիսի խաղաղ արտահայտություն ուներ, կարծես գոհ էր, որ այդպես եղավ։
Սա է պատերազմում հայտնված զինվորի ճակատագիրը։
Ահա և վերջ։ Այսպիսի ավարտ ունեցավ այս գիրքը։
Ինչո՞ւ… Ո՞վ է մեղավոր… Ի՞նչ մեղք ունեն այս երիտասարդները, որոնց այսպիսի կյանք էր բաժին հասել։ Կամ ի՞նչ մեղք ունի այն մայրը, ում որդին հաշմանդամ դարձած է տուն վերադառնում, կամ այն աղջիկը, ով ամբողջ կյանքում սպասելու է սիրած տղայի վերադարձին։ Ո՞վ է մեղավոր… Ինչո՞ւ…
Անպատասխան այս հարցերը տանջում են ինձ։ Ես հասկանում եմ, որ նրանք զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն սերունդների, հանուն…
Այս գիրքը կարդալուց հետո ես ողջ հոգով զգացի պատերազմ կոչվող արհավիրքի դաժանությունը։ Հասկացա, որ իրական պատերազմը իմ կարդազած այլ գրքերից, դիտած ֆիլմերից, վիրտուալ խաղերից ստացած իմ տպավորությունը չէ։ Պատերազմը զինվորի չապրած կյանքն է, կորցրած երազանքը, ապրած հուսահատությունը, վառոդի դառը հոտն է, խաղաղության տենչը, արևի լույսին սպասելու կարոտը, փրկության սպասումը…
Այս գիրքը ստիպեց ինձ նայել կյանքին զինվորի աչքերով։ Այն իմ կարդացած ամենահուզիչ գրքերից մեկն է, որը խորհուրդ կտամ ընթերցել իմ հասակակից ընկերներին։
Ես փակեցի «Դորիան Գրեյի դիմանկարը» գրքի վերջին էջը։ Մտքերը, որ համակել էին ինձ, չէին թողնում գիրքը դնել դարակում։ Նայեցի շապիկին, որի վրա պատկերված էր Դորիան Գրեյի աղավաղված դիմանկարը։ Նայեցի ու շատ տխրեցի։ Ափսոսացի, որ վեպն այսպիսի վերջաբան ունեցավ։ Հիշեցի, որ երբ դեռ նոր էի սկսել ընթերցումը, ես մտովի տեսնում էի գեղեցիկ երիտասարդի հմայիչ դեմքը, տեսնում էի նրա բարի հոգին, որովհետև միշտ մտածել եմ, որ արտաքնապես գեղեցիկ մարդիկ ունենում են նաև գեղեցիկ ներաշխարհ։
Նկարիչ Բեզիլ Հոլլուորդն էլ, երբ առաջին անգամ պատահաբար հանդիպում է Դորիան Գրեյին, միանգամից նկատում է նրա գեղեցիկ հատկանիշները։ Նկատում ու կերտում է իր ստեղծագործությունների գլուխգործոցը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը»։ Կապուտաչյա, բարձրահասակ, շիկահեր քսանամյա երիտասարդը դառնում է նկարչի արվեստի հոգին, նրա մուսան։
Բնորդի գեղեցիկ արտաքինը, որ որսում է նկարիչը և կարողանում է ամենայն մանրամասնությամբ կտավին հանձնել, տեսնում է նաև ընթերցողը։ Դորիան Գրեյի հանդիպումը ընթերցողի հետ հենց դիմանկարի օգնությամբ է կատարվում։
Ես էլ սկզբում միայն գեղեցիկն ու բարին էի տեսնում երիտասարդի մեջ։ Բայց իմ պատկերացրած բարի, սիրունատես երիտասարդի կերպարն աստիճանաբար սկսում է խամրել, քանի որ հետզհետե բացահայտվում է հերոսի չար հոգին։
Առաջին անգամ, երբ բնորդը՝ Դորիան Գրեյը, տեսնում է դիմանկարը, հասկանում է, որ երիտասարդությունն ու գեղեցկությունը հավերժ չեն, իսկ դիմանկարը արվեստի կատարյալ, մնայուն արժեք է։ Նա նախանձում է դիմանկարին, քանի որ դիմանկարը կարող է պահպանել այն, ինչը բնորդը կորցնում է ժամանակի ընթացքում։
Նախանձ․ ահա մի զգացում, որ պղտորում է երիտասարդի ներաշխարհը։ Սակայն միայն նախանձը չէ, որ տեղ է գտնում երիտասարդի հոգում։ Մեծամտությումը, եսասիրությունը, գոռոզությունը, ինքնասիրահարվածությունը՝ հատկանիշներ, որոնք արմատավորվում են նրա մեջ այն պահից սկսված, երբ ընկերանում է լորդ Հենրի Ուոթթոյի հետ։ Լորդ Հենրին կարողանում է բացասաբար ազդել Դորիան Գրեյի բնավորության վրա։ Հաճույք․ ահա սա է կարևորը կյանքում։ Գեղեցկությունը, երիտասարդությունը, պճնամոլությունը պետք է լինեն իմաստները կյանքի և այդպես էլ պետք է ապրել կյանք։ Սրանք են լորդ Հենրիի գաղափարները։
Դորիանն այնպես է ոգեշնչվում այս գաղափարներով, որ կորցնում է իր կյանքի առաջին սիրուն՝ Սիբիլ Վեյնին։ Նա վերջինիս դրդում է ինքնասպանության։ Սա առաջին մեղքն է, որ Դորիան Գրեյը գիտակցում է, և դիմանկարի վրա հայտնվում է կնճռի նման առաջին դրոշմը։ Միայն Դորիանն է տեսնում նկարի աղավաղումը, քանի որ դիմանկարը դառնում է բնորդի հոգու հայելին։ Նրա ամեն մի անբարո ու անմարդկային արարք իր հետքն է թողնում դիմանկարի վրա։ Այն վերջնականապես այլանդակվում է, երբ Դորիան Գրեյը սպանում է նկարչին՝ Բեզիլ Հոլուորդին։ Դորիանը հասկանում է, որ նկարը իր մեռած խիղճն է։ Հոգեկան ծանր վիճակում՝ նա դանակով հարձակվում է կտավի վրա և նույն դանակով էլ վերջ է տալիս նաև իր կյանքին։
Ահա այսպիսի վախճան է ունենում արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ, բայց հոգեպես ապականված ու բարոյազրկված հերոսը՝ Դորիան Գրեյը։ Նա տրվեց հաճույքին։ Հաճույք, «որը բնության փորձաքարն է, որով նա ստուգում է մարդուն»։ Դորիան Գրեյը չկարողացավ մարդ մնալ։ Նա կորցրեց խիղճը։ Խիղճ, որը վերահսկում է կյանքը և որի շնորհիվ մարդը մարդ է մնում։
Յուրաքանչյուր մարդ կարող է մի նոր բան գտնել այս գրքում։ Այն դեռ երկար կմնա համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործությունների ցանկում՝ այնքան, քանի դեռ աշխարհի երեսին ապրում է մարդը, մարդը, ում մեջ ապրում են բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը, սերն ու ատելությունը, ազնվությունը և խարդախություւնը, խիղճը և… Պարզապես մարդն այնպես պետք է ապրի, որ դրական հատկանիշները մեծանան՝ կարողանալու միշտ զսպած պահել չար կրքերը։
Աշխարհը կենդանու աչքերով. սա կասեմ ես Ջեկ Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վիպակի մասին։ Երևի թե կզարմանաք ու կհարցնեք, թե ինչ կարող է ասել կամ պատմել կենդանին աշխարհի մասին։ Բայց հավատացա՛ծ եղեք, որ կենդանին ապրում է այնպիսի մի կյանք, որ կարողանում է զգալ և ցույց տալ կյանքի թե՛ դաժան ու դժվար, թե՛ ուրախ ու երջանիկ պահերը։
Կենդանին, որը սովորական մի շնագայլ է, ծնվել է Ալյասկայում՝ Ոսկու տենդի ժամանակաշրջանում։ Նրա հայրը գայլ է, իսկ մայրը՝ շուն։ Կորցնելով հորը, քույրերին ու եղբայրներին՝ Սպիտակ ժանիքը մնում է մոր հետ միայնակ։ Մայրը՝ Կեչին, սկսում է քիչ առ քիչ գորշուկին հարմարեցնել բնության դաժան օրենքին։ «Կյանքը կյանքով է սնվում։ Աշխարհի բոլոր կենդանի արարածները բաժանվում են երկու մասի՝ նրանք, ովքեր ուտում են, և նրանք, ում ուտում են։ Այդ օրենքը ասում է՝ կեր կամ քեզ կուտեն»։ Ահա այսպես է դաստիարակում մայրն իր փոքրիկ գորշուկին։ Գորշուկը ուսանում է և ամեն մի կատարած սխալից հետո ավելի շատ բան է իմանում։
Այսպես անցնում են օրեր։ Մի օր էլ գորշուկն ու մայրը, անզգուշության պատճառով, հայտնվում են հնդակացիների մեջ, որոնց նա աստված է կոչում և հնազանդվում է։ Սկսում է գորշուկի նոր կյանքը։
Սպիտակ ժանիք․ այսպես է անվանում շնագայլին նրա նոր տերը՝ Գորշ Ջրշունը։ Գորշ Ջրշունը մահակով ու բռունցքներով է ընտելացնում շնագայլին։ Սպիտակ ժանիքը հասկանում է, որ իր կյանքը կախված են տիրոջ հրամաններից։ Նա հասկանում է, որ «աստվածները պատժելու իրավունքը վերապահում են իրենց, իսկ իրենց ենթակա կենդանիներին զրկում են այդ իրավունքից»։ Այս ընթացքում նա շատ ծանր օրեր ու հալածանքներ է տեսնում թե՛ մարդկանցից և թե՛ «ընկեր» շներից։ Նա, զրկվելով մորից, զգում է, որ այլևս մենակ է այս աշխարհում։ Շնագայլի մեջ զարգանում է մարդուն ենթարկվող շան տեսակը։ Աստիճանաբար նրա մեջ ձևավորվում են ճարպկությունն ու խորամանկությունը։ Նա բոլոր շներից տարբերվում է արագաշարժությամբ, անողոքությամբ, դիմացկունությամբ և խելացիությամբ։
Ահա այսպես մեծանում է շնագայլը՝ դառնալով ուժեղ ու լայնաթիկունք մի հսկա։ Սպիտակ ժանիքը տիրոջից ստանում է հովանավորություն, սնունդ, տաքություն, ինչի դիմաց պահպանում է նրա ունեցվածքն ու պաշտպանում նրան։
Այսպես անցնում են օրերը և մի անգամ էլ Գորշ Ջրշունը վաճառում․․․ ավելի ճիշտ՝ վիսկիի հետ է փոխանակում Սպիտակ ժանիքին։
Բոլորովին նոր օրենքներով ու նոր կյանքով է սկսում ապրել շնագայլը։ Նոր տերը՝ Սիրուն Սմիթը, նրան փակում է վանդակում, շղթաներով կապկպում ու կատաղության է հասցնում այն աստիճան, որ կենդանին դառնում է իսկական գազան՝ սարսափազդու մի դև՝ ի զորու մի քանի րոպեում ծվեն-ծվեն անելու դիմացինին։ Խելագար «աստվածը»՝ Սիրուն Սմիթը, գոտեմարտեր է կազմակերպում և գրազով կռվեցնում Սպիտակ ժանիքին, իսկ նա միշտ հաղթանակած է ելնում մարտերից։ Սիրուն Սմիթը նրան դարձնում է վայրենի, չար, դաժան մի գազան, որը իր փորձառությամբ ու խորամանկությամբ շատ մենամարտերում է հաղթող ճանաչվում։ Հավաքված հետաքրքրասեր ամբոխի առաջ նա մի քանի անգամ կարողանում է գայլերի հոշոտել և նույնիսկ մի անգամ էլ լուսանի է ծվեն-ծվեն անում։ Սկայն հերթական մի կռվի ընթացքում գայլը չի կարողանում ազատվել բուլդոգ շան երախից և տանուլ է տալիս մենամարտը։ Գազազած տերը դաժանաբար ծեծում է նրան։ Սպիտակ ժանիքին փրկում է տեղի հարգված մարդկանցից մեկը՝ Ուիդոն Սքոթը։
Ուիդոն Սքոթը դառնում է Սպիտակ ժանիքի նոր տերը։ Նա սկսում է նոր օրենքներով՝ սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ դաստիարակել շնագայլին։ Նոր՝ անըմբռնելի գեղեցիկ շրջան է սկսվում Սպիտակ ժանիքի կյանքում։ Նախկին գայլային կյանքով ապրող վայրագ ու դաժան գազանը աստիճանաբար վերափոխվում է, դառնում հնազանդ, հավատարիմ իսկական մի շուն։ Նա, որ իր կյանքում երբեք չի սիրել և ոչ էլ ուրիշի սերն է վայելել, այժմ ապրում է այդ անծանոթ ու հրաշալի զգացողությունը։
Նոր տերը սիրեց Սպիտակ ժանիքին ամբողջ սրտով, և Սպիտակ ժանիքն էլ սիրեց նրան ողջ հոգով։ Նա հավատաց տիրոջը և ընդունեց նրան…
Ի պատասխան տիրոջ ջերմության ու հոգատարության՝ կենդանին հսկում է ագարակը, իսկ հետո վտանգելով կյանքը փրկում է Ուիդոն Սքոթի հորն ու դառնում բոլորի սիրելի Անգին գայլը։
Բայց մինչ Անգին դառնալը Սպիտակ ժանիքը անցավ կյանքի՝ իրարից շատ տարբերվող երեք շրջափուլերով. առաջինում նա ձեռք բերեց հնարամտություն, ճարպկություն, ապրելու կամք, ոտքի վրա մնալու ուժ, երկրորդում սովորեց դաժանություն, սառնասրտություն, չարություն, իսկ երրորդում՝ բարություն, քնքշություն, հավատարմություն ու սիրո բերկրանք։ Սա է կյանքը։ Նա գորշ գայլուկից դարձավ Սպիտակ ժանիք, հետո՝ Անգին Գայլ։ Այդ ամենի միջով նրան տարավ Սպիտակ ժանիքի «աստվածը»՝ մարդը։ Ամեն անգամ նա դարձավ իր աստծու բնավորության կրողը։ Նա ամբողջովին նմանվեց այն մարդուն, ում հետ այդ պահին վիճակված էր ապրել, հարմարվեց այն միջավայրին, որտեղ ստիպված էր գոյություն պաշտպանել։
Ես հասկացա, որ ապրելով որևէ միջավայրում՝ մարդը չպետք է տրվի նրան ու կորցնի իր անձը։ Նա պետք է ուժեղ գտնվի, որ չզրկվի իր մեջ ապրող գեղեցիկից։ Հենց այս մտքի համար էլ խորհուրդ կտամ, որ բոլոր իմ տարեկիցները կարդան այս վիպակը։
Մի շնագայլի օրինակով Ջեք Լոնդոնը բացահայտել է մարդկային հոգու ողջ էությունը։ Էություն, որի վրա մեծ ազդեցություն է ունենում միջավայրը՝ իր բոլոր գրված ու չգրված օրենքներով: Էություն, որտեղ պետք է ապրի բարին, հավատարմությունը, ճշմարտասիրությունը, հավատը, հույսը և սերը։ Զգացողություններ, որոնք իմաստն են կյանքի և գաղտնիքը երջանկության։