Վերլուծություն

Մարիա Հակոբջանյան

Գ. Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոց

9-րդ դասարան

Ընթերցանությունը դեպի հաջողություն և իմաստնություն առաջնորդող անմար փարոս է, քանի որ թույլ է տալիս կիրառելի դարձնել ստացած գիտելիքները, փորձը և հմտությունները, որոնք ամփոփված են գիրք կոչվող հնոցներում:

Գրքեր կարդալը մեզ հնարավարություն է տալիս վերապրելու այն բոլոր զգացումները, որոնք ունենում են ստեղծագործության հերոսները։ Գրքի միջոցով մենք մտովի ականատես ենք լինում իրավիճակային անպիսի խնդիրների հանգուցալուծմանը, որոնց հանդիպում ենք նաև իրական կյանքում:

Աշխարհում կատարվում են տարատեսակ հանցագործություններ, որոնք խլում  են մարդկանց կյանքեր, ահռելի են կողոպուտների և գողությունների դեպքերը: Ակնհայտ է, որ դրանք պետք է բացահայտվեն: Շերլոկ Հոլմսը այն եզակի գրական հերոսներից  է, որ, համոզված եմ, գրավել է բոլորին իր համարձակությամբ և բացառիկ սուր մտքով: Կարդալով իր հետաքննությանն ու բացահայտումներին նվիրված հերթական գիրքը՝ ես կասկած անգամ չունեի, որ Հոլմսը, ի ցույց դնելով իր անգնահատելի ունակությունները, հերթական անգամ դիպուկ բացահայտումներ կանի: Հոլմսին «ծանոթ» էի դեռ վաղ տարիքից: Այն ժամանակ դեռ չէի հասկանում գրքերի վիպաշարն ու չէի ներթափանցում նրանց խորքային իմաստի մեջ, բայց շատ էի սիրում նրա կերպարը`խրոխտ, համարձակ, զննող: Այժմ հասկացել եմ, որ կյանքում ոչինչ չի կարող քողարկված մնալ․ վաղ թե ուշ ամեն ինչ բացահայտվում է, իսկ մեղավորներն անպայման կրում են իրենց պատիժը՝ զղջալով կամ գուցեև այդպես էլ չզղջալով նախկինում կատարած իրենց արարքների համար:

Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք, ով կփորձի գեթ մեկ անգամ ծանոթանալ Հոլմսի մասնակցությամբ իրականացվող քրեական բացահայտումներին, անկասկած կօգտագործի նրա հնարքները կյանքում և բազում օգուտներ կքաղի:

Շատ կարևոր է այնպես ապրել, որ կարողանաս օգտակար լինել մարդկությանն ու այն հասարակությանը, որի անդամն ես: Կյանքը լոկ վայելքներն ու զվարճանքները չեն: Այն նաև պատասխանատվություն է, հոգատարություն, ցավը տանելու և ներելու  ունակություն: Նմանատիպ խոհեր ունեցա, երբ ձեռքս վերցրի Դորիան Գրեյի մասին լեգենդար գիրքը: Օսկար Ուայլդի այս ստեղծագործությունը նրա գլուխգործոցներից է: Այն պատմում է մի երիտասարդի մասին, որը, սեփական սկզբունքները մի կողմ դնելով, տրվում է արատավոր հաճույքներին: Այս գիրքը դասվեց իմ ամենասիրելի ստեղծագործությունների շարքին, քանի որ սովորեցնում է ոտնակոխ չանել կյանքը՝ ո՛չ սեփական, ո՛չ ուրիշների, զվարճանքները չդարձնել կյանքի միակ նպատակն ու իմաստը:

Կարևոր է նաև սեփական ես-ի ճիշտ գնահատումը: Սեփական ես-ն ունակ է  թե՛ կործանել, թե՛ վերելքների հասցնել մարդուն: Սիրել քո ես-ը լավ իմաստով նշանակում է ձգտել կատարելագործման՝ վառված օր օրի ավելի լավը դառնալու ձգտմամբ, նշանակում է ունենալ քո շրջապատին երջանիկ դարձնելու և նրան պիտանի լինելու մեծ ցանկություն: Այն չի նշանակում տեսնել միմիայն քեզ ու սիրահարվել անձիդ: Դա կործանում է… Ահա թե ինչ սովորեցրեց ինձ Ուալդը:

Այժմ ուզում եմ խոսել Սպիտակ ժանիքի մասին: Նա գայլի մի փոքր ձագուկ էր, երբ որդեգրվեց մի մարդու կողմից: Այս կենդանին երբեք չէր տեսել մարդկային կերպարանք, դրա համար էլ նրանց աստված էր համարում: Սկզբից շատ երջանիկ էր իր տիրոջ հետ, մինչև որ Սիրունիկ Սմիթ անունով մեկ այլ մարդ խլեց նրան: Սա այնպիսի դաժան վիճակի է հասցնում Սպիտակ ժանիքին, որ վերջինս պարզապես գազան է դառնում: Բայց այնուամենայնիվ Սպիտակ ժանիքը ենթարկվում է Սմիթին, չէ՞ որ նա «աստված» էր, ճիշտ է, դաժան ու զզվելի, բայց աստված: Սակայն ինչպես բոլոր պատմություններում, այնպես էլ այստեղ գտնվում է և մի բարի ու ազնիվ արարած, որը կարողանում է շահել հուսահատ գայլուկի վստահությունն ու սերը: Այս ստեղծագործությունից ես հասկացա, որ կյանքը, թեև կարող է միառժամանակ դաժան ու անգութ լինել, բայց ի վերջո դառնում է այնքան բարի քո հանդեպ, որ դու մտածես, թե մինչ այդ եղածը լոկ վատ երազ էր: Մենք պետք է հասկանանք, որ դժվարություններն անցողիկ են՝ փորձություն, որն անցնելով՝ կհասնենք վերջնակետին, որտեղ մեզ սպասելու է փոխհատուցումն ապրած տառապանքների դիմաց՝ բարություն, խաղաղություն և ներդաշնակություն:

Ամփոփելով վերոնշյալ գրքերից ծնված մտքերը՝ կյանքի համար շատ կարևոր մի քանի դրույթներ առանձնացնեմ՝

  • լինենք մի փոքր խորամանկ, բայց ոչ երբեք ստոր ու նենգ,
  • սիրել կյանքը՝ առանց մոռանալու մեր պարտականությունները,
  • սիրել սեփական անձը միայն որպես մարդկությանը պիտանի արարածի,
  • հեռու մնալ դաժանություններից, լինել բարի և խաղաղարար:
Հավանեցի՞ր. տարածիր