Արփինե Մովսիսյան
Գորիսի համար 2 հիմնական դպրոց
5-րդ դասարան
Ես ընթերցել եմ «Զվարճալի հեքիաթներ», «Իմաստուն հեքիաթներ», «Խելացի հեքիաթներ», «Ուսուցողական հեքիաթներ» գրքերը: Բոլորն էլ շատ սիրեցի, քանի որ նրանք ունեն խորիմաստ վերջաբան և ուղերձ: Բոլոր հեքիաթները կարծես փոխկապակցված լինեն: Այս հեքիաթներից ես սովորեցի լինել բարի, խելացի, կամեցող, սիրել ու հարգել մեծերին, ծնողներին, լինել բարեգութ բոլորի նկատմամբ:
Այս հեքիաթները կյանքի դասեր են, որոնցում հեղինակը փորձում է բացահայտել իր հերոսների հոգեբանությունը, հակումները, բնավորության գծերը, նրանց լավ ու վատ կողմերը:
Ես հասկացա, որ հեքիաթը հենց իրական կյանքն է. նրանցում չկան այնպիսի պահեր, որոնք զարմացնեն կամ անծանոթ ու խորթ լինեն մեզ:
Եթե մարդը խորհուրդ չի ընդունում, ապա փորձությունն անխուսափելի է: Եթե դրանից հետո նա վերափոխվում է, ուրեմն դա պատիժ չէ, այլ փրկություն: Չէ՞ որ դրա շնորհիվ մարդը կյանքի մնացած մասը փորձում է ապրել գոնե ինչ-որ չափով ավելի ճիշտ:
Ես միշտ կարծել եմ, որ վախից նույնպես մարդիկ փոխվում են, բայց հասկացա, որ վախը ժամանակավոր զգացում է. միայն ճիշտ խորհուրդներն ու խրատները կարող են ելք ցույց տալ:
Հիշենք, թե ինչպես էր հայրը փորձում հետ պահել որդուն սխալ ճանապարհից, կտրել շահախնդիր ընկերներից…
Մահից առաջ որդու համար հայրն այնպիսի բան մտածեց, որպեսզի նա մեկընդմիշտ հասկանա, որ ինքը մենակ է. այս անգամ էլ հայրն էր մտածել որդուն որևէ կերպ փրկելու մասին:
Ես շատ կցանկանայի, որ իմ բոլոր ընկերները կարդային այս գրքերը, քննարկեինք և, ինչու չէ, անկեղծանայինք:
Մենք էլ հաճախ մեզնից անկախ թույլ ենք տալիս այնպիսի արարքներ, որոնք հակասում են մեր խոսքին:
Լավ խոսքերը մի բան են, ճիշտ գործելը` մի ուրիշ բան:
Համոզված եմ, որ կարդալուց հետո իմ ընկերներն էլ կհամոզվեն, որ աշխարհում ամենամեծ դատավորը խիղճն է:
Երանի այս կյանքում էլ չարը ժամանակին պատժվի, որ չհուսահատվի բարի մարդը, չընկճվի, որ հասկանա` ի վերջո իր բարությամբ փրկում է, ոչ թե բարության համար` կորցնում…
Երանի բարին թագավորի ամենուր, և խաղաղությամբ պսակվի ամեն գործ: