Վերլուծություն

Ատոմ Գրիգորյան

Գավառի համար 5 հիմնական դպրոց

4-րդ դասարան

Ես շատ եմ սիրում հետաքրքիր գրքեր կարդալ։ Երբ ուսուցչուհուցս իմացա «Էդիթ Պրինտ» հրատարակչության կազմակերպած մրցույթի մասին, շատ ուրախացա։ Դա մի նոր մարտահրավեր էր ու ժամանակս անցկացնելու հիանալի միջոց։

Հենց սկզբից ընտրեցի «Զարմանահրաշ հեքիաթները» ժողովածուն ու հետագայում չզղջացի։ «Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը» հեքիաթն ինձ սովորեցրեց լինել բարի ու հնարամիտ, բոլոր դեպքերում փորձել գտնել հնարավոր ելքերը։ Ես հասկացա, որ բարությունը հաղթող է։

«Աստղերից իջած կինը» Բարձր փետրավոր որսորդի ու Աստղային փերու սիրո պատմությունն էր։ Որսորդը սիրում էր իր ծննդավայրն ու ծնողին, ինչն ինձ շատ դուր եկավ, բայց տխրեցի փերու համար, քանի որ նա ստիպված եղավ թողնել հորը և քույրերին, որպեսզի մնար իր սիրելի ամուսնու հետ։

«Աներևույթ թագավորությունը» Հերգ անունով երազողի ու Երազների արքայի նվերների մասին էր։ Եթե շատ երազենք, կարող ենք հասնել դրանց, եթե անգամ ուրիշների համար անտեսանելի լինել։

«Թիթեռնիկը» հեքիաթը ժամանակը ճիշտ գնահատելու մասին էր։ Այն ինձ սովորեցրեց իզուր չկորցնել ժամանակը անկարևոր բաների վրա։ Ես մտածում եմ՝ վերնագիրը «Թիթեռնիկ» է, քանի որ մարդու օրը թիթեռի համար մի ամբողջ կյանք է, և թիթեռներին հետևած Նոկ Ֆանը հասկացավ՝ անգամ հեքիաթային, բայց անիրական կյանքով ապրելն անօգուտ էր իր համար։

«Արծաթե դրամը» հեքիաթում երևում է, որ ամեն բան իր արժեքն ունի: Ես մտածում եմ, որ կարևոր էր նաև հայրենիքի գաղափարը, քանի որ ամեն մեկն իր երկրում է հզոր և արժեքավոր, ինչպես արծաթե դրամը, որի ճիշտ նշանակությունը հասկացան միայն իր երկրում։

«Ջրահարսը» շատ տխուր հեքիաթ էր։ Ես չէի ուզի, որ այն այդպես ավարտվեր։ Հեքիաթը հետաքրքրասեր, նվիրված ու սիրող ջրահարսի կարճ կյանքի պատմությունն էր։ Իհարկե, լավ է, որ կան նման անկեղծ, մեծ սիրով լցված ու բարի հրեշտակների նմանվող արարածներ, բայց լավ կլիներ, որ վերջում նա հասներ իր նպատակին։

Գրքում ինձ ամենաշատը դուր եկավ «Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը» հեքիաթը, քանի որ այն ոչ միայն շատ հետաքրքիր էր, զարմանահրաշ, այլև սովորեցնում էր ամենադժվար դեպքերում անգամ ելքեր գտնել ու երբեք չկորցնել հումորի զգացումը։

Այս գիրքը խորհուրդ կտայի կարդալ իմ բոլոր ընկերներին։ Ես նրանց կասեմ․ «Եթե փնտրում եք զարմանահրաշ պատմություններով, հումորով ու հետաքրքիր արկածներով լի գրքեր, ապա կարդացեք «Զարմանահրաշ հեքիաթներ» ժողովածուն»։

«Իմաստուն հեքիաթներ» ժողովածուն շատ դասեր է տալիս ու սովորեցնում, թե կյանքում ինչն է ավելի կարևոր։ Կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է կարդան նման հեքիաթներ, եթե ուզում են հասկանալ այս կյանքի լավ ու վատ կողմերը։ Այս ժողովածուի բոլոր հերոսները կարող են լավ օրինակ ծառայել մեզ համար։ Եվ ես իմ ընկերներին անպայման խորհուրդ կտամ կարդալ այս հեքիաթները, որպեսզի լավ, իմաստուն մարդիկ դառնան։

Ե՛վ Սուլեյման թագավորը, և՛ Սողոմոն Իմաստունը նախընտրում են մինչև կյանքի վերջ շրջապատված լինել սիրելիներով, հարազատներով ու ընկերներով, քան դառնալ անմահ։

Մոնղոլական հեքիաթի հերոս Դավադորժիի արկածները, թեև սկզբում նման էին հայկական հեքիաթի հերոս Անխելք մարդու արարքներին, բայց հետո պարզվեց, որ Դավադորժին խորապես հասկանում էր իր արածների իմաստը, այն է՝ մարդն իր համար չի ծնվում, պետք է ուրիշներին էլ լավություն անի, իսկ այդ դեպքում իր համար էլ ամեն ինչ լավ կլինի։

«Անգին քարը» հեքիաթի հերոս Սայիդն էլ Հարուն Ալ Ռաշիդ արքային նվիրած իր քարով դառնում է արդարության խորհրդանիշ ու շարունակում օգնել կարիքավորներին։

«Անահիտը» հեքիաթը ես արդեն կարդացել էի, բայց շատ ուրախ էի, որ այս իմաստուն պատմությունն էլ էր այս ժողովածուում էր հայտնվել։ Արհեստը ոսկե բիլազուկ է։ Դրա կարևորությունը պիտի հասկանան և՛ արքաները, և՛ ռամիկները։ Հետաքրքիր է, որ այս անգամ հերոսը աղջիկ էր, որը ոչնչով չէր զիջում մյուս՝ տղա հերոսներին։

Պետք չէ լինել եսասեր հսկայի պես, թեկուզ նա ինքն էլ վերջում հասկանում է իր սխալը։ Պետք չէ հուսահատվել, քանի որ չկա չարիք առանց բարիքի։ Նաև փոքրերը կարող են իմաստուն լինել, ինչպես երևում է «Իմաստուն տղան» հեքիաթում։

«Զվարճալի հեքիաթներ» ժողովածուն ես ամենաշատը հավանեցի և խորհուրդ կտայի բոլոր այն ընկերներիս, որ սիրում են շատ ծիծաղել և գնահատում են նուրբ հումորը։ Ինձ համար ամենազվարճալին «Բարեկենդանը», «Վանականն ու դպրոցականը», «Վանահայրը և սպասավորը», «Հեքիաթասացը», «Աղքատն ու ժլատը» հեքիաթներն էին, որոնցում հնարամիտ հերոսները փայլում էին իրենց սուր մտքով։ Կարդալիս բարձր ծիծաղում էի ու հետաքրքրում նաև քրոջս։ Այս ժողովածուում նաև շատ խրատներ կան. այն է՝ պետք չէ լինել անխելք, գոռոզ, պաշտոնին անհամապատասխան, պարծենկոտ, ժլատ ու ագահ, ինչպես «Անխելք մարդը», «Պարծենկոտ Գեմբեյը», «Թագավորի նոր հագուստը», «Աղքատն ու ժլատը», «Հասան քաչալը» հեքիաթների հերոսները, որ չհայտնվես ծիծաղելի վիճակներում։

«Ուսուցողական հեքիաթներ» ժողովածուն խորհուրդ կտայի կարդալ ոչ միայն իմ ընկերներին, այլև մեծահասակ մարդկանց, որպեսզի վերհիշեն կարևոր արժեքները, չլինեն «Ոսկե բանալին» հեքիաթի հերոսուհու՝ անտառապահի աղջկա պես չլսող ու կամակոր, չծաղրեն իրենց ընկերներին կամ թերություն ունեցողներին, ինչպես բորենին՝ նապաստակին, հարգեն, պատվեն իրենց ծնողներին, ճիշտ օրինակ ծառայեն որդիներին, լինեն հաստատակամ, աշխատասեր և նպատակասլաց, հայտնի գիտնականներ դարձած Յուն Սուի, Հան Սեկ Բոնի, կիթառահար Ալչիդեի պես աներևակայելի վատ պայմաններում անգամ հասնեն իրենց նպատակին, չլինեն ագահ, չէ՞ որ երեք ոսկե աղյուսները կործանեցին երեք ընկերներին, և աղքատը կորցրեց երջանկության տված հնարավորությունը՝ վերցնելով ավելին, քան կարող էր կրել։ Եթե իշխող են, ապա թող լիովին հասկանան իրենց ժողովրդի վիճակը, տեսնեն թագավորի որդու քաղած առաջին դասերը, չարությանը պատասխանեն բարությամբ, ինչպես վարվում էր Բրահմադաթա արքան («Խրատ թագավորներին»), կարևորեն աշխատանքն ու համառությունը («Մոր սերը», «Հաստատակամ Յուն Սուն»), քանի որ օգտակար ու համառ աշխատանքից հետո հանգստանալը ամենալավ հաճույքն է աշխարհում («Հաճույքը»)։

Ես շարունակելու եմ կարդալ նաև մյուս ժողովածուները և խորհուրդ եմ տալու բոլոր ընկերներիս իրենց օրը լցնել իմաստուն, զվարճալի, զարմանահրաշ, կախարդական, ուսուցողական, խելացի ու բազմազան հեքիաթներով, քանի որ ի՞նչ կա ավելի հաճելի, քան ստանալ իմաստուն խորհուրդներ, կյանքի դասեր, զարգացնել երևակայությունը, անսպառ ծիծաղել, զվարճանալ ու տարբեր հերոսների հետաքրքիր արկածների մասնակիցը դառնալ։

Հավանեցի՞ր. տարածիր