Տաթևի գավազանասյուն

Տաթևում մի զարմանալի գավազանասյուն կա: Գիտնականներն ասում են, որ այն հայ ճարտարապետության հրաշալիքներից է: Գավազանասյունը 1100 տարեկան է: Պատրաստված է կաթողիկոսի գավազանի նման. ձողն է, վրան՝ գունդը, իսկ վերևում՝ խաչը: Այն ունի մի գաղտնիք. այս սյունը ճոճվող սյուն է, և նրա հրաշքների մասին շատ պատմություններ են հյուսվել ժամանակի ընթացքում:

Ասում են՝ երբ թշնամին հարձակվում էր Տաթևի վրա, ձիերի դոփյունից սարերը ցնցվում էին, և գավազանասյունը սկսում էր ճոճվել: Այո, այո՛, այսպես Տաթևում իմանում էին մոտալուտ հարձակման մասին և պատրաստվում դիմադրության:

Ասում են նաև, թե դարեր առաջ հայ ժողովրդի թշնամիներից մեկը՝ Լենկ-Թեմուրը, կամեցել է կործանել Տաթևի վանքը և հիմքից քանդել գավազանասյունը: Դրա համար նա հրամայել է լծել քսան զույգ գոմեշ, ամուր շղթաներով կապել սյունը և դուրս քաշել այն: Սակայն հենց որ գոմեշները սկսել են ձգել, շղթաները կտրվել են, և գոմեշները տապալվել են ձորը… Այս հրաշքը տեսնելով՝ Լենկ-Թեմուրը հրաժարվել է իր բարբարոսական մտադրությունից և հեռացել Տաթևից: Ասում են նաև, որ գավազանը հոգևորականներին օգնում էր նաև խաղաղ ժամանակներում: Երբ Տաթևում վարդապետ էին ընտրում, նրան կանգնեցնում էին գավազանասյան մոտ ու աղոթում: Եթե սյունը ճոճվում էր, ուրեմն վարդապետն արժանավոր էր, և ընտրությունը համարում էին օրինական:

Հավանեցի՞ր. տարածիր