Ցանկություն

Դավիթ Դոխոլյան

6-րդ հիմնական դպրոց

4-րդ դասարան

Դեռ փոքր տարիքից մեզ՝ երեխաներիս, հաճախ հարցնում են. «Ի՞նչ ես ցանկանում դառնալ, երբ որ մեծանաս»: Կարծում եմ, որ այս հարցին ամեն օր պատասխանում են միլիոնավոր երեխաներ աշխարհի տարբեր անկյուններից: Բժիշկ, երգչուհի, ուսուցիչ, ֆուտբոլիստ, պարուհի, ոստիկան, հրշեջ, օդաչու, տիեզերագնաց… Ընտրած մասնագիտություններն իհարկե տարբեր են ու բազմաթիվ, բայց բոլոր այդ երեխաներին, ըստ իս, մի կարևոր բան է միավորում: Դա ցանկությունն է: Աշխարհի որ ծայրում էլ գտնվի երեխան, նրա ցանկությունները միշտ կարող են համընկնել մեկ այլ երկրում ապրող իր հասակակցի ցանկությունների հետ:

Ամեն օր մենք մի նոր բան ենք ցանկանում և փորձում ենք հասնել մեր ուզածին:

Բազմաթիվ երեխաների, օրինակ, միավորում է սպորտով զբաղվելու ցանկությունը: Ես հաճախում եմ լողի, ֆուտբոլի, ձյուդոյի: Դրանք իմ սիրելի սպորտաձևերն են: Ես դեռևս չեմ մասնակցել որևէ միջազգային մրցաշարի, սակայն գիտեմ, որ դրանք միավորում են աշխարհի տարբեր երկրներում ապրող բազմաթիվ երեխաների: Իրենց սպորտաձևերում լավագույնը հանդիսացող երեխաները տարբեր երկրներից հավաքվում են ստուգելու սեփական ունակությունները: Օտար լեզուներով խոսող երեխաներին միավորում է սպորտը:

Գնդակ, տիկնիկ, խաղալիք ավտոմեքենա, լեգո, փափուկ խաղալիք, ծեփամածիկ… Սրանք խաղալիքներ են, որոնցով խաղում են բազմաթիվ երեխաներ՝ անկախ բնակության վայրից կամ ազգությունից: Երևի աշխարհում չկա այնպիսի երեխա, որը գնդակով խաղացած չլինի: Խաղալիք ավտոմեքենաները բոլոր տղա երեխաների սիրելի իր են, իսկ ահա փոքրիկ աղջկան առանց տիկնիկի դժվար է պատկերացնել: Շատ խաղալիքներ ունենալու և դրանցով խաղալու ցանկությունը ևս միավորում է մանուկներին: Բացի խաղերից, որոնցով մենք տարվում ենք բակում, գոյություն ունեն նաև համակարգչային խաղեր: Ճիշտ է, դրանք վնասում են մարդկանց, և ավելի լավ է դրանցով չտարվել, բայց առցանց խաղերը երբեմն օգնում են ծանոթանալու աշխարհի տարբեր երկրներում գտնվող երեխաների հետ, նոր ընկերներ ձեռք բերել:

Իսկ նորը իմանալու, գիտելիք ձեռք բերելու ցանկության շնորհիվ մենք՝ երեխաներս, ամեն օր բազմաթիվ հարցեր ենք տալիս մեզ շրջապատող մարդկանց: Մի փոքր մեծանալով՝ հաճախում ենք մանկապարտեզ, նախակրթարան, ապա դպրոց, սովորում ենք գրել ու կարդալ, տարբեր գրքեր ենք ընթերցում, դիտում ենք ուսուցողական հաղորդումներ, մասնակցում տարատեսակ մրցույթների, որոնք անց են կացվում ազգային կամ միջազգային տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ես, օրինակ, մասնակցել եմ «Մեղու» և «Կենգուրու» մրցույթներին: Այդպիսի մրցույթների շնորհիվ մենք կարողանում ենք ստուգել մեր գիտելիքների մակարդակը և ձգտում ենք իմանալ ավելին: Բացի դրանցից՝ կան նաև մի շարք երաժշտական մրցույթներ:

Քիչ չեն նաև պարային և նկարչական մրցույթները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ, նկարչական մրցույթ է անցկացնում 6-12 տարեկան երեխաների համար: Պետք է նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված որևէ մշակութային հուշարձան: Կարելի է նկարել ինչպես հայրենի, այնպես էլ որևէ այլ երկրի մշակութային վայր:

Կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում բոլոր երեխաներն ինձ նման, ունեցան ևս մի ցանկություն, որը շատ են ուզում, որ իրականանա: Դա առանց որևէ սահմանափակումների և չիկարելի-ների, ազատ բակ դուրս գալու և ընկերների հետ խաղալու ցանկությունն է: Աշխարհում տարածված պանդեմիան բոլոր երեխաներիս համար դժվարին փորձություն դարձավ: Մենք ստիպված սովորեցինք միմյանց հետ շփվել միայն համակարգչի կամ բջջային հեռախոսի միջոցով:

Իմ՝ որպես երեխաների ներկայացուցչի ցանկություններից մեկը, ամենաշատն եմ ուզում, որ իրականություն դառնա․ ես ուզում եմ, որ աշխարհում ապրող ոչ մի երեխա չիմանա, թե ինչ է պատերազմը:

Պատերազմի ժամանակ բազմաթիվ մանուկներ կորցնում են իրենց ընտանիքի անդամներին՝ հայրերին, եղբայրներին, պապիկներին, մնում են առանց տան, առանց հայրենիքի և ի վերջո կորցնում են անհոգ մանկություն ունենալու իրավունքը: Այդ ժամանակ նոր խաղալիք ունենալու, նոր հագուստ կամ կոշիկ գնելու, բակում ընկերների հետ խաղալու կամ կոնֆետ ու քաղցրավենիք վայելելու ցանկությանը փոխարինում է միայն մեկը՝ խաղաղ երկնքի տակ, առանց պատերազմների ապրելու ցանկությունը:

Ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաների ցանկություններն անպայման իրականություն դառնան:

Հավանեցի՞ր. տարածիր