Լեհ կոմպոզիտոր և դաշնակահար Շոպենը գրել է երաժշտություն միայն դաշնամուրի համար: Նա համաշխարհային մեծություն է:
Ֆրիդերիկն 8 տարեկան էր, երբ առաջին անգամ մեծ համերգի մասնակցեց: Փոքրիկը բավական բարդ ստեղծագործություն կատարեց: Ելույթն ընդունվեց բուռն ծափերով: Ժանեկահյուս մեծ օձիքով, թավշե հագուստով փոքրիկ տղան ամբողջ դահլիճի ուշադրության կենտրոնում էր. բոլորը հմայված էին նրա տաղանդով: Իսկ տղային թվում էր, թե մարդիկ իր հագուստով են հիացած:
Համերգից հետո մայրիկը հարցրեց.
– Քո կարծիքով ի՞նչն ամենից շատ դուր եկավ մարդկանց:
Տղան պատասխանեց.
– Իմ օձիքը, մայրի՛կ: Տեսնեիր, թե բոլորն ինչպե՜ս էին օձիքիս նայում:
Այդ համերգից հետո փոքրիկ Շոպենին սկսեցին հրաշամանուկ անվանել:
Շոպենը նրբազգաց երեխա էր: Տխուր մեղեդի լսելիս նա հանկարծ կարող էր լաց լինել: Պատահում էր՝ վեր էր թռչում տեղից, վազում դաշնամուրի մոտ ու նվագում մտքին եկած մեղեդին:
Սերը երաժշտության հանդեպ Շոպենին փոխանցել է նրա մայրիկը, որը լավ երգում էր և դաշնամուր նվագում:
Մի անգամ ծնողները գիշերվա կեսին դաշնամուրի ձայնից արթնացան. 3 տարեկան Ֆրիդերիկը ոտաբոբիկ ու գիշերազգեստով կանգնել էր դաշնամուրի առաջ ու փորձում էր նախորդ օրը լսած երաժշտությունը նվագել:
Երբ մայրիկը գրկում է տղային ու ննջարան տանում, նա ասում է.
– Մի՛ բարկացիր, մայրի՛կ, ես սովորում էի այդ մեղեդին, որ երբ դու հոգնած լինես, քեզ դաշնամուրի մոտ փոխարինեմ: