Հայաստանի գետերը

Հայաստանի տարածք տարեկան մուտք է գործում 18,5 միլիարդ մետր խորանարդ ջուր, որի մեծ մասն աստիճանաբար գոլորշանում է, և մնում է 7 միլիարդից մի փոքր ավելին։ Դրա մի մասը վերածվում է գետակների ու գետերի, կուտակվում լճերում։ Մի փոքր մասն էլ ներծծվում է ընդերք։
Մեր երկրի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին։ Դրանք
գրեթե բոլորն ունեն շատ արագ ու բուռն հոսք՝ լեռնային տեղանքի պատճառով: Քչերին է հայտնի, որ հենց այդ պատճառով են Հայաստանը կոչել Նաիրի, որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»:
Այսօր Հայաստանում կա ավելի քան 9400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:
Ներկայացնում ենք Հայաստանի ամենահայտնի գետերից տասը։

Արաքս։ Մայր Արաքսը Հայաստանով անցնող ամենախոշոր և ամենաերկար գետն է, որի մասին հիշատակություն կա նաև Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղից է, օրինակ, իշխան ձուկը, որն անկրկնելի համ ունի՝ հռչակված ողջ աշխարհով։ Ներկայիս Հայաստանի տարածքով Արաքսը ձգվում է 158 կիլոմետր, բայց նրա ընդհանուր երկարությունն է 1072 կիլոմետր։

Ախուրյան: Ախուրյանը զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի ամենաջրառատ գետերի ցանկում (186 կմ): Համեմատաբար ավելի դանդաղ հուն ունի, քանի որ տեղ-տեղ անցնում է ճահճուտներով: Գետի մի կողմում Գյումրին է, մյուս կողմում` հինավուրց Անին՝ իր խոնարհված եկեղեցիներով:

Դեբեդ: Դեբեդն ահեղ լեռնային գետ է (178 կմ)․ այն ուժգին հոսք ունի և վտանգավոր հատվածներ: Դեբեդի ափերին դեռ շատ դարեր առաջ կառուցվել են վանքեր: Իսկ գետի՝ Ալավերդի քաղաքի հատվածում գտնվում է պատմական Սանահինի կամուրջը (12-րդ դար):

Որոտան: Որոտանը հիրավի «որոտացող» գետ է (178 կմ)։ Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքս: Գետի մոտակայքում կան բազմաթիվ ձեռակերտ և անձեռակերտ հուշարձաններ: Այստեղ է գտնվում, օրինակ, չքնաղագեղ Շաքիի ջրվեժը:

Հրազդան։ Հայաստանի ամենաերկար գետերից է (141 կմ): Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում Երևանով և թափվում է Արաքս: Մայրաքաղաքի տարածքում է գտնվում Հրազդանի գեղատեսիլ կիրճը։

Աղստև: Կուր գետի վտակն է (133 կմ). սկիզբ է առնում Փամբակի լեռներից: Գետի ափերը ծածկված են փարթամ կանաչով, իսկ ջրի մեջ մեծ գետաքարեր կան։ Դրա համար էլ այստեղ հատկապես վեհության շունչ ես զգում։

Արփա: Արփան (126 կմ) հոսում է մի գեղեցիկ կիրճով, որտեղ կտրուկ ժայռեր կան, կանաչ բացատներ։ Այդ է պատճառը, որ տեղանքը դարեր շարունակ գրավել է մարդկանց իր գեղեցկությամբ և գետի ափերին կարելի է տեսնել բազում պատմաճարտարապետական հուշարձաններ։ Արփան անցնում է Ջերմուկի ջրվեժի մոտակայքով՝ մասամբ սնվելով հանքային աղբյուրների ջրերով:

Քասախ: Հորդահոս գետ է (89 կմ), որ սկիզբ է առնում Արագած լեռան լանջից՝ ավելի քան 3000 մետր բարձրությունից և ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքում՝ անցնելով քարքարոտ ու վտանգավոր ուղով: Քասախ գետի ափին են գտնվում Սաղմոսավանք և Հովհանավանք վանական համալիրները (13-րդ դար), ինչպես հինավուրց Աստվածընկալ վանքը (5-7-րդ դդ․): Քասախի վրա է գտնվում Ապարանի ջրամբարը:

Ձորագետ: Ձորագետը Դեբեդի վտակն է (57 կմ) և հետաքրքրում է մանավանդ էքստրեմալ սպորտի սիրահարներին, քանի որ այն շատ հարմար է ռաֆթինգի համար․ գետի մի հատված հոսում է խոր ձորով` շրջապատված մինչև 300 մետր բարձրությամբ կտրուկ ժայռերով: Ձորագետի ուղին նույնպես սկիզբ է առնում և ավարտվում է Հայաստանի տարածքում։

Ազատ: Ազատն էլ լեռնային գետ է (56 կմ)․ սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից և դարձյալ ամբողջությամբ հոսում է Հայաստանի ներկայիս տարածքում։ Ազատ գետի վերին մասում՝ ափից ոչ հեռու, գտնվում է ժայռակերտ Գեղարդավանքը:

Հավանեցի՞ր. տարածիր