Անտուան Մեյեն՝ հայերի մասին

Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել իր սեփական լեզուն: Հենց մի քանի հայեր համախմբվում են իրենց գաղթած քաղաքում, նրանք հիմնում են տպարան և իրենց լեզվով թերթ տպագրում: Այնքա՛ն մեծ է քաղաքակրթական լեզվի կենսունակությունը:

Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ. այն ժամանակներում, երբ ֆրանսերեն լեզուն դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն:

Այն ժամանակ, երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը դեռևս գոյություն չուներ. ո՛չ Ֆրանսիայի մասին խոսք կարող էր լինել, ո՛չ էլ Անգլիայի: Հայ ազգի գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արևմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններին:

Որքան էլ հայերի դժբախտությունները անցած լինեն սովորական չափը, նրանք ապացուցել են, որ իրենց ուժն էլ է սովորական չափն անցնում, և դրանով նրանք ապացուցել են, որ իրենք կոչված են հարատևելու, կոչված են բարձրանալու բազում դարերից ընկճված վիճակից: Հայերը շատ մեծ ազգ չեն, բայց շատ հին ազգ են․ մենք դա գիտենք պատմությունից․ հայերի իրավունքներն ունեցողը՝ ճշմարտությունից բացի, այլ բանի կարիք չունի:

Դարեր շարունակվող արտագաղթը պետք է սպառեր ցեղը: Սակայն հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց՝ տալով, այդպիսով, հզոր կենսունակության ապացույց:

Արտագաղթած հայերի գործունեության մասին կարող ենք դատել այն փաստից, որ նրանք Բյուզանդիային տվել են կայսրեր, և որ 19-րդ դարում Եգիպտոսի ամենախոշոր նախարարը՝ Նուբար Փաշան, հայ էր:

Հայերն այնպես են սիրալիր ընդունում, որ մի փոքր ամաչում եմ… Որքան էլ ասեմ, թե այստեղ որքան սրտաբաց են ընդունում ինձ, քիչ է… Չեմ համարձակվում որևէ բան խնդրել, որովհետև ուզածս անմիջապես կատարում են: Որտեղ ուզեցի ընդունվել, ընդունվեցի: Մարդիկ, որոնց նմանները Ֆրանսիայում մի քայլ անգամ չէին անի ինձ համար, այցելության ելան հյուրանոցի խղճուկ սենյակս: Եվ այս բոլորը նրա համար, որ ես հայագետ եմ։

Անտուան Մեյե
ֆրանսիացի լեզվաբան, հայագետ

Հավանեցի՞ր. տարածիր