Ապագայի դպրոցը

Դոնարա Գրիգորյան

Գավառի համար 5 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Ամպամած կիրակնօրյա առավոտ էր։ Ոչ ոք չէր կարող մտածել, թե այդ օրն ինչ կկատարվեր։ Միյան հանգիստ պառկած էր իր մահճակալին, երբ հանկարծ․․․ տեսավ, որ մեկն իրեն գրում էր։ Շատ տարօրինակ էր։ Գրողի համարը չէր երևում։ Ո՛չ էլ անունը։ Նշված էր․ «Ժամը 13։00-ին արի՛ դպրոց, եթե ուզում ես իմանալ, թե ով է քեզ գրել․ կարևոր է»։

Միյան մի պահ վախեցավ՝ մտածելով, թե ով թակարդ կարող էր պատրաստել իր համար։ Բայց փորձեց իրեն հանգստացնել և իջավ ներքև՝ նախաճաշելու։

– Բարի լույս, Միյա՛, նստի՛ր, նախաճաշի՛ր,- ասաց Օլիվիան՝ Միյաի մայրիկը։

– Բարի լույս,- ժպտալով ասաց Միյան։

Աղջիկը մորը ոչինչ չասաց․ չէր ուզում վախեցնել, նաև մտածում էր, որ գուցե դասընկերներն են ինչ-որ խաղ սարքել իր գլխին։ Նախաճաշից հետո Միյան բարձրացավ իր սենյակ՝ սպասելով նոր նամակ անծանոթից, բայց իզուր։ Ժամը 12։50 էր։ Վերջապես հետաքրքրասիրությունը հաղթեց։ Միայն արագ հագնվեց և շտապեց դպրոց՝ մայրիկին ասելով, որ ընկերուհու հետ այգի է գնում։

Դպրոցում ոչ ոք չկար։ Հանկարծ․․․ նրան մի ձեռք հետ քաշեց։ Աղջիկը տեսավ տարօրինակ հագնված մի մարդու։ Նրա մի աչքը արհեստական էր և փայլ էր արձակում։ Սապատավոր էր և գեր։ Ո՛չ հագուստից, ո՛չ էլ սանրվածքից չէր երևում նրա տղամարդ կամ կին լինելը։

-Աղջի՛կս, դու պետք է հետևես ինձ։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք։

Մինչ Միյան փորձում էր պատասխանել, զգաց, թե ինչպես անծանոթի ձեռքերը հայտնվեցին ուսերին։ Նրա գլուխն սկսեց պտտվել, սրտխառնոց առաջացավ․ զգում էր, որ շուրջն ամեն ինչ փոխվում է։ Անծանոթը նրան առաջ տարավ։ Թվաց՝ ինչ-որ փողոցում են, բայց դա սովորական փողոց չէր։ Այնպիսի զգացողություն էր, թե նրանք երկնքում են քայլում։ Շենքերը շատ մեծ էին, թվում էր՝ երկնքին են հասնում, իսկ մեքենաները․․․ թռչում էին։ Միյան ֆիզիկայից լավ էր և զարմացավ, որովհետև ավտոմեքենաների կառուցվածքը այնպիսին է, որ դրանք չեն կարող թռչել։ Հազիվ նրանք կանգ առան։ Աղջիկն իր առջև տեսավ մի փոքր տնակ, վրան՝ հայերեն այբուբենը։ Տառերը լուսավորվում էին, փոխում իրենց գույները, դառնում ձեռագիր ու տպագիր տարբեր տառատեսակներ։ Թվում էր՝ հազիվ մեկ մարդ կարող էր տեղավորվել այդ տնակի մեջ։ Նրանք ներս մտան։ Աղջկա աչքերը փայլեցին։ Այն փոքր ու նեղ չէր, այլ շատ մեծ ու բարձր։

– Սա համար 1 դպրոցն է․ քեզ համար՝ ապագայի դպրոցը,- ասաց անծանոթը։

Միյան զարմացավ, սկսեց տրորել աչքերը։ Բայց անծանոթը նրան նորից առաջ տարավ։ Միյան անընդհատ ցնցվում էր, երբ միջանցքի պատերը կարծես իր վրա էին գալիս՝ ինչ-որ կարգադրություններ անելով․ «Հիշի՛ր․ դպրոցում դու ապահովված ես ամեն ինչով», «Կարող ես հանգիստ լինել և ուղիղ քայլել», «Դիմի՛ր մեզ, եթե որևէ հարց է առաջացել քեզ մոտ», «Պահպանի՛ր դպրոցի կանոնները»․․․

Վերջապես թեքվեցին մի ուրիշ միջանցք․ այստեղ պատերը հանգիստ էին, բնության գեղեցիկ տեսարաններ էին արտացոլում։ Հնչում էր մեղմ երաժշտություն։ Երրորդ միջանցքում պատերին հայ և արտասահմանյան հայտնի ու անհայտ գրողների դեմքեր էին, ինչ-որ հատվածներ իրենց ստեղծագործություններից, որ մեղմաձայն կարդում էին հենց հեղինակները։ Հետաքրքիր էր, որ ամեն մեկին մոտենալիս լսում էիր միայն հենց տվյալ հեղինակի ձայնը։

Միյան մոտեցավ Թումանյանի պատկերին․

– Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել, ներել ու սիրել,-

Վատը` լավ եմ տեսել ես։

Միշտ այդպես մեղմ ու ազդեցիկ էր պատկերացրել Թումանյանի ձայնը։ Միյայի ուղեկիցը նրան առաջ տարավ։ Դիմացը մեծ, կլոր անցք էր՝ թափանցիկ պատնեշով։ Անծանոթը փայլուն աչքը մոտեցրեց անցքին, ու մեկ վայրկյան անց նրանք հայտնվեցին մի ընդարձակ սրահում, որ դասասենյակ էր հիշեցնում։ Այստեղ՝ բարձերի վրա, նստել կամ հենվել էր մոտ քսան աշակերտ՝ բոլորը միանման հագնված։ Նրանց աչքերից մեկն էլ արհեստական ու փայլուն էր, ինչպես անծանոթինը, բայց նրանք ո՛չ այդքան գեր էին, ո՛չ էլ սապատ ունեին։ Միայն տարօրինակ էին հագնված։

– Այս դասարանում հայոց պատմության ժամն է․ հիմա 2350 թվականն է։ Ուզում եմ, որ դու ծանոթանաս այս ավարտական դասարանին, նրանք էլ՝ քեզ։ Նրանք հիմա մեզ դեռ չեն տեսնում,- ասաց Միյայի ուղեկիցը։

Միյան վերջապես ընդունեց, որ ինքն իսկապես հայտնվել էր ապագայում, ավելի ճիշտ՝ ապագայի դպրոցում։ Նա մտածեց, որ իրենց համար ավելի հեշտ է սովորել պատմությունը, քանի որ իրենք սովորում են մինչև 2020 թվականը, իսկ ահա այս ապագայի աշակերտները պետք է դրան գումարեն նաև մնացած 330 տարվա ընթացքում կատարված իրադարձությունները։ Աղջիկը քիչ էր մնում ծիծաղեր, երբ լսեց․

– Ո՞վ գիտի, թե 2020 թվականին ի՞նչ վիրուս էր տարածվել աշխարհով մեկ,-հարցրեց մահճակալին պառկած գիրուկ մեկը։

Մի տղա բարձրացրեց ոտքը։ Կրունկից արձակվող լույսը խփեց գիրուկի աչքին։

-Նորից դո՞ւ, Հո՛րի,-ասաց գիրուկը,- լավ, ասա՛։

Միյան հասկացավ, որ այդ արարածը ուսուցիչն էր։ Բայց նա շատ ավելի սապատավոր էր ու շատ ավելի գեր, քան իր ուղեկիցը։

-Իմ հի․․․ հի․․․ հիշելով՝ մոլո․․․ մոլորավիրուսը։

-Ո՛չ, Հո՛րի, արդեն երրորդ դասն է, որ մեզ մոտ 21-րդ դարի պատմության կրկնություն է, և ձեզ ասել եմ, որ դա կոչվում էր կո-րո-նա-վի-րուս։ Հո՛րի, եթե այս տարի այս գիտելիքներով ավարտեցիր, քեզ կմնա 1 հնարավորույուն, և կուղարկվես թուլակամների դպրոց։ Լա՛վ, հաջորդ հարցը․ ի՞նչ հեղափոխություն է եղել 2018 թվականին, և ո՞վ է դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Դո՛ւ ասա, Գե՛լի։

– Ռոբոտահեղափոխությո՞ւնը,-ասաց Գելին։

– Ո՛չ, Գելի՛, դա եղել է 2282 թվականին։ Գելի՛, ուշադի՛ր եղիր։ Դո՛ւ ասա, Նո՛ւշա։

– Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությո՞ւնը։ Նիկոլ Փաշինյանն էլ դարձել է վարչապետ։

-Այո՛,- ասաց ուսուցիչը,- ա՛յ, Նուշայով պետք է հպարտանանք։ Նո՛ւշա, 3 «կյանք» ես ստանում։

Նուշան ժպտաց։ Հենց այդ պահին սենյակը լուսավորվեց կանաչ լույսով, ուսուցչի մահճակալը սենյակից դուրս սահեց։ Աշակերտները սկսեցին տարօրինակ շարժումներ անել։ Միյայի ուղեկիցը բացատրեց, որ հիմա դասամիջոց է, և աշակերտները մտել են վիրտուալ իրականություն։ Մի քանի րոպե անց սենյակը լուսավորվեց կարմիրով։ Ներս սահեց մի ուրիշ մահճակալ՝ վրան էլի մի գիրուկ ու սապատավոր մարդ։

– Ինչո՞ւ այս ուսուցիչները քայլելով չեն մտնում դասարան, այլ՝ մահճակալով,-հարցրեց Միյան։

– Սիրելի՛ Միյա, նրանք այնքան են գիրացել ու կռացել, որ չեն կարողանում քայլել։

– Բայց Դուք էլ եք գեր ու․․․ կռացած, բայց քայլում եք,- զարմացավ Միյան։

– Ո՜չ, ի՞նչ ես ասում, ես բոլորովին էլ գեր ու կռացած չեմ։ Ես մեր երկրի հատուկ պատրաստված մարտիկներից եմ։ Գիտե՞ս՝ ես արդեն երեսուն տարեկան եմ, բայց նման հիանալի կազմվածք ունեմ։ Այս երեխաները տասներկու տարեկան են, դրա համար էլ դեռ այսպիսի կազմվածք ունեն։ Այս տարի նրանք կավարտեն դպրոցը, ապա համալսարանը, կանցնեն աշխատանքի ու մոտ տասը տարուց կդառնան այնպիսին, ինչպիսին իրենց ուսուցիչներն են։

– Գիտե՞ք՝ ես էլ եմ ավարտական դասարանում սովորում, բայց ես տասնութ տարեկան եմ, ու մեզ մոտ նման խնդիր հիմնականում չկան։

– Հենց դրա համար էլ․․․

Նրանց խոսակցությունն ընդհատեց ուսուցչի ձայնը։ Աշակերտները չէին զգացել, որ նոր դասն սկսվել է։ Պարզվեց՝ այդ դասը՝ կերպարանափոխությունը, Միյայի համար շատ հետաքրքիր դաս էր։ Ուսուցիչը ինչ-որ ճառագայթներ էր ուղղում դեպի աշակերտները, և ըստ ճառագայթների երկարության ու քանակի՝ նրանք ասում էին, թե ինչի կարող էին փոխակերպվել և ապա փորձարկում էին։ Այդպես կարելի էր տեսնել խոզ, գորտ, շուն, առյուծ, սեղան, պահարան, գետ և տարբեր բաներ դարձող աշակերտների։

– Իսկ նրանք ֆիզկուլտուրայի դաս ունե՞ն,- հարցրեց Միյան։

-Ի՞նչ,- զարմացավ անծանոթ ուղեկիցը,- ա՜հ, սպորտի հետ կապված առարկան, որ սովորել են մինչև 22-րդ դարը։ Ո՜չ, սիրելի՛ս, 22-րդ դարում մարդիկ արդեն ստեղծել էին ամեն ինչ, որ փոխարինում էր իրենց գործողություններին, իսկ մկանները մարզելու համար հատուկ սարքեր կային։ Միայն թե նրանք այնքան ծուլացան, որ այդ սարքերից էլ սկսեցին հազվադեպ օգտվել, հետո աղետ եղավ․ երբ մարդկանց մեծ մասը վիրտուալ իրականություն էր տեղափոխվել, կորավ պահպանված գիտելիքների մեծ մասը։ Դրա համար հիմա հստակ կանոն կա․ կոնկրետ տարիքի մարդիկ վիրտուալ իրականություն մտնելու իրենց հստակ ժամերն ունեն, որպեսզի ընդհանուր հսկողությունը մեր իրականության հանդեպ միշտ լինի։ 22-րդ դարում մեր հիմար նախնիները անգամ մտածել էին լիովին տեղափոխվել վիրտուալ կյանք, իսկ իրենց մարմինների հսկումը թողնել ռոբոտներին, բայց այդ աղետից հետո հասկացան, որ իրենց գոյությունը գոնե հավասարապես պիտի լինի երկու իրականություններում։ Եվ մարդիկ ստիպված եղան կրկին դպրոցներ ու համալսարաններ կառուցել, կրթական համակարգ ունենալ, իսկ աշակերտներին հրապուրում են այստեղ գալ ու գիտելիք ստանալ՝ միայն վիրտուալ աշխարհում զանազան առավելություններ, հագուստներ, զենքեր, տներ, և, իհարկե, «կյանքեր» ստանալու գնով։

-Օ՜հ, ես արդեն չգիտեմ՝ սիրեմ այս շա՜տ հետաքրքիր ապագան, թե՞ վախենամ տարօրինակություններից,- սրտնեղեց Միյան։

– Դու այստեղ ես եկել հատուկ առաջադրանքի համար։ Մի՛ զարմացիր, այո՛, հենց դու՝ վազքի, թեթև ատլետիկայի ու թենիսի պատանի չեմպիոնդ։ Այո՛, մենք քո մասին ամեն ինչ գիտենք։ Հիսուն տարի առաջ մեզ հաջողվեց պեղել և գտնել անցյալի մասին բավականաչափ տեղեկություն, բայց մեզ կենդանի օրինակներ էին պետք, որպեսզի ցույց տայինք մեր ապագա սերունդներին մեր նախնիների առավելությունները։ Դու նկատեցիր, որ այստեղ մարդիկ գեր են ու սապատավոր․ դրա պատճառը նրանց ֆիզիկական անգործությունն է։ Մենք ձեռքի, ոտքի մի քանի հպումով, աչքի մի քանի շարժումով կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանում ենք, բայց այդ ամենը վնասում է մեր կազմվածքին, մարդկանց մարմինը հիմա ապրում է առավելագույնը հիսուն տարի, դրանից հետո դնում են հատուկ սարքերի մեջ և ուղեղը միացնում վիրտուալին։ Մի հիսուն տարի էլ հնարավոր է լինում ապրել միայն վիրտուալում, մինչև մարմինն ամբողջովին քայքայվում է։ Մենք ստեղծել ենք ժամանակի մեքենա, որով գնում ենք անցյալ ու մեր իրականություն բերում անցյալի երևելի ներկայացուցիչների, որոնք լավ օրինակ են ծառայում մեր սերունդների համար։ Մի՛յա, ահա մեր ավարտական դասարանի աշակերտները։ Զգում եմ, որ դու հիացած ես նրանց հնարավորություններով, բայց դու այստեղ ես նրանց ցույց տալու քո՝ վեց տարով մեծ մարդու կազմվածքը ու սովորեցնելու նրանց այն, ինչը մոռացվել է։ Մեզ մնացել է երեք ժամ։

Միյան շփոթված էր։ Ահա որքան զարմանալի, այդքան էլ տարօրինակ էր  ապագայի դպրոցը, որն ունի․․․ իր կարիքը։ Նա դեռ չէր հասկանում, թե հատկապես ինչ պիտի աներ, բայց ուզում էր օգնել նրանց։ Շատ էր ուզում։ Նրանց, որ սովորում էին այնպիսի դպրոցում, որտեղ կերազեին հայտնվել թե՛ ինքը, թե՛ իր տարեկիցները։ Այո՛, թո՛ղ նրանց ապագան ավելի գունավոր, հագեցած լինի։ Թո՛ղ նրանք կարողանան ունենալ նաև ֆիզիկապես ամուր կազմվածք ու ձիգ մկաններ։

Նա կօգնի ապագայի աշակերտներին, իսկ երբ վերադառնա ներկա, փորձելու է իր ժամանակակիցներին հասկացնել, որ կարևոր է գիտելիքի, նորագույն տեխնոլոգիաների ու ֆիզիկական հմտությունների միասնական զարգացումը։ Ինչպես ասում էին հին հույները․ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի»․․․ և առողջ գիտելիքներ։

Հավանեցի՞ր. տարածիր