Կնյազ Սալոյան
Ջրարբիի միջնակարգ դպրոց
6-րդ դասարան
Հիշում եմ՝ ինչ խանդավառությամբ առաջին անգամ մտա իմ դպրոց: Ի՜նչ պայծառ, գունավոր ու լուսավոր էր իմ պատկերացրած դպրոցը: Նախակրթարանի գույներով շլացած՝ սպասում էի, որ դպրոցս է՛լ ավելի պայծառ ու գունագեղ է լինելու: Սակայն շենք մտնելուն պես ամեն երազանք անհետացավ: Դպրոցի գորշ ու մռայլ պատերը, խոնավությունը, հողե հատակը և պոլիէթիլենային ապակիները առաջին օրվանից ճնշեցին ինձ: Հետո միայն մայրիկս ինձ բացատրեց, որ եղել են այնպիսի ժամանակներ, երբ դպրոցներ չենք ունեցել, մեր դպրոցն էլ նախկինում շատ ավելի վատ պայմաններ է ունեցել, երեխաները չեն կարողացել սովորել գրել, կարդալ։ Մայրկս շեշտեց, որ այժմ եղածով պետք է բավարարվել և շնորհակալ լինել, օրինակ, որ շատ աշակերտների պես ես էլ կիլոմետրեր չեմ կտրում դպրոց հասնելու համար: Եվ մենք հույսով սպասում ենք, թե երբ պետք է մի լուսավոր օր մեր կրթօջախն էլ դառնա իսկական դպրոց:
Թեև այս տարիների ընթացքում ուսանելով նման պայմաններում՝ հասկացել եմ, որ եթե դու ուզում ես սովորել, ոչ ոք և ոչինչ չի կարող քեզ խանգարել:
Այն դպրոցը, որը պետք է լինի մեր գյուղում, ուզում եմ՝ տարբերվի բոլոր դպրոցներից. ինչպես հիմա տարբերվում է մյուս դպրոցներից իր չափազանց վատ պայմաններով, այնպես էլ հետո պետք է տարբերվի առաջին հերթին իր հետաքրքիր, երեխայի բոլոր լավ ու վատ հատկանիշները հասկացող, ըմբռնող, երեխային ցանկացած իրավիճակում ուղղորդող, աշակերտին չանտեսող ուսուցիչներով. նրանց նայելով ոգևորվում և ուզում ես սովորել բոլոր ուժերով:
Ապագայի իմ դպրոցում ոչ ոք չի բղավի, զայրանա, բոլորը կհասկանան իրար: Չեն լինի անպատասխանատու աշակերտներ և աշակերտների կարծիքը անտեսող ուսուցիչներ: Բոլորը կգիտակցեն՝ որտեղ են և ինչ նպատակով: Ուսուցիչների ձեռքերը չեն կավճոտվի, որովհետև կլինեն ժամանակակից էլեկտրոնային գրատախտակներ, նրանք դասը ավելի հասկանալի կբացատրեն, որովհետև կունենան համապատասխան քարտեզներ, փորձերի համար նախատեսված զանազան առարկաներ ու նյութեր:
Ապագայի իմ դպրոցում յուրաքանչյուր դասարան նվիրված է լինելու որևէ առարկայի, և այնտեղ գտնելու ես քեզ հուզող շատ հարցերի պատասխաններ: Այդ դասասենյակում չես կարողանա չսովորել, որովհետև դասասենյակի պատերը, ներկայացված տարբեր օրինակներն ու ցուցապաստառները քեզ արդեն կտեղափոխեն տվյալ առարկայի միջավայր:
Ահա ապագայի մեր դպրողում եմ։ Նրա գրադարանը լավագույնն է մեր մարզում, որովհետև այնտեղ կան հազարավոր գրքեր: Ամեն շաբաթ կա հատուկ գրադարանային ժամ, երբ մենք կարդում և քննարկում ենք մեր տարբեր գրքեր: Մենք սովորում ենք տարբեր հետաքրքիր առարկաներ. շատ եմ սիրում հատկապես մեր նոր առարկան՝ ֆուտբոլը: Այդ առարկայի շրջանակներում մենք հանդիպումներ ենք ունենում որևէ ֆուտբոլիստի հետ, հարցեր ուղղում նրան և անց կացնում հետաքրիր դաս: Դե իսկ ապագայի իմ դպրոցի ամենագեղեցիկ, տպավորիչ և անմոռաց վայրը կրթօճախի անտառ-այգին է՝ լի բազմաթիվ բույսերով, մրգերով, հատապտուղներով, թռչուններով ու կենդանիներով, որոնք ազատ քայլում և անտառ-այգին լցնում իրենց թովիչ ձայներով: Նրանք ազատ շրջում են. ոչ ոքի մտքով չի էլ անցնի, որ կարող է վնասել նապաստակին, ոզնուն, շնիկին կամ փոքրիկ ուլիկին: Աշակերտներն իրենց ձեռքերով են տնկել ամեն ինչ, կերակրել, բույներ պատրաստել թռչունների համար, և նրանցից ոչ ոք երբեք չի փչացնի այն. դա սովորում ենք մանկուց, դա արդեն սովորական բան է դարձել մեզ համար:
Բնագիտության, կենսաբանության ժամերը անցնում են այդ անտառ-այգում. այնքա՜ն տպավորիչ է ամեն ինչ, այնքա՜ն հասկանալի, այնքա՜ն տեսանելի, որ մեզանից շատերը հաստատ ապագա կենսաբաններ են լինելու: Այլևս կարիք չկա փչացնելու բնությունը, կտրելու, պոկելու ինչ-որ ծաղիկներ, բույսեր, որպեսզի դասը հասկանալի լինի. այդ ամենն արդեն մեր շրջապատում է: Ի դեպ, միգուցե հարցնեք՝ իսկ ձմռանն ինչպե՞ս են կազմակերպվում ապագայի դպրոցի դասերը: Մենք ձմռան փոխարեն սովորում ենք ամռան ամիսներին, իսկ ձմռան վառելիքի գումարը խնայելով՝ ստեղծում ենք սովորելու համար այնպիսի բարենպաստ միջավայր, որտեղ աշակերտները հաճույքով սովորում և սովորեցնում են իրենցից փոքրերին: Մենք սովորում ենք ոչ միայն այն, ինչ մյուս դպրոցներում, այլ նաև այն, ինչ մեզ կօգնի դառնալ լավ գյուղատնտեսները, հողագործները, բնագետները, ուսուցիչները, պատմաբանները, բուսաբանները և, ամենակարևորը, իրենց շրջապատը ավելի լավը դարձնող, փոխող մարդիկ: Իմ ապագայի դպրոցը իսկապես իմ երկրորդ տունն է. դա վկայում է նաև արագիլի մեծ բույնը՝ մեր դպրոցի տանիքին: