Ավստրիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Մայրաքաղաքը Վիեննան է։ Այս փոքրիկ երկրում ապրում է 8 միլիոնից ավելի մարդ։ Բնակչության մեծամասնությունը խոսում է գերմաներեն, որը մի փոքր տարբեր է Գերմանիայում խոսվող գերմաներենից։
Ավստրիան խաղաղասեր երկիր է։
Ավստրիան լեռնային երկիր է. արևելքից արևմուտք նրա տարածքով անցնում են Ալպյան լեռները։ Ալպերի ձյունապատ գագաթներից սկիզբ են առնում հարյուրավոր գետեր ու ջրվեժներ։ Տարվա բոլոր եղանակներին էլ շատ գեղեցիկ են ավստրիական լեռներն ու մարգագետինները։
Ավստրիան զբոսաշրջության երկիր է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են գալիս այս երկիր` տեսնելու շքեղ պալատներն ու դղյակները, հիասքանչ հրապարակները, գողտրիկ փողոցները։ Ձմռանը նույնպես շատ զբոսաշրջիկներ կան: Ալպյան լեռները դահուկորդների ամենասիրելի վայրերից են։
Ավստրիայի գնացքներն ու ճեպընթացները երբեք չեն ուշանում, չեն շեղվում իրենց երթացուցակից, և այս մասին աշխարհը գիտի: Ավստրացիները նաև սիրում են հեծանիվ քշել. հազարավոր մարդիկ քաղաքներում ու գյուղերում հեծանիվով են տեղից տեղ գնում: Հեծանվորդների համար նույնիսկ հատուկ առանձնացված ճանապարհներ կան:
Ավստրիացիները մտածում են իրենց երկրի օդի մաքրության, բնության պահպանության մասին։ Այս երկիրն իսպակես մաքուր է և խնամված։
Ավստրիայում են ապրել ու ստեղծագործել մեծ կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Հայդնը, Շուբերտը։ Վիեննան համարվում է վալսերի մայրաքաղաք. Շտրաուսի վիեննական վալսերը հայտնի են ամբողջ աշխարհին:
Վիեննայում հաճախ կազմակերպվում են նվագախմբային փառատոներ բաց երկնքի տակ՝ մեծ հրապարակներում: Դրանց ընթացքում մարդիկ մինչև ուշ գիշեր դասական երաժշտություն են վայելում: Վիեննայում կա հայկական հարուստ մատենադարան, որտեղ պահվում են հազարավոր միջնադարյան հայկական ձեռագրեր։