Բարության և կախարդանքի իմ մոլորակը

Նարե Մանուկյան

Խաչատուր Աբովյանի անվան 84 հիմնական դպրոց

4-րդ դասարան

Իմ աշխարհում շատ զարմանալի բաներ կան։ Այն կոչվում է Բարության և կախարդանքի մոլորակ։ Այստեղ տիրում է բարությունը։ Ոստիկանները հսկում են, որ ոչ մի չար մարդ ոտք չդնի իմ մոլորակ։ Նրան էլ են շատ բարի և ազատ ժամանակ խաղում են երեխաների հետ, իսկ ազատ ժամանակ նրանք շատ ունեն, որովհետև, ինչպես ասացի, իմ մոլորակում չկան հանցագործներ։ Գիտե՞ք, այստեղ նույնիսկ դրամ չկա, դրա փոխարեն վճարում են բարությամբ։ Օրինակ՝ եթե դուք գնացել եք խանութ և գնել, ասենք, մեկ կիլոգրամ գազար, պետք է վճարեք որևէ բարի գործով։ Իմ մոլորակը շատ հեռու է Երկրից։ Այն ունի իր սեփական արևն ու լուսինը։ Մենք զարթուցիչ չունենք, քանի որ արևը ամեն առավոտ առաջին հերթին մեզ վերևից ժպտում է, բարի լույս է ասում, իսկ հետո ջերմացնում մեզ։ Այսպես է սկսվում մեր օրը: Լուսինն էլ, իր հերթին, երբ գիշեր է իջնում, բոլորիս բարի քուն է մաղթում և օրորոցային երգում։ Շաբաթն իմ մոլորակում ունի տասը օր` հինգ աշխատանքային և հինգ հանգստյան։ Այդ օրերն են՝ միաշաբթի, երկուշաբթի, երեքշաբթին, չորեքշաբթին, հինգշաբթին, մայրիկշաբթի, հայրիկշաբթի, ընտանիշաբթի, ընկերաշաբթի և ազատաշաբթի։ Առաջին հինգ օրերը մենք աշխատում ու սովորում ենք, մայրիկշաբթիին օգնում ենք մայրիկներին, հայրիկշաբթիին՝ հայրիկներին, ընտանիշաբթին անց ենք կացնում ենք մեր ընտանիքների ու բոլոր հարազատների հետ, ընկերաշաբթին՝ ընկերների հետ, իսկ ազատաշաբթիին ամեն մեկը անում է այն, ինչ իքն է ցանկանում է։

Ամենակարևորը պատմեմ։ Իմ մոլորակում կան բլբլան այգիներ։ Այս այգիներ գալիս են նրանք, ովքեր իմ նման շա՜ա՜ա՜տ են սիրում խոսել։ Գիտե՞ք՝ ինչու եմ հորինել այս այգիները. որովհետև ես այնքան շատ եմ խոսում, որ մայրիկս էլ չի դիմանում ու խնդրում է ինձ մի քիչ լռել, բայց ես էլ ախր չեմ կարող չխոսել։ Ի վերջո, մայրիկս գլխացավի դեղ է խմում, իսկ ես շարունակում եմ խոսե՜լ ու խոսել։ Ինձ թվում է, որ իմ նման շատ մարդիկ կան։ Ահա այս այգիներում մենք կարող ենք որքան ասես բլբլալ։ Այստեղ նույնիսկ ծառերն ու ծաղիկներն են խոսում ու երգում։

Իմ մոլորակում կա մի մեծ հիվանդանոց։ Այն կոչվում է «Առանց արցունքի»։ Ես ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն։ Այս հիվանդանոցի բժիշկները շատ բարի են ու հոգատար։ Այստեղ երեխաների համար կան շատ խաղալիքներ: Նրանք խաղում են, իսկ բժիշկները բուժում են նրանց՝ առանց ցավեցնելու։ Ընդհանրապես իմ մոլորակում ոչ ոք լաց չի լինում։

Մի հրաշք էլ կա իմ մոլորակում։ Ենթադրենք՝ դուք տանը նստած եք և հանկարծ մտածում եք, թե ինչ լավ կլիներ ծովի ափին հայտնվել։ Իմ մոլորակում բավակամ է՝ ծափ տաք և մտածեք, թե որտեղ կուզեիք լինել այդ պահին, և նույն պահին էլ հայտնվում եք տվյալ վայրում։ Ասեմ, որ այսպես շատ հարմար է, քանի որ իմ մոլորակի բնակիչներին էլ պետք չեն ավտոմեքենաներ, գնացքներ, ինքնաթիռներ։ Դրանք բոլորն էլ աղտոտում են օդը, իսկ իմ մոլորակում օդը մաքրամաքուր է։ Իմ մոլորակը ամենականաչ մոլորակն է։ Այստեղ յուրաքանչյուրը պարտավոր է տնկել և խնամել առնվազը տասը ծառ։ Ամեն տուն պետք է ունենա իր այգին ու ծաղկանոցը։ Եթե որևէ մեկը փորձի աղտոտել այստեղի գետերը, լճերը կամ ծովերը, անմիջապես կվտարվի իմ մոլորակից։ Այստեղ որսորդներ չկան։ Կենդանիների որսը արգելված է։ Յուրաքանչյուրս հոգ ենք տանում մեր մոլորակի համար, քանի որ այն բոլորիս տունն է։ Մոլորակը պահպանում են բարի հրեշտակները։ Նրանք հետևում են, որ մարդկանց մտքերում հանկարծ չարություն չհայտնվի։ Ամեն տարի ընտրում են ամենաբարի մարդուն և նրան թևեր պարգևում։ Այսպիսով՝ այդ մարդը մի ամբողջ տարի կարող է երկնքում թռչունների նման սավառնել։ Իմ մոլորակի դպրոցներն էլ են յուրօրինակ։ Դասերն այստեղ այդքան շուտ չեն սկսվում, և երեխաները ստիպված չեն վաղ արթնանալ։ Ուսուցիչները ամեն ինչ բացատրում են խաղերի, մուլտֆիլմերի և, քանի որ այս մոլորակում ճանապարհորդելը շատ հեշտ է, ճանապարհորդությունների միջոցով։ Այսպես դասերը շատ հետաքրքիր են անցնում, և բոլորը սովորում են մեծ հաճույքով։ Դպրոցներում կան գեղեցիկ դահլիճներ, լողավազաններ, մարզասրահներ, խաղասենյակներ, որտեղ դասամիջոցներին երեխաները կարող են խաղալ ու հանգստանալ։         

Իմ մոլորակում բոլորը ուրախ են։ Այստեղ չկա բանակ, չկա զենք։ Այստեղ չկան պատերազմներ։ Մարդիկ այստեղ երբեք չեն վիճում և չեն կռվում։

Ես շատ կուզեի, որ մենք բոլորս ապրեինք հենց այսպիսի մոլորակում։

Հավանեցի՞ր. տարածիր