Գիրքը, որը փոխեց աշխարհին ուղղված իմ հայացքը

Հայկ Գրիգորյան

Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց

7-րդ դասարան

 Գիրքն իմաստություն է ու լույս։ Լույս, որ քեզ կարողանում է տանել մի ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ նոր է ու հետաքրքիր։ Երբ հայտնվում ես այդ աշխարհում, փորձում ես այդ լույսի մեջ տեսնել ու զգալ քեզ հետաքրքրող ամեն ինչ։ Հենց սկզբում քո երևակայության մեջ ստեղծում ես այդ աներևույթ նոր աշխարհի պատկերները, իսկ հետո պատկերացնում, տեսնում ու զգում ես կերպարներին։ Եվ այնպես ես տարվում այդ ամենով, որ սկսում ես քեզ տեսնել ու գտնել որևէ կերպարի մեջ։

 Այս նույն զգացողությունները ես միշտ ունենում եմ, երբ սկսում եմ որևէ գրքի ընթերցանություն։ Իսկ երբ ավարտում եմ այն, զգում եմ, որ ինչ-որ մի նոր բան է ապրում իմ մեջ, ինչ-որ հարցերի շուրջ այլ կերպ եմ մտածում և վերջապես հասկանում եմ, որ փոխվել է աշխարհին ուղղված իմ հայացքը։

 Այս ամենը ես խորապես զգացի, երբ տասներկու տարեկանում կարդացի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» փիլիսոփայական հեքիաթ-վիպակը։ Հենց հեղինակի ձեռքով արված յուրահատուկ նկարազարդումներով այս գիրքը սկզբից իսկ գրավեց ինձ։ Ես մեծ հետաքրքրությամբ սկսեցի ընթերցել այն։ Կարիք չկար շարժել երևակայությունս, որպեսզի պատկերացնեի Փոքրիկ իշխանի արտաքինը, քանի որ հեղինակը ոսկեհեր, փոքրամարմին այդ տղային նկարել էր գրքի տարբեր էջերում, զանազան իրավիճակներում։ Մնում էր տեսնել ու զգալ նրա ներքինը, հասկանալ բանալի-բառերի, սիմվոլ-կերպարների իմաստները, բացահայտել խորիմաստ նախադասությունների բովանդակությունը։

 Իմ հերոսին ես գտա հենց սկզբում։ Անապատում հայտնված մարդուկը, երբ օդաչուին խնդրում է գառնուկ նկարել ու երբ նրան սկսում է անդադար հարցեր տալ, պատմել իր գլխով անցածի մասին, կարծես ես ինքս լինեմ, քանի որ նկարել չեմ սիրում, ու միշտ հայրիկս է իմ փոխարեն նկարում, ես շատ հարցասեր եմ, և երբեք իմ հարցերն անպատասխան չեն մնում…

 Փոքրիկ իշխանն ապրում է իր մոլորակում, որը մի տան չափ է։ Ամեն առավոտ նա խնամքով կարգի է բերում իր տուն-մոլորակը։ Նա շատ աշխատասեր էր։ Փոքրիկ իշխանը մաքրում է այն բաոբաբներից՝ վախենալով, որ նրանք կարող են այնքան մեծանալ, որ պայթեցնեն իր փոքրիկ մոլորակը։ Տղան կարգի է բերում տան երեք հրաբուխները, որպեսզի նրանք ավելի շատ ջերմացնեն իրեն։ Նա սիրում էր իր մոլորակի միակ ծաղկին, որի անունն անգամ չգիտեր։ Ջրում, խնամում ու զրուցում էր նրա հետ՝ հույս ունենալով, որ մի օր կարժանանա ծաղկի ուշադրությանն ու սիրուն։ Ապակե գնդի տակ էր ամեն երեկո պատսպարում, որպեսզի քամին ու թրթուրները նրան չվնասեն։ Բայց ծաղիկը քմահաճ էր, իսկ Փոքրիկ իշխանն էլ՝ անփորձ, ու չէր նկատում «ծաղկի քնքշությունը՝ մանր խորամանկությունների հետևում»։

 Փոքրիկ իշխանը սիրում էր իր մոլորակը, սակայն այստեղ նա իրեն շատ միայնակ էր զգում։ Եվ մի օր էլ, հրաժեշտ տալով իր ծաղկին և օգտվելով վայրի թռչունների չուից, որոշում է լքել իր մոլորակը՝ հուսալով, որ կգտնի սեր, ընկերություն, իմաստություն, փորձառություն…

 Նա շատ դժվար ու երկար ճանապարհ է անցնում։ Լինում է թագավորի, փառամոլի, հարբեցողի, ձեռներեցի, լապտերավառի աշխարհագրագետի մոլորակներում։ Չգտնելով ոչ մի հետաքրքիր բան՝ նա հեռանում է այդ մոլորակներից՝ մտածելով, որ «մեծահասակներն իսկապես խիստ տարօրինակ մարդիկ են»։

 Անցնելով այս վեց մոլորակներով՝ նա հայտնվում է Երկիր մոլորակում, որտեղ հանդիպում է օձին, ծաղիկներին, աղվեսին, սլաքավարին, վաճառականին։ Ծանոթանալով նրանց հետ՝ Փոքրիկ իշխանը հասկանում է, որ «մարդը միայն սրտով է տեսնում. գլխավորն աչքին տեսանելի չէ» և որոշում է վերադառնալ իր տուն-մոլորակ, իր միակ ծաղկի մոտ։

 Սա է «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի բովանդակությունը։ Սակայն այս պարզ բովանդակությունն իր մեջ պարունակում է մեծ փիլիսոփայություն ու մաքրամաքուր պարզություն։ Այս ուրախ ու տխուր, պարզ ու բարդ հանճարեղ պատմության օգնությամբ ես հայտնվեցի մի ուրիշ գունեղ աշխարհում, որտեղ պայծառ լույսի մեջ տեսա ու հասկացա կյանքի ու գոյության ողջ ճշմարտությունը։

 Հասկացա, որ երջանիկ լինելու համար պետք չէ լքել սեփական մոլորակը, որ մարդը կարող է իրեն միայնակ զգալ նույնիսկ մարդկանց մեջ, որ ամենադժվարն այս կյանքում ինքդ քեզ արդար դատելն է․ պետք չէ մտածել միայն ես-իդ մասին, պետք է մեծահոգի լինել մեծահասակների հանդեպ․ ինչ փնտրում ես, կարող ես գտնել մի հատիկ վարդի կամ էլ մի կում ջրը մեջ։ Գրքից ես սովորեցի, որ պետք է դատել ոչ թե բառերով, այլ գործով, որ պետք է այնպես նայել երկնքին, որպեսզի կարողանաս տեսնել ծիծաղող աստղին, և որ հավերժ պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես,

 Ճշմարտություններ, որոնք իմաստն են կյանքի և գաղտնիքը երջանկության։ Ճշմարտություններ, որոնք այսուհետ կապրեն իմ հոգում և կլինեն այնքան տաք ու ուժեղ, որ օգնեն արմատախիլ անեն փառասիրությունը, եսասիրությունը, գոռոզզությունը, անարդարությունը, չարությունը, ծուլությունը, նախանձը, քանի դեռ նրանք չեն մեծացել բաոբաբների չափ ու չեն կործանել ինձ ու իմ մոլորակը՝ իմ աշխարհը, որին սկսեցի նայել այլ հայացքով…

Հավանեցի՞ր. տարածիր