Դանիա

Գիտե՞ս` ես ամենից շատ սիրում եմ ճամփորդել: Դո՞ւ էլ:

Ուրեմն` հավաքում ենք մեր երևակայական ճամպրուկները կամ պայուսակները, վերցնում լուսանկարչական սարքը, կողմնացույցն ու հեռադիտակը և ուղևորվում:

Գիտե՞ս, որ Դանիան մեր սիրելի Անդերսենի հայրենիքն է:

Պատկերացրու, թե մեր առագաստանավը դանդաղ մոտենում է Հյուսիսային ծովի ափին. հեռադիտակի օգնությամբ տեսնում ենք, որ մեր առջև տարածվում է մի հեքիաթային, գունավոր քաղաք, իսկ ծովափին՝ հենց ալիքների մեջ, մեզ է դիմավորում թախծոտ Ջրահարսը…

Հիշեցի՞ր Արքայազնի ու Ջրահարսի մի քիչ տխուր, բայց լուսավոր պատմությունը: Ահա նա. լուռ նստած է ծովափին ու մեզ հիշեցնում է սիրո մասին իր գեղեցիկ պատմությունը…

Դանիան փոքրիկ երկիր է, այնտեղ ապրում է 5 միլիոն մարդ:

Դանիայում բնակարանները շատ նման են հեքիաթային տնակների` միհարկանի, կարմիր կտուրներով, ծաղկազարդ լուսամուտներով ու պատշգամբներով: Դանիացիներն առանձնապես չեն սիրում բարձրահարկ նորաձև շենք-շինություններ:

Կոպենհագենը Դանիայի սիրտն է, այսինքն՝ մայրաքաղաքը: Քաղաքի միջով հոսող գետի ափին գունեղ փոքրիկ առագաստանավեր են շարված:

Կոպենհագենը լի է շրջիկ նկարիչներով. Նրանք նկարում են իրենց քաղաքը, զբոսաշրջիկներին, սրճարանները, նավակները, ծովը …

Եթե քաղաքի սրճարանների մոտ՝ հրապարակի մայթեզրերին նստոտած մարդկանց տեսնես, չզարմանաս. դանիացիները սիրում են գետնին նստել, պատկերացնո՞ւմ ես` նրանք այնքան մաքուր են պահում իրենց քաղաքը, որ ամեն պահի կարող են նստել գետնին, իրենց ուզած տեղում:

Դանիացիները սիրում են հեծանիվ քշել. դա քաղաքում տեղաշարժվելու հիմնական փոխադրամիջոցն է. և՛ հարմար է, և՛ առողջարար:

Հավանեցի՞ր. տարածիր